Ապակենտրոնացում
Մի ժամանակ շատ էր խոսվում մարզերի ապակենտրոնացման մասին: Այսօր հերթը մայրաքաղաքի կենտրոնին է հասել, որ ապակենտրոնացման հույժ անհրաժեշտություն ունի: Աչքը բացողի, տեղից վեր կացողի, դրսից եկողի աչքը Կենտրոնի վրա է: Կենտրոնում, այսպիսով, պատկերավոր ասած, ոտք դնելու տեղ չի մնում, էլ թթվածին չկա շնչելու: Ամեն շենքում մի քանի «օֆիս» է տեղավորվել, ամեն շենքի ճակատին օտարալեզու, իսկ եթե հայերենով, ապա օտարաշունչ մի քանի ցուցանակ կա: Էսպես մինչև ե՞րբ: Քաղաքապետա րանի պատասխանը այս հարցին Կենտրոնը բեռնաթափելու ծրագիրն է: Խոշոր համայնքներից մեկի` Մալաթիա-Սեբաստիայի նույնպես խոշոր մի հատվածում` 250 հեկտարի վրա կստեղծվի հասարակական նշանակության բազմաֆունկցիոնալ տարածք` գործարարական որոշ գործառույթներ կենտրոնացնելով այստեղ, ինչպես նաև Տիչինիայի փողոցի հատվածում նախատեսված համանման կենտրոնում, և բուն Կենտրոնը թեթևացնել ծանրաբեռնվածությունից: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում այն քաղաքացիներին, ովքեր նշված տարածքներում սեփականություն ունեն հողակտորի կամ բնակելի շինության տեսքով: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը բնակելի տները քանդել-վերացնելը հնարավոր է համարում այն դեպքում, եթե դրանք արգելք հանդիսանան շինարարական նախագծերի իրականացմանը: «Եթե»-ն հանած էլ պարզ է, որ քաղաքային իշխանություն ները մարդկանցից նրանց սեփականությունը վերցնելու, սեփականազրկելու փորձ արդեն ունեն: Ձևակերպումն էլ միշտ պատրաստ է` էլ պետական շահ ու կարիք, էլ քաղաքակիրթ քաղաքաշինություն, էլ քաղաքային միջավայրի գեղարվեստական ձևավորում: Ուր էր թե քաղաքակիրթ լինեին և° հիմնավորումները, և° դրանք կյանքի կոչելու եղանակը: