Նրա անունը հպարտություն է հայ զինվորի շուրթերին
Ժամանակի անկանգ ընթացքի մեջ շատերը երևի չհասցրեցին զգալ, որ ազգովի իրական հերոսապատումի ժամանակներ ապրեցինք: Զգալը չէ, հավատալն է դժվար, որ լեգենդներ ծնվեցին մեր կողքին, մեզ համար: Հավատալն է դժվար, որ մեզ հետ, մեր կողքին, մեզ համար ապրեցին, պայքարեցին ու անցան նրանք, ովքեր կյանքի գնով են կռում ազատությունը: Արևմտյան Հայաստանից գաղթած ու Սիսիանի Վաղուդի գյուղում հաստատված Ազոյանների համար ևս հայրենիքը սրբագործված արժեք էր: Նաև կարոտ էր` անսպառ, անմեկին, անհագ կարոտ, որ մնաց Էրգիր կոչված երազի մեջ: ՈՒ ծննդավայր Բասեն գյուղի կարոտով հայրը Բասենցի անունով կնքեց զավակին: Հայրենապաշտության օրրանում ծնված Բասենցի Ազոյանը դեռ մանկուց հասկացավ, ընկալեց, զգաց Ավետյաց երկրի կարոտի կանչը: Եվ Էրգրի կարոտով էլ տարիներ անց հայրենի Բասեն գյուղը հասավ, պապենական քանդված օջախի քարերն համբուրեց… …Ու բնավ էլ ոչ ճակատագրի քմահաճույքով, այլ հայրենիքի ճակատագիրը կերտողներից մեկը լինելու աներեր վճռականությամբ նա տվեց իր համաձայնությունը ` աշխատել խորհրդային պետանվտանգության մարմիններում: Եվ տարբեր երկրներում ծառայության ընթացքում (ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս) նա երբևէ չմոռացավ իր հայ «կոչումը», իր զինվոր կոչումը: Բասենցի Ազոյանը զինվորագրվել էր ընտանիքով: Լիանա և Աստղիկ դուստրերը հաճախ էին զինվորական առօրյան հետաքրքիր դարձնում իրենց երգ ու պարով: Նա իր զավակներին դաստիարակում էր իր ապրելու կերպով, իր կեցությամբ: …Դժվար էր, իհարկե, աշխատել խորհրդային պետանվտանգության մարմիններում և պահպանել հոգու նրբությունը, բայց Բասենցի Ազոյանի համար առավել դժվար էր հայրենիքից հեռու գտնվելը: Իսկ հայրենիքում պայքար էր, համազգային զարթոնքի, ազատության կռիվ: Ու նա թողեց ամեն ինչ: Եկավ հայրենի հողի պաշտպաններից մեկը լինելու: Եկավ հողի կանչով, եկավ պայքարելու հողի համար, տեր լինելու հողին: Ասում են, պատերազմում հաղթում է այն կողմը, որտեղ լավ է աշխատում հետախուզությունը: Նրա անմիջական մասնակցությամբ հիմնադրվեց հայկական նոր կազմավոր վող պաշտպանական համակարգի հետախուզական ծառայությունը: Այսօր լիիրավ հպարտությամբ ենք փաստում, որ հայ զենքի հաղթական վերհառնումի ու փառքի համար երախտապարտ ենք նաև նրան` գեներալ-մայոր Բասենցի Ազոյանին: Նրան` ում անունը հպարտություն է հայ զինվորի շուրթերին: Նրան` ում ղեկավարած զորամասի կողքով անցնելիս մատնացույց պետք է անեին. «Գեներալ Ազոյանի չաստն է» ու լեգենդներ պիտի պատմեին նրա զորամասի կարգ ու կանոնի, զինվորների սննդակարգի և հայ զինվորի հանդեպ նրա հայրական հոգատարության մասին: «Մեծ է գեներալ Ազոյանի ներդրումը ՀՀ ԶՈՒ պաշտպանության համակարգի հետախուզական ծառայության մակարդակի բարձրացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում»,- ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար գեներալ-մայոր Բասենցի Ազոյանը պարգևատրվել է «Ռազմական ծառայությունների համար», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար»1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ մեդալներով ու շքանշաններով: Ցավոք, արդեն մեկ տարի է, ինչ մեզ հետ չէ նա: Գնացել է միախառնվելու այն հողին, որի համար պայքարել, շունչ ու հոգի էր տվել: Արդեն մեկ տարվա հեռավորությունից ենք նայում այն ժամանակին, որի մեջ լեգենդար Բասենցի Ազոյանն էր ապրում: Ապրում էր մեզ հետ, մեր կողքին: Ավագ դուստրը` «Միր» միջպետական հեռուստաընկերության ճանաչված լրագրողուհի Լիանա Ազոյանը անթաքույց հպարտությամբ է խոսում հոր մասին ու խոստովանում, որ գոյությամբ չէ սոսկ, այլ արժանապատիվ ու հպարտ ընթացքի համար ևս իրեն կյանք պարգևողին է պարտական: Թախիծով է հիշում. հայրն իր մահկանացուն կնքեց ընկերոջ` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը: Այդ օրը Վարչապետն իրենց տուն եկավ. ծննդյան տարելիցին ընկերոջն էր կորցրել: Հիմա կորուստը երկուս է դարձել: Կյանքում ընկերներ` Բասենցի Ազոյանն ու Անդրանիկ Մարգարյանը ընկերներ մնացին նաև հավերժի ճամփին, ընկերներ` հավատամքով և ոգեղեն կեցությամբ: …Կյանքը շարունակվում է իր սովորական ընթացքով և ժամանակի անկանգ հոլովույթի մեջ ամրագրում` մեզ հետ, մեր կողքին, մեզ համար ապրեցին, պայքարեցին ու անցան նրանք, ովքեր կյանքի գնով կռեցին ազատությունը և սերունդներին պատգամեցին նվիրական խաղաղությունը: