«Իբրև Հայփոստի բարձր վարկանիշ...»


Հայփոստում կատարված չարաշահումների, հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատելու մասին վերջին շրջանի մամուլում տեղ գտած խոսակցություններին անձամբ որոշել էր պատասխանել Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը. - Անկախ այն ամենից, թե ի՞նչ ուղերձ է շրջանառվել զանգվածային լրատվամիջոցներով, պետք է փաստեմ, որ «Հայփոստից» ազատված աշխատակիցների թիվը ուղիղ 100 է, ինչը ուռճացվել է մինչև 270-ի: Այդ ցանկում մենք հիմնականում ներառել ենք այն անձանց, ովքեր գործել են ընդդեմ Հայփոստի որդեգրած թափանցիկ քաղաքականության, իսկ այն իրականացվել է իբրև կարգապահական գործառույթ: Ի հակադրումն շրջանառվող լուրերի, պարզվում է` Հայփոստում չեն պատրաստվում «հաշվեհարդար» տեսնել ամբողջ աշխատանքային կոլեկտիվի հետ: Չնայած թերացողների հետ էլ չեն համագործակցի. - Մեր հիմնական նպատակներից մեկը մարդկային կապիտալի ստեղծումն է, և անձնակազմը մենք ձևավորում ենք իբրև Հայփոստի բարձր վարկանիշ և հեղինակություն,- ասում է կառույցի ղեկավարը և հավելում, - փորձելու ենք թափանցիկ ու հստակ աշխատանքի արդյունքում արմատախիլ անել չարաշահումների, կեղծիքների ու շահերի բախման երևույթները: Բացահայտված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է, և գլխավոր տնօրենն էլ ձեռնպահ է մնում վաղաժամկետ գնահատականներից: Հատկանշական է, որ այստեղ մեծապես կարևորում են աշխատանքի հստակ նկարագիրն ու տեսակավորումը, աշխատավարձերի սանդղակի բարձրացումը և այլն… Հանս Բոոնը այդ առումով վստահեցնում է. - Հանձին Հայփոստի մենք ունենալու ենք նոր բիզնես մոդել: Նրանք, ովքեր ցանկություն ունեն և ի զորու են աշխատելու մեզ մոտ, կունենան ապահով աշխատատեղեր: Աշխատակիցներին առաջարկելով բավական լավ փաթեթ, մենք նախանձախնդիր ենք, որ աշխատավարձերի չափը իրատեսական լինի: Ճիշտ է, կլինեն փոփոխություններ, վերակազմավորումներ, բայց յուրաքանչյուր քայլ կլինի կշռադատված և հստակ: Բազմաթիվ են Հայփոստի ղեկավարության աշխատանքային ծրագրերը և հեռանկարային. աշխատանքային պատշաճ պայմանների ստեղծում, անվտանգության ապահովում, աշխատակիցների վերապատրաստում… Հետագայում, բարեփոխումների այդ փաթեթում կներառվի նաև առողջապահությունը: Ի դեպ, Հանս Բոոնը վստահեցնում է, որ իր ղեկավարած հիմնարկությունը Հայաստանում առաջինը աշխատակիցներին կապահովի նաև մասնավոր կենսաթոշակով, իսկ լավագույններին կտրվի խրախուսանք: Մինչ այդ Հայփոստի աշխատանք ներն ուղղորդված են լինելու անորոշ ժամանակով պայմանագրերի կնքմանը, քանզի իրատեսական չեն համարում ներկա 3-ամսյա պայմանագ րերը: Վերջերս լուրեր էին շրջանառվում նաև, թե Հայփոստը դադարեցնելու է թերթերի իրացման աշխատանքները: «Ավանգարդի» հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան այս ուղղությամբ, գլխավոր տնօրենը հավաստիացրեց.. - Մենք շարունակում ենք լրագրերի տարածման գործընթացը: Սա մի նախաձեռնություն է, որ գտնվում է նախապատրաստական փուլում, և փորձում ենք արագ տեմպերով ավելացնել նաև արտասահմանյան լրագրերի վաճառքը: Կարծում եմ, որ քաղաքակրթության ու տեղեկատվության հասանելիության տեսանկյունից անձը պետք է տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ունենա:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ