Ուրախություն, որ իր մեջ տրտմություն ունի
Հյուսիսային պողոտան հանձնեցին: Ո՞ւմ: Մեզ` երևանցիներիս: Շրջեցինք, տեսանք, իրար շնորհավորեցինք: Ուրախացանք նոր Երևանի, Երևանի նորացված տեսքի համար: Շշուկով ասենք` մի քիչ էլ տխրեցինք` էլ «հնամյա քաղաքների հազարամյա քար» չմնաց: Մասնագետներն ասում են` քաղաքակիրթ քաղաքաշինություն է, հյուրերն ասում են` գեղեցիկ է, երևանցիներն ասում են` հին Երևանի գույները պակասում են: Իսկ այս նոր կերտվածքի մեկենասներն ու «քավորները» ոգևորված են այնքան, որ արդեն աչքի առաջ ունեն նմանատիպ տարածքներ և դրանք այսպիսի կառուցապատման ենթարկելու մտադրություն: Շատերն էլ իրենք իրե՞նց, թե՞ ուրիշներին հարց են տալիս. քանի՞ մարդ է ապրում այժմ այս շենքերում և ովքե՞ր կարող են, ինչպես ժողովուրդն է ասում` իրենց դատածով ու հալալ քրտինքով այսպիսի բնակարանների տիրանալ: Տեսնես քանի՞ աչք կա այդ «պուրպուր» կառույցների վրա, քանի՞ անտուն երիտասարդ ընտանիքներ են անհույս երբևէ նման բնակարան ձեռք բերելու հույսեր փայփայում: Եվ Հյուսիսային պողոտայից քշված քանի՞ հնաբնակներ են իրենց մտքում տխուր-տրտում «հեյ վա¯խ» կանչում: Քանի՞սն են կարոտով հիշում, որ իրենց պապենական տները կորան Հյուսիսային պողոտայի հիմքերում: Պապենական տները, որոնք նրանց ժառանգների համար գերդաստանի հիշողության և մասունքի արժեք ունեին: Պետական կարիքների զոհերը թերևս այդ կարիքն էլ գիտակցեին, եթե նրանց հետ այդչափ անարժանապատիվ և անմարդավայել չվարվեին` ուղղակի դուրս շպրտելով իրենց տներից: Կգիտակցեին, եթե գոնե փոխհատուցումը համարժեք լիներ կորստին: Իշխանությունները, անձամբ ինքը` քաղաքապետը, մի առիթով խոստովանեց, թե եղել են սխալներ և կաշխատեն նոր տարածքների իրացման ժամանակ չկրկնել դրանք: