ՄԵԿՆԱՐԿԸ
Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման պաշտոնական գործընթացը: Կարելի է կարծել, թե փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց հետո վերջապես կամփոփվեն քաղաքական դաշտում տևականորեն խմորվող բոլոր պրոցեսները: Սակայն մի քանի օրից ձևավորվելիք ամփոփ պատկերը, թերևս, քիչ բան կավելացնի արդեն իսկ հստակ թվացող նախընտրա կան խճանկարին: Մի պահ կարող է թվալ, թե ամեն ինչ ավելի քան տեսանելի է… Հայտնի են հիմնական հավակնորդները, ովքեր նախորդող շաբաթներին ու ամիսներին իրենց սատարել պատրաստվող քաղաքական ուժերի կամ սեփական նախաձեռնությամբ հասցրել են հասունացնել և հանրությանը հրամցնել իրենց առաջադրման անհրաժեշտության, հրատապության ու կարևորության «գիտակցությունը»: Հայտնի է նաև նույն եղանակով ներկայանալ պատրաստվող այն գործիչների ցանկը, որոնց մի մասը ընդհուպ մինչև խոստովանում է, թե քաղաքական պայքարի մեջ է ներգրավվում քաղաքական պայքարի մեջ ներգրավված լինելու համար… Այս պնդումներին իհարկե դժվար է հավատալ, քանի որ «պայմանական պայքարի» կամ, ինչպես ավելի անկեղծ և ուղղակի է ասվում, նախընտրական առևտրի մասին գիտենք բոլորս և այն էլ շատ վաղուց: Հետևաբար, բնավ էլ չկարևորելով երկրորդական դերակատարների անհեթեթ նկրտումները` փորձենք կռահել, թե վերջնարդյունքում հավակնորդների ինչ թիվ կարձանագրվի ԿԸՀ-ում: Տասը ոչ միայն երկնիշ, այլ նաև կլորիկ թիվ է… Եվ հավանական է, որ պարզվի, թե Հայաստանում ճիշտ այդքան մարդ է առաջիկայում հավակնելու երկրի բարձրագույն պաշտոնին: Ընդամենը հավակնելու ժեստ և ուրիշ ոչինչ, քանի որ ավելի քան երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար Նախագահի տասը թեկնածուներով քարոզարշավի մեկնարկը դեռ մի բան էլ համեստ ցուցանիշ է: Ընդ որում, հարկ է նաև նկատի ունենալ, որ այդ թիվը մինչև փետրվար կարող է նույնիսկ նվազել, բայց երբեք չի աճելու: Այնպես որ, առաջադրվել ցանկացողներն իրենց «գլխի ճարը» կարող են տեսնել հենց այսօրվանից: Մանավանդ` շատ երկար մտածելու կարիք էլ չկա: Թե° քաղաքական առևտրի շրջանակներում և թե° իրատեսության հաղթանակի դեպքում (միգուցե որոշ դեպքերում էլ` նշված երկու շարժառիթների «աջակցությամբ») դեռ հնարավոր է լինելու փրկել սեփական հեղինակությունը` անորոշության մատնելով անձնական վարկանիշին թերահավատո րեն վերաբերվող շրջապատին ու շարունակելով ապրել ավելի հանգիստ ու անվրդով կյանքով: Առաջադրվել պատրաստվողների անվրդով գործունեությանն են թերևս միտված Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Խորհրդարանն այս առիթով ստիպված էր արտահերթ նիստ հրավիրելու միջոցով հաստատել դրանք: Բայց սա այն դեպքն է, երբ կատարելության երբեք էլ չի հաջողվելու հասնել և դժգոհողներ միշտ են լինելու: Տվյալ դեպքում արդեն ընտրություններից հետո պարզ կլինի, թե նոր փոփոխությունները որքանով են նվազեցրել բողոքող թեկնածուների թիվը: Սա` առաջիկայի համար: Իսկ մինչ այդ, ինչպես նշեցինք, եկել է առնվազն մասնակցության հարցում դիրքորոշումները հստակեցնելու և այսպես ասենք` «վերջին խոսքն» հնչեցնելու ժամանակը: Ինչ խոսք, ցանկացած պարագայում հայրենի քաղգործիչներին դժվար է պատկերացնել ամփոփիչ խոսք ասելիս: Նրանցից յուրաքանչյուրի ելույթը (փոքրիկ ընդմիջումներով) ինչ-որ պահի սկսվել և այլևս երբեք չի ավարտվելու: Ավելին, նրանք պատրաստվում են հեռուստագրոհի, և նրանց ասելիքի ծավալը անկասկած բոլորիս պատկերացումներն է գերազանցելու: Ամեն ինչ նոր է միայն սկսվում: Հ. Գ. Հայրենի քաղգործիչներն իրենց ճարտասանական հմտություններով միշտ էլ գերազանցել են իրար: Մնում է հուսալ, որ այս անգամ գոնե դրանք առավելապես կտեղավորվեն ծրագրային դրույթների շրջանակներում: