ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ՍԻՐՈ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ
Շիրակի մարզի Ջրափի գյուղի դպրոցի տնօրեն Մարիետա Թառլանյանի հետ մեր զրույցը միանգամից գտավ իր հունը: Խոսքն անմիջական էր, նկարագրությունները` պատկերավոր: Դե, իսկ ժպի¯տը... Թե ինչ զորություն ունի տնօրենի ժպիտը, հայտնի է իր գործընկերներին, իր աշակերտներին, Ջրափիի հասարակությանը: Այդ զորությունը մարդկանց գործի շուրջ համախմբելն է, սիրով ու մարդկային ընդունելի փոխհարաբերություններով մեկտեղելը: Տիկին Թառլանյանը դպրոցում հնաբնակ է, իսկ դպրոցն ու ավանը տարեկիցներ են: Երկուսն էլ հիմնվել են 1970-ին: Գեղեցիկ, հարմարավետ շենք ունեին: Երկրաշարժը հարմարությո՞ւն թողեց: Չէ, ցավն ու կսկիծը չենք ուզում հիշել: Ուզում ենք փաստել, որ տնակային դպրոցի համն առած ջրափեցիներն այսօր թեկուզ մասնակի, բայց նորոգված շենք ունեն, որի վերստին նորոգումը օրախնդիր է: Մարիետա Թառլանյանի ուսերին 35 տարվա մանկավարժական բեռ կա: Բեռ է, թե լուծ` իրենն է ու հաճույքով է կրում: Խոսքով էլ չասի, դեմքին դրոշմված փայլն ու ժպիտը, լավատեսությունն են խոսում այդ մասին: Իր տեղը դպրոցում է գտել ու հիմա էլ երիտասարդներին է ոգևորում: Աշակերտներ է, որ բուհ է ճամփում ու շատերին էլ հետ ընդունում որպես գործընկեր: Տնօրենավարի-մայրաբար տեր է նաև գյուղ հարս եկած մանկավարժներին: Հո չի՞ կարելի թողնել, որ դիպլոմը ծալեն, մի կողմ դնեն կամ էլ լքեն գյուղն ու բռնեն քաղաքի ճամփան: Ավելի ազգանվեր-դպրոցանպաստ գործ դժվար է պատկերացնել: Տնօրենը կարողացել է շրջանցել նաև օպտիմալացումը. «ոչ թե հեշտությամբ ազատեցինք, այլ դժվարությամբ պահեցինք»: Լավ տնօրենը լավ մանկավարժին պահելու ձևը միշտ էլ գտնում է, և «կեցցեք» ասողներին մենք էլ ենք միանում: Իսկ տնօրենը առիթը չի կորցնում շեշտելու. «Հպարտությամբ ասում եմ` լավ ուսուցիչներ ունեմ: Ուսուցչանոցում էնքա¯ն հանգիստ եմ նստում. գիտեմ, որ լավ ուսուցիչներ են մտնում դասարան»: Կարո՞ղ է լինել լավի չափումի ավելի պերճախոս օրինակ, քան այն, որ դպրոցի այս տարվա շրջանավարտներից 10-ը ուսանող է դարձել. ընդ որում` 5-ը պետհամալսարանի: Քան այն, որ ուսուցչի 4 աշակերտները, ինչպես ասում են, աչքերը փակ, գերազանց քննություն են հանձնել: Այդ արդյունքի հեղինակը քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Կարապետյանն է: Մաթեմատիկայի ուսուցիչ Սամսոն Գալստյանի աշակերտներին պակաս չկարծեք: 8-10 միավորը չէ, 17-18 միավորն է նրանցը: Պատմության ուսուցչին` Խաչատուր Խաչատրյանին չմոռանանք: Եվ էլի մեկ տղամարդ` տղամարդապակաս մեր դպրոցում` ռազմագիտության ուսուցիչ Հովհաննես Գրիգորյան: «Որքան հնարավոր է` նպաստում եմ, որ տղամարդիկ մնան դպրոցում»,- ասում է տնօրենը: Նրանից առաջ դրանով մտահոգ պիտի լինի պետությունը: Սերնդի դաստիարակության համար դա շա¯տ է կարևոր: Պակաս կարևոր չէ դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը, ուսուցիչների անձնային փոխհարաբերությունները: Իսկ թե ինչպիսին են դրանք, ամենից լավ զգացել ու բնորոշել է դպրոց այցելած մի գերմանացի. «Էս դպրոցում կյանք կա»: Մ. Թառլանյանը կարևորում է տարրական օղակի աշխատանքը. ամուր հիմքը հուսալի վերնաշենքի գրավական է: Սաթենիկ Բադալյան, Աննման Կարապետյան, Հասմիկ Էլբակյան, Ծիածան Գասպարյան. հմուտ ու փորձառու այս դասվարներն են ամուր հիմք դնողները: Մատաղ սերնդի «գեղարվեստական ձևավորումն» էլ գրականության ուսուցիչների ձեռքին է. Շուշանիկ Ստեփանյան, Սիլվարդ Արշակյան, Անահիտ Գասպարյան: Տնօրենն ինքը էլ` Ձեզ նվեր: Մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ Մարիամ Հովհաննիսյանին էլ տնօրենը ներկայացնում է որպես երեխաների լավ բարեկամը: Դպրոցը վերափոխումների ճանապարհին է, և տնօրենը, որպես հանրակրթության կազմակերպիչ, ողջունելի է համարում թե° նոր քննակարգը, և թե 12-ամյա կրթակարգը: «Երեխան կիմանա, որ դպրոցի գիտելիքը իրեն բուհ կհասցնի»,- մտորում է մեր զրուցակիցը: Ամփոփենք: Ինչպես Թառլանյանն է ասում, կադրերի խնդիր չկա, դասագրքերի խնդիր չկա, ծնողները պատրաստ են աջակցել, գյուղապետ Կամո Սարգսյանն էլ դպրոցի թիկունքին կանգնած է ու կանգնած: Իրենք են, իրենց համայնքն ու իրենց երեխաները, ու գիտեն ինչն ինչպես անել: Ու թե պակաս տեղեր էլ կան, լրացնելու ձևն ու միջոցն էլ գիտեն: «Հոգիներումս ջերմություն կա, սրտներումս` սեր, բարության պակասը այդ սիրով ենք լցնում»,- ասում է տնօրենը: Հրաշալի, զորավոր միջոց է, խոսք չկա: Եվ ոչ պակաս կարևոր ու անհրաժեշտ, որքան գիտելիքը: