Լավ բանից մի° վատացեք, պարոնա°յք...


Անցյալ շաբաթ Ազգային ժողովը քննարկեց 2008 թ. պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի հիմնական պարամետրերը պատգամավորներին ներկայացրեց Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, սակայն դրան նախորդեց Վարչապետ Սերժ Սարգսյանի ծրագրային-քաղաքական ելույթը, որի մեջ Կառավարության ղեկավարը խորհրդարանի և դրանով իսկ հանրության դատին հանձնեց իր կաբինետի գործունեության գերակայությունները: Ինձ հատկապես դուր եկան Վարչապետի մի քանի հարցադրումները: Նախ այն, որ նա մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը համարում էր ժողովրդի հոգևոր միասնությունը: Իրոք այդպես է, այն հասարակությունը, որը պառակտված է իրար ատող, մեկը մյուսի արյունը խմելու պատրաստ հատվածների` զարգացման հույս ունենալ չի կարող: Ցավոք, մենք այսօր դեռ լիովին չենք հաղթահարել այդ հիվանդությունը: Դիցուք, անցյալ տարվա համեմատ այս տարվա բյուջեն ավելացել է շուրջ 1 միլիարդ դոլարով` 1,5-ից հասնելով մոտ 2,5 միլիարդի: Թվում է` ամեն ողջախոհ մարդ, իր երկիրն ու ժողովրդին սիրող ցանկացած քաղաքացի, անկախ իր քաղաքական կողմնորոշումներից, ներկա իշխանություններին սիրել-չսիրելուց` աճի այդպիսի տեմպերից միայն պետք է ուրախանա: Որովհետև մեծ բյուջեն նախ և առաջ ենթադրում է աշխատավարձերի նկատելի աճ, կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, հասարակության կյանքի որակի լավացում: Արի ու տես` ամեն մեկը չէ, որ այդ հեռանկարից ոգևորված է: Օրինակ, մեր ընդդիմադիր թերթերից մեկը, ներկայացնելով Հայաստանի տնտեսության գրեթե «աղետալի» վիճակը, ակնհայտ չարախնդում էր, թե իբր բյուջեն 2, 5 միլիարդ դոլարի է հասցվել միայն այն բանի շնորհիվ, որ դրա 2 միլիարդը… արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած նյութական օգնություններն են կազմում: Սա չարամիտ խեղաթյուրում է կամ բյուջեի ձևավորման մեխանիզմներից կատարյալ անտեղյակություն: Դրսի մեր հայրենակիցների ուղարկած նյութական օգնությունները կամ, օտար բառով ասած, «տրանսֆերտները» երբեք ու երբեք ամբողջովին բյուջե չեն մտնում: Դա հեքիաթ է: Ես, իհարկե, տնտեսագետ չեմ և չեմ կարող, ու իմաստ էլ չունի, որ բյուջեի ձևավորման բոլոր մեխանիզմները իմանամ: Սակայն պարտադիր եմ համարում, որ ցանկացած քաղաքացի, էլ չեմ ասում լրագրող, պատկերացնի, որ բյուջե է մտնում, այն էլ խիստ միջնորդավորված կարգով, տրանսֆերտների միայն շատ փոքր տոկոսը` առևտրային շրջանառությունից գանձվող հարկերի չափով, և ոչինչ ավելի: Բյուջեի ձևավորման հիմքերի հիմքը եղել և մնում է համախառն ներքին արդյունքի աճը, որը մեզանում արդեն հասնում է 10,5 միլիարդ դոլարի, ինչպես նաև հարկային մուտքերը, որոնք նույնպես 25 տոկոսով ավելացել են: Համախառն ներքին արդյունքի այդպիսի թռիչք մենք իսկապես դեռ երբեք չենք ունեցել: Իսկ դա նշանակում է, որ երկրում, ում ուզում է դուր գա-չգա, իսկապես տնտեսական զգալի տեղաշարժ է նկատվում: Այստեղ, թերևս, կարելի է վերապահում ունենալ գների աճի առումով, սակայն ուզում եմ հուսալ, որ Կառավարությունը նաև գների աճը սանձահարելու միջոցներ կգտնի: Ընդամենը երկու տարի առաջ մեր ներմուծումը 4 անգամ գերազանցում էր արտահանմանը: Այսօր այդ գերազանցությունը 2 անգամ է: Դարձյալ տարբերությունը մեծ է, ներմուծման ու արտահանման հարաբերակցությունը ակնհայտորեն մեր օգտին չէ: Բայց ինչու՞ չուրախանալ, որ ներմուծման ու արտահանման միջև եղած անդունդը այդքան կարճ ժամանակում կրկնակի չափով փոքրացել է: Կամ ինչու՞ անտես առնել, որ պետության հարկային եկամուտների աճը 25 տոկոսով բարձրացել է: Դա էլ իր հերթին է վկայում, որ մի կողմից տնտեսական տեղաշարժ իսկապես կա, մյուս կողմից` ստվերային տնտեսության ծավալները կրճատվել են: Մի՞թե դա վատ է: Վերցնենք մեկ այլ, ժողովրդի հիմնական զանգվածին խորապես հուզող ոլորտ` սոցիալական ապահովության բնագավառը: Վարչապետը նշեց, որ 2008 թվականին սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի 46 տոկոսն է կազմելու: Դրանից ելնելով` նա խնդիր դրեց հասնել այն բանին, որ, իր բառերով, «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից` գործունակ է, թե ոչ, իրական կենսամակարդակի նվազագույնից ոչ ցածր սոցիալական նպաստ ստանալու իրավունք» ունենա: Մի՞թե վատ նպատակ է: Այդ դեպքում ինչու՞ չարախնդալ և դա համարել «ուտոպիա», մանավանդ եթե Վարչապետը մատնանշեց նաև այդ նպատակին հասնելու ուղիները: Դրանցից մեկը կենսաթոշակային նոր համակարգի ներդրումն է: Հիմա ինչպե՞ս են մեր քաղաքացիները կենսաթոշակ ստանում: Անկախ նրանից, թե ով ինչ ներդրում է ունեցել պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, պետությունը սահմանում է բազային կենսաթոշակի չափը, որին ավելացվում է ստաժի տարիներին համապատասխան գումար: Այսինքն, կարևորն այս դեպքում դառնում է… ստաժը: Ակադեմիկո՞ս ես եղել, երկրին փառք ու պատիվ բերած մտավորակա՞ն, պետական, հասարակական կամ քաղաքական գործի՞չ, թե՞ ոչնչով աչքի չընկած շարքային քաղաքացի` միևնույն է: Եթե քո աշխատանքային ընդհանուր ստաժը ավելին է, քան նույնիսկ պետությանն ու ժողովրդին ամենամեծ ծառայությունները մատուցած անձի ստաժը` նրանից ավելի բարձր կենսաթոշակ ես ստանում: Իսկ նոր համակարգի անցնելը ենթադրում է այդպիսի անարդարության վերացում, քանի որ կենսաթոշակի չափը ուղղակիորեն կապված է լինելու ստացած եկամուտների, այդ թվում աշխատավարձի հետ: Եթե մարդը տարիներ շարունակ բարձր եկամուտներ է ունեցել, հետևաբար նաև բարձր եկամտահարկեր է մուծել, եթե բարձր աշխատավարձ է ստացել, հետևաբար նաև կենսաթոշակային հիմնադրամին բարձր սոցիալական վճարումներ է կատարել, դրանց համապատասխան էլ բարձր կենսաթոշակ պիտի ստանա: Ինչո՞վ է այս համակարգը գերադասելի: Նրանով, որ աշխատողն այլևս շահագրգռված չի լինի իր ստացած իրական եկամուտները թաքցնելու, իրական աշխատավարձի չափը փոքր ցույց տալու մեջ: Այդպիսի խաբեության գնում է մեր գործատուների զգալի մասը, իսկ աշխատողները դրան չեն ընդդիմանում, քանի որ իրենց համար գլխավորը… ստա¯ժն է: Նոր համակարգը կստիպի, որ աշխատողը չդառնա իր գործատուի դաշնակիցը պետությանը խաբելու գործում: Բացի այդ, ինչպես Վարչապետն էր ընդգծում, «ժամանակի ընթացքում Հայաստանի ցանկացած գործունակ քաղաքացի կունենա անձնական կուտակային հաշիվ, իսկ կուտակված միջոցները կապահովեն հավելյալ կենսաթոշակային եկամուտ»: Ընդսմին, Վարչապետը սրանով ամենևին նոր հեծանիվ չէր հայտնագործում: Աշխարհի շատ ու շատ երկրներում այդպիսի համակարգ գործում է: Վարչապետն ընդամենը ձգտում է այդ առաջավոր փորձը արմատավորել նաև Հայաստանում: Վա՞տ է անում: Ոչ: Էլ սրա ի՞նչն է «ուտոպիա»: Լավ բանից մի° վատացեք, պարոնայք: Տա Աստված` Վարչապետն այս կարգի դեռ շա¯տ «ուտոպիաներ» կյանքի կոչի….

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ