ԿԱՄ ԱՄԲՈՂՋԸ, ԿԱՄ ՈՉԻ՞ՆՉ


Հայաստանի քաղաքական դաշտում քննարկումների հիմնական թեմաներն այսօր երեքն են: Ընտրությունների արդյունքները և դրանց մատուցած որոշ անակնկալներն են շարունակում ուշադրության կենտրոնում մնալ, նոր Կառավարության` մասամբ նորացված կազմն է տարբեր գնահատականների արժանանում, ու, բնականաբար, վերլուծվում է նաև Նախագահի առաջիկա ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հավանականության հարցը: Այսպիսով, այս շարքում թերևս ամենաանհավանականը ընդդիմության համախմբմամբ միասնական թեկնածուի «հայտնության» հնարավորությունն է: Ինքնին հասկանալի է նաև, որ, խնդիրն ուղղակիորեն չբխելով առաջին հարցից, այդուհանդերձ, դրա անուղղակի շարունակությունն է: Ուզենք թե չուզենք, իր ունեցած հեղինակությամբ, Խորհրդարանի ազդեցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում այնքան էլ մեծ չէ: Ուրեմն սխալ կլինի պնդելը, որ եթե արմատականները հաջողած լինեին, ավանդույթի համաձայն, նոր ԱԺ-ում ևս մեկական խմբակցություն ձևավորել, ապա վերջապես իշխանության հասած կլինեին կամ գոնե դրան ինչ-որ չափով կմոտենային: Այսպիսի բան ուղղակի չէր կարող պատահել: Ուստիև բնավ էլ պատահական չէր, որ նրանք քարոզարշավի ընթացքում ոչ թե խորհրդարանում ներկայացված լինելու կարևորության, այլ ընտրակեղծիքների ու էլի նման բաների մասին էին միայն խոսում: Ավելին, ԱԺ-ում ներկայացված լինելը չէր կարևորվում մինչև անգամ իշխանությունն ամբողջությամբ վերցնելու և իրենցից մեկին Նախագահ դարձնելու քարոզչության համատեքստում: Մինչդեռ, փոքր-ինչ օբյեկտիվ լինելու դեպքում, դժվար չէ նկատել, որ պատգամավորական բազմափորձ գործունեությամբ հայտնի մարդիկ ընդդիմադիր ճամբարում քիչ չեն, և բոլորովին էլ ճիշտ չի լինի պնդելը, թե վերջիններս օրենսդրական աշխատանքի վարպետության կամ փորձառության պակաս ունեն: Այլ հարց է, որ նրանց պատգամավորական հմտությունը, թեկուզև նախորդ խորհրդարանում սկսված տևական բոյկոտի արդյունքում, այդպես էլ նպատակին չծառայեց: Այն ժամանակ էլ ընդդիմությունը միմիայն Նախագահի նոր ընտրությունների էր ձգտում և դրան հասնելու որևէ տարբերակ չգտնելով` պարզապես խռովել ու ԱԺ նիստերին չէր մասնակցում: Ասել է թե` Խորհրդարանում ունեցած թեկուզև ոչ այնքան մեծ իշխանությունը երկարատև բոյկոտի շրջանում անգամ գործին ոչնչով չօգնեց: Ու հիմա ավելի քան հասկանալի է, որ մայիսի 12-ից առաջ անգամ մեծ ջանքերի, իսկ տվյալ դեպքում մեկ-երկու դաշինք ձևավորելու գնով եղածը վերականգնելու դեպքում, միևնույն է, արմատականներին չէր հաջողվելու իշխանափոխության հասնել: Այս տեսանկյունից խնդիրը դիտարկելու դեպքում ընդդիմության կորցրածը, իհարկե, մեծ բան չէ, ու թերևս սրանով պետք է բացատրել քվեարկության արդյունքների հանդեպ արմատական առաջնորդների հանգիստ ու անտարբեր վերաբերմունքը: Ավելին, խորհրդարանում ներկայացված չլինելով` կարելի է ընդհանրապես խուսափել իշխանության համար պատասխանատվությունից, խորհրդարանական աշխատանքի ցածր արդյունավետության համար մեղադրվելուց և կամ ԱԺ նիստերը բոյկոտելու ու բյուջեից հենց այնպես աշխատավարձ ստանալու արդարացի նախատինքից: Ինչ խոսք, արմատականներն իրենք իրենց կարող են ներշնչել, թե պայքարի «լավագույն» տարբերակն են ընտրել: Սակայն հենց այս ամենի արդյունքում ընդամենը մեկ ամիս պահանջվեց` հրապարակում լրիվ մենակ մնալու ու առանց այն էլ փոքր ընտրազանգվածին վերջնականապես հիասթափեցնելու համար: