Քաղաքացիներ բոլոր երկրների` համեցեք Նոր օրենքը հեշտացնում է օտարերկրացիների մուտքը Հայաստան


Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դեռևս 1994 թվականին ընդունված օրենքը 12 տարում 12 տարով հնացել էր: Կառավարությունը 2006 թ. նոր օրենք է ընդունել, ինչպես նաև անդրադարձել է սույն օրենքին, ինչի արդյունքում սահմանել է Հայաստանի Հանրապետություն այցելության հրավերների հաշվառման և հաստատման նոր կարգ: Մինչ այն ներկայացնելը մի փոքր անդրադարձ կատարենք: Մինչև այժմ գործող օրենքով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մուտքի արտոնագիր էին ստանում Բավրայի, Գոգավանի, Բագրատաշենի և Մեղրիի անցակետերում: Իսկ այժմ արդեն` նաև «Զվարթնոց» օդանավակայանում: Մուտքի տարանցիկ ժամկետը սահմանված էր 3 օր, իսկ երկրում մնալու օրերի քանակը` 21: Հայաստան ժամանող արտերկրի քաղաքացիներին կացության կարգավիճակ տրվում էր մեկ տարով, սովորական կացության կարգավիճակ` մինչև 10 տարի ժամկետով: ՀՀ կառավարության կողմից հաստատված` ՀՀ այցելության հրավերների հաշվառման և հաստատման կարգի անհրաժեշտությունը Ոստիկանության անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանը հիմնավորում է մեր երկիր ժամանողների մուտքը հեշտացնելով, ինչը նրա ներկայացմամբ, կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը, շահագրգռել օտարերկրյա ներդրողներին, մեծացնել օտարերկրացիների` Հայաստան այցելելու ցանկությունն ու հետաքրքրությունը: Նոր կարգի նման ուղղվածության ցայտուն օրինակ կարելի է համարել ՀՀ մուտք գործելու զբոսաշրջային մուտքի արտոնագրի 21-օրյա ժամկետի երկարացումը մինչև 120 օրվա: Ավելորդ է այս ժամկետները նույնիսկ համեմատության մեջ դնել. 21 օրն` ուր, 120-ը` ուր: Նոր օրենքով վերացվել է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կացության կարգավիճակը: Դրա փոխարեն գործելու է կացության մշտական կարգավիճակ, որ անցագրային վարչության պետը նույնացնում է մոտավորապես արտերկրի «Գրին քարտ» կոչվածի հետ: Միաժամանակ նոր կարգում պահպանվել է կացության հատուկ կարգավիճակը, որը, ինչպես նախկինում, այսօր էլ տրվում է 10 տարի ժամկետով և հիմնականում` սփյուռքահայերին: Նոր կարգի մյուս նոր դրույթը վերաբերում է Հայաստանից ուղարկվող հրավերներին: Հայաստանի քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն մեր երկիր հրավիրել իրենց ընկեր-ծանոթ-բարեկամներին: Իսկ ի՞նչ է, նախկինում նրանք առանց հրավեր ստանալու չէի՞ն այցելում Հայաստան: Չկայի՞ն այցի այլ ձևեր, երբ հրավերն անհրաժեշտություն կամ պայման չէր: Իհարկե, այցելում էին և իհարկե, կային: Պարզապես այժմ Հայաստանի քաղաքացիները կարող են իրենք նախաձեռնել այդ այցը, եթե ցանկանում են անակնկալ պարգևել իրենց մտերիմներին ու հարազատներին և դրանից հաճույք ստանալ: Ու եթե մեզնից որևէ մեկը կունենա իր ծանոթ-բարեկամի նկատմամբ վերաբերմունք դրսևորելու և դրա հաճույքը վայելելու ցանկություն, թող բարի լինի գրավոր դիմել անձնագրային վարչություն` պետության գանձարկղ վճարելով 5 հազար դրամ: Վարչությունն այնուհետև պիտի ստանա Ազգային անվտանգության մարմնի հավանություն-համա ձայնությունը, որպեսզի հրավերը գործի, և մեր հրավիրյալը ժամանի Հայաստան: Եթե, իհարկե, պատասխանը մերժում չէ: Մերժման պատճառաբանություն չի տրվում:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ