ԻՍԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է


Քաղաքական և հասարակական ակնառու գործիչ Թոմաս Ջեֆերսոնն ասում էր, որ իրավական պետության ստեղծման համար մեծ քանակությամբ թանաք է օգտագործվել: Իսկ Հայաստանում 1990 թ. օգոստոսի 23-ի Հռչակագրով անհամեմատ քիչ քանակությամբ թանաքով վավերացվեցին իրավական պետության ձևավորման սկզբունքները: Այդ պահից ի վեր նորանկախ Հայաստանի փուշ ու տատասկով պատված ճանապարհին իրականացվել են օրենսդրական նախաձեռնություններ, սահմանադրական բարեփոխումներ, որոնք երկրում ստեղծել են իրավական և քաղաքական լուրջ հիմքեր: Իրավական պետության ստեղծման համար ամենակարևորն, ըստ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ` իշխանությունների տարանջատման սկզբունքն է: - Եթե երկրում իշխանության բաժանումը հստակ չէ, ապա այն իրավական պետություն չէ: 2000-2007 թթ. ՀՀԿ գործունեության արդյունքում հասանք նրան, որ երկրում ստեղծվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, 2005-ի բարեփոխված Սահմանադրությունը լայն ասպարեզ բացեց ժողովրդավարության զարգացման համար, իսկ 2007-ի Խորհրդարանի ընտրութ յուններն իրենց որոշ թերություններով հանդերձ լրացրեցին մեր երկրի պատմության լավագույն էջերից մեկը: ՀՀԿ-ն, որպես քաղաքական հզոր ուժ, խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր միավորներին կոչ է անում միասնական կամք դրսևորել` Հայաստանը վերջնականապես իրավական պետություն դարձնելու համար: Մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ գնահատմամբ Հայաստանը շատ հեռու է իրավական պետություն կոչվելուց, քանի որ. - Իրավական պետության գլխավոր արժեքը քաղաքացին է, իսկ Հայաստանում քաղաքացին օտարված է ոչ միայն պետությունից, այլև իր հիմնարար քաղաքական, պետական, սեփականության պաշտպանվածության և առհասարակ բոլոր այն իրավունքներից, որոնք Աստծո կողմից տրված է մարդուն: Ժողովրդավարությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ կառավարությունը պետք է ծառայի ժողովրդին: Եվ եթե պաշտպանվում են քաղաքացիների իրավունքները, ապա վերջիններս էլ փոխադարձաբար վստահ և հավատարիմ են լինում պետությանը. իրողություն, որը սկսում է նկատելի դառնալ` հատկապես ընդդիմության ինքնաոչնչացման ֆոնի վրա: Ու հենց այս առումով երիցս գնահատելի է Սուրեն Սուրենյանցի անկեղծությունը, որն իրականում սրտացավ մտահոգություն է` ընդդիմության կայացմանը նպաստող առաջարկ: Իսկապես, ո՞ւր մնաց 2001-ից ձևավորվող ընդդիմությունը: Որակապես ուժեղ ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն առկա է Հայաստանում: Այս հարցում Սուրեն Սուրենյանցի առաջարկած «դեղատոմսը» գուցեև ոմանց համար ցավագին հնչի, բայց խորաթափանց գործիչներին հիրավի սթափության կարող է կոչել. - Ես կարծում եմ, որ աջ-ազատական դաշտում գործող բոլոր կուսակցությունները պետք է լուծարվեն և ստեղծեն մեկ միասնական լիբերալ կուսակցություն, որն իր քաղաքական ծրագրով և այլընտրանքային մոտեցումներով, քաղաքական այցեքարտով հակադրության մեջ կլինի պատերազմի կուսակցությանը և նրա թեկնածուին: Հանրապետականին ուղղված Սուրեն Սուրենյանցի ակնարկը թափանցիկ է, թեև ՀՀԿ-ն երկիրը երբևէ միայնակ կառավարելու նպատակ չի ունեցել և` - …Որքան շատ լինեն Կառավարությունում ներգրավված քաղաքական ուժերը, այնքան հիմնավորված կլինի կառավարության լեգիտիմությունը,- ասում է Էդուարդ Շարմազանովը: Քաղաքական դաշտում ասպետորեն պայքարող վաղեմի ընկերները իշխանության ֆավորիտի հարցում սակայն սկզբունքային են: Մի փոքր համբերություն և ՀՀԿ առաջիկա համագումարում պարզ կդառնա կուսակցության առաջադրելիք թեկնածուի անձը: Մինչդեռ Հայաստանում որակական փոփոխությունները իրականացնող ամենահավանական քաղաքական գործիչները, Սուրեն Սուրենյանցի համոզմամբ, Արամ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են: Բայց արդյո՞ք ժողովրդի քվեն օրենսդիր աշխատանքը բոյկոտելու համար օգտագործած Ա. Սարգսյանը և անկախության հիմքերը ավերումով խարխլած ՀՀ առաջին նախագահը կարող են այս կարճ ժամանակահատվածում ընտրություններում հաղթելու չափ հավատ ներշնչել: Բացի այդ, արդյո՞ք Հայաստանի ընդդիմադիր դաշտը ձևավորող ԱԺ-ի նախկին և ներկա քաղաքական բոլոր ուժերն են համամիտ Սուրեն Սուրենյանցի հետ: Դժվար թե, քանի որ «ամեն մեկն իր խելքն է հանելու աճուրդի»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ