Միավորվելու հարցը փակված է
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում շրջանցեց ԱԺՄ ծրագրային դրույթները` դա թողնելով կուսակցության առաջիկա համագումարին: Իսկ հարցեր` ներքաղաքական ներկա իրողություններին վերաբերող, որքան ուզեք: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում նախագահի ընտրությունների նախաշեմին: Հատվում են Թեղուտի անտառները (թեև շահագործելու այլ ձևեր կային), բարեփոխվում է Ընտրական օրենսգիրքը (ինչը ոչնչով չի բարելավելու ընտրական գործընթացը), Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպման ժամանակ հաստատել են իրենց դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ` հաշվի առնելով, որ Հայաստանը զարգացած չէ այնքան, որի դեպքում նրա հետ հաշվի կնստեին: Իր խոսքն սկսելով այսպիսի ընդհանրացումներով` Վազգեն Մանուկյանն անցում կատարեց դեպի հասարակական մտայնություններն ու տրամադրութ յունները, որոնք իրեն հիմք են տալիս կարծելու, որ իշխանափոխության համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան: Առաջին անգամ գործ ունենք բարդ մի իրողության հետ, երբ «պետք է մտնենք 2 նախագահների 2 հանդիպումների արանքը»: ԱԺՄ առաջնորդը բարենպաստ համարեց նաև քաղաքական ակտիվության որոշակիորեն ակնհայտ միտումը: Ըստ այդմ, հասարակության մեջ առաջացել է մի շերտ, որն սկսել է հասկանալ` ինչ է ազատ հասարակությունը, ժողովրդավարությունը, և կուզենա ազատվել այն իշխանությունից, որն այդ ամենին հասնելուն խոչընդոտ է: Քաղաքական գործչի դիտարկումները ցույց են տվել, որ ժողովրդին հուզողը ոչ թե այս իշխանություններից ազատվելն է, այլ, թե` ո՞վ է գալու և, ավելին, ի՞նչ ծրագրով: Հասարակական գիտակցության այսպիսի հասունությունը Վ. Մանուկյանը համարում է նպաստաբեր` ընդդիմադիր ճիշտ դաշտ ձևավորելու համար: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի` ընդդիմության միավորման կոչին, ԱԺՄ ղեկավարն այստեղ մի շարք տարակարծություններ ունի: Նա նախ ճիշտ չի համարում 1-ին Նախագահի առաջադրվելը` մատնանշելով Շևարդնաձեի օրինակը և հավելելով, որ Տեր-Պետրոսյանը նույնպես կարող էր իր տիտղոսն ու հեղինակությունը օգտագործել` ի նպաստ երկրի, ինչպես այժմ դա անում է` վրաց նախկին նախագահը: Միավորվելու մասին հարցն, այսպիսով, փակված է: Ինչպես միշտ: Իշխանություններին էլ դա է հարկավոր` «Կույրն ինչ կուզի, մի ջուխտ աչք»: