ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ + Իսկ մյուսների անարժեքությունը իրենք էլ գիտեն


Հակառակ ընդդիմության հավաստիացումներին` նախկին Նախագահի հրավիրած երկրորդ հանրահավաքից հետո նույնպես «հողը չփախավ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների ոտքերի տակից»: Ավելին, Ազատության հրապարակը դեռևս հեշտությամբ կարողանում է տեղավորել բոլոր ցանկացողներին` ևս մի քանի հազար մարդու այդտեղ ընդգրկվելու հնարավորություն թողնելով: Այսուհանդերձ ավելի հավանական է հանրահավաքի եկող բողոքավորների թվի պահպանման հեռանկարը, քանի որ, ինչպես հայտնի է` թե° տեղական, թե° միջազգային կառույցների սոցհարցումների արդյունքներով, Հայաստանում հասարակության միայն մի փոքր հատվածն է իշխանափոխության կողմնակից: Ըստ ամենայնի հենց նույն այդ դժգոհողներն էլ բոլոր ընտրություններից առաջ ակտիվորեն ներգրավվում են նախընտրական գործընթացներում: Իսկ ի՞նչն է մարդկանց հրապարակ բերում, երբ առաջին Նախագահի հանդեպ վաղուց և հիմնավորապես ձևավորված հանրային վերաբերմունքը, մեծ հաշվով, անփոփոխ է մնացել: Միանշանակ է, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի անձի հանդեպ տածվող համակրանքը չէ: Բացի այդ, մեր ժողովուրդը չի սիրում «նույն գետը երկրորդ անգամ մտնել»: Ի վերջո, ցանկացած հանրահավաք ենթադրում է դժգոհություն և քննադատություն… Ուստիև դրա բարձր դոզան (ինչի ականատեսը նախորդ ուրբաթ արդեն երկրորդ անգամ դարձանք) անկարևոր է դարձնում այն հանգամանքը, թե հատկապես ում կողմից է այն հրամցվում: Դժվար չէ կռահել, որ Ազատության հրապարակ եկածների մեծ մասը 90-ականների երկրորդ կեսին նույն ակտիվությամբ ներգրավված է եղել հակատերպետրոսյանական հանրահավաքներում: Փոխվել է իշխանությունը, փոխվել են ժամանակները, և հանրության ավելի լավ կյանքի ձգտումը, փաստենք, որ ցանկացած հմուտ կազմակերպչից մեծ ջանքեր չի պահանջի` հազարավոր մարդկանց հրապարակում ժողովելու: Այս առումով բնավ էլ պատահական չէ, որ առաջին Նախագահի երկու ելույթներն էլ խարսխված են հակաիշխանական-հակաօլիգարխիկ-հակակրիմինալ հատվածների անողոք քննադատության և դրանով իսկ հանրության առանձին անընդունելի բևեռների ու իշխանության նույնացման, համահավասարեցման միտումնավոր կերպով հոլովվող դրույթների վրա: Քարոզչության խնդիրը Հանրահավաքային քարոզչությունը, հատկապես Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներում, ակնհայտորեն միտված է նախկին և ներկա իշխանավորների նույնացմանը: Հետաքրքիր է, որ «Ավգյան ախոռները» մաքրել պատրաստվող առաջին Նախագահն ամեն կերպ ձգտում է ապագայի իր ծրագրերը բխեցնել այն իշխանության գործելաոճից, որի դեմ խոսելով` փորձում է իր երկրորդ գալստյան քաղաքական նախապայմաններն ապահովել: Ինչ վերաբերում է Շիրակի մարզային հեռուստաընկերություններից մեկի շուրջ ծավալվող իրադարձություններին, ապա նկատելի է, որ հանրահավաքներում այդ մասին խոսում են առանձնակի պատրաստա կամությամբ: Ավելին, անցած ուրբաթ հրապարակվեց մի քանի նոր հեռուստաընկերությունների ու ռադիոկայանների ցանկ` «հիմնավորելու», թե էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանում ևս նախկինների հանդեպ վերաբերմունքը վերանայվում է: Բացի այդ, եթե տեղական իշխանությունները, ինչպես շիրակյան հեռուստաալիքի դեպքում, դարձյալ որոշեն արջի ծառայություն մատուցել երկրի ղեկավարներին ու ինչ-ինչ խնդիրներ առաջադրեն «անհնազանդ» լրատվամիջոցներին, ապա Լ. Տ.-Պ.-ի թիմի համար հաճելին ու օգտակարը նորից կհամատեղվի: Արդյունքում և° իրենց թիմի գերհզոր լինելու մասին միֆին նոր շունչ կհաղորդվի, և° հալածյալի լուսապսակը հնարավոր կլինի ավելի ճառագուն ներկայացնել: Եվ իրոք, ամեն ինչ գուցեև այդչափ պարզ չլիներ, եթե այդքան նման չլիներ 88-ի սցենարներին: «Ծանր» բևեռի թեթև քաշը Վերջին հանրահավաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ըստ ամենայնի էական բեկում պետք է մտցնի նախընտրական Հայաստանում: Խոսքը շուրջ տասը կուսակցությունների ստորագրած` Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանող հայտարարության մասին է: Ցավոք, տասնյակը բազմաթիվ անհայտներից է բաղկացած և բացի ՀԺԿ-ից ու «Հանրապետություն» կուսակցությունից` այդտեղ ներկայացվածների անուններն անգամ հանրահավաքավոր քաղաքականացված զանգվածին ոչինչ չեն ասում: Ուստիև դիտարկենք տասնյակի ամենակարևոր (՞) ֆիգուրների` Ստեփան Դեմիրճյանի և Արամ Զ. Սարգսյանի քաղաքական պահվածքը: Եվ իրոք, ինչո՞ւ է նախորդ ընտրությունների «ազգընտիրը» և կամ ընդդիմադիր շարժման լոկոմոտիվը` «Հանրապետության» առաջնորդը, անսպասելիորեն հրաժարվում ընտրապայքարից: Արդյո՞ք մայիսյան ընտրություններում ստացած քաղաքական ապտակից հետո նրանք կամովին որոշել են սահմանափակել իրենց քաղաքական դերակատարությունը: Հաշվարկը որքան թափանցիկ, նույնքան էլ հասկանալի է: Ժողովրդական զանգվածներին առաջնորդելու պատմական հնարավորությունն այս գործիչների դեպքում արդեն պատմություն է դարձել: Իսկ քվեների մեկ-երկու տոկոսանոց ավելի քան համեստ հերթական չափաբաժինը միայն ու միայն կարող է նրանց քաղաքական կենսագրությունն ավարտելու ազդարարը հանդիսանալ: Արդյունքում Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը և° միավորման մշտապես գովելի գործում կարևոր քայլ կատարած կլինեն, և° դեռ ինչ-որ ժամանակ քաղաքական դաշտում մանևրելու շանսը կորցնելու ժամկետները կերկարաձգեն: Վերջին հաշվով, նրանք այլևս կորցնելու ոչինչ չունեն. ճիշտ այնպես, ինչպես հանրահավաքային շարժման նոր առաջնորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը: