Պատասխանատու են բոլորը
Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական գործընթացների, գործիչների և հատկապես կուսակցությունների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը չի մարում: Բնական է, նախորդ Խորհրդարանի «բազմաժանր» կուսակցությունների թվի նվազումը, առավել տեսանելի (հենց դրանով էլ` խոցելի) կդարձնի և ներկայիս 5 կուսակցությունների գործունեությունը (առավել ևս` անգործությունը)£ Եկել է նախընտրական քարոզարշավում հնչեցված խոստումների քայլ առ քայլ իրականացման պահը: Նորաստեղծ Խորհրդարանում հին դեմքերի տեսանկյունից նորերը քուրայում թրծվելու դիմակայություն պետք է ունենան, որպեսզի «սայլը» տանեն մեկ ուղղությամբ և հրաժարվեն կռիլովյան հայտնի առակի «ռազմավարությունից», որը նախորդ ԱԺ-ի դիմագիծն էր դարձել£ - Խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերը հասարակության հայելին են,- համոզված է ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը,- ուստի նրանց միջև փոխադարձ քննադատությունները չպետք է հատեն պարկեշտության սահմանը: Ցանկալի է և անհրաժեշտ, որ իշխանությունն ու ընդդիմությունը աշխատեն կառուցողական մթնոլորտում: ԱԺ-ում կառավարող կոալիցիայի առաջատար ՀՀԿ-ն «խրատելու» իրավունք ունի: Տարիների ընթացքում ձևավորված քաղաքական կեցվածքը հիմնավոր է, քանի որ երկրի արտաքին և ներքին քաղաքականության, ժողովրդի սոցիալ-տնտեսական դրության բարելավման պատասխանատվությունը կրել է իր ուսերին և այսօր էլ չի հրաժարվում դրանից: Սակայն մյուս կուսակցություններն էլ ձեռքերը լվանալու իրավունք չունեն, քանի որ «պար մտնողը պիտի շորորա»: Քաղաքական նիհիլիզմով տառապող ընդդիմությանը ժողովուրդը հայտնեց իր անվստահությունը, իսկ այսօր` - Ընդդիմության ճամբարից` ի դեմ «Ժառանգության», խորհրդարան է մտել կառուցողական ընդդիմադիր ուժ, որն, անշուշտ, կհամագործակցի իշխանության հետ: Կառուցողական աշխատանքի արդյունավետությունը կդրսևորվի նաև ձևավորված կոալիցիայի և ՀՅԴ-ի հետ կնքած համաձայնագրի շնորհիվ,- հույս է հայտնում Էդուարդ Շարմազանովը: Դեռևս հստակ չէ` արդյոք, ՕԵԿ-ը այրե՞լ է իշխանության հետ համագործակցելու բոլոր կամուրջները, թե՞ ոչ, սակայն «Ժառանգությանը» իր կառուցողական ընդունակութ յունները դրսևորելու հնարավորություն է ընձեռված, բայց. - Մենք կողջունենք իշխանության` մեզ մեկնած ձեռքը, եթե նա կառուցողական տրամադրվածություն ցուցաբերի ընդդիմության բոլոր նախաձեռնությունների նկատմամբ և ԱԺ-ում չչարաշահի մեծամասնության սկզբունքը,- չնահանջողի կեցվածքով հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ժողովրդավարական արժեքներ կրող ՀՀԿ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել համագործակցել հստակ գաղափարներ և ծրագրեր ունեցող քաղաքական բոլոր ուժերի հետ£ Իսկ այդպիսիք, ըստ Էդուարդ Շարմազանովի, 4-ն են, որոնց համատեղ աշխատանքը կխթանի երկրում ժողովրդավարության զարգացմանը, այլապես. - Միայն հայհոյող և առաջադիմական քայլեր ձեռնարկելու մղումից զուրկ վայ-ընդդիմությունը և պորտֆելներից կառչող վայ-իշխանավորները կարող են ընդամենը խոչընդոտել երկրի առաջընթացը,- համոզված է երիտասարդ հանրապետականը: Երկրի շահը պահանջում է, որպեսզի ԱԺ-ի հակադիր թևերի պատասխանատվությունը դրսևորվի ոչ այնքան միմյանց, որքան ժողովրդի հանդեպ, քանի որ իշխանության և ընդդիմության վարկանիշի վերուվարին գնահատական տվողը, վերջին հաշվով, ժողովուրդն է` «սիրելի ընտրողը»£