Պարտավորեցնող պարգև


Մեր օրերում, երբ այնքան պակասել են մարդու հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունը, հաճախ զարմանում ես` հանդիպելով նեղյալին ու կարոտյալին անշահախնդրորեն ձեռք մեկնող բարեսերների: Հայաստանում գործող «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն իր կենսիմաստը համարում է Նանսենի գործի շարունակությունը և բարեգործությունն ըստ արժանվույն գնահատելը: Այդօր ժուռնալիստների միության սրահում նա Նանսենի հուշամեդալով պարգևատրեց «Հայկական էլցանցեր» ՓԲԸ նախագահ Եվգենի Գլադունչիկին` հատկապես Վանաձորի մանկատան հովանավորչության, ծերանոցին օժանդակության, Ստեփանավանում Պուշկինի արձանի վերանորոգման, ռուսական եկեղեցու վերակառուցման համար: Ի դեպ` վերջին ձեռնարկումն արժանացել է նաև Ռուսիո Ալեքսի 2-րդ պատրիարքի շնորհակալագրին: Եվ. Գլադունչիկն իր կատարած գործերը համեստորեն վերագրեց աշխատանքային կոլեկտիվին. - Ինձ համար մեծ պատիվ է Նանսենի հուշամեդալով պարգևատրվելը: Միաժամանակ պարտավորված եմ զգում ինձ` այսուհետ ևս այս պարգևին արժանի բարի գործերով օգտակար լինել մարդկանց:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ