Համագործակցությունը` նախապայման


Նորընտիր Խորհրդարանի աշխատանքներն արդեն կընթանան ավանդական հունով: Մանդատներ ստացած պատգամավորներն աստիճանաբար պետք է որ լծվեն «անձնական և կոլեկտիվ» նպատակներն իրականություն դարձնելու «սրբազան» սայլին: Ակնհայտ է, որ ԱԺ-ն իր ամբողջ ներուժով նախապատրաստվում է 2008 թ. Նախագահի ընտրություններին: Ձևավորված կոալիցիայի և համաձայնագրով վավերացված ՀՅԴ-ի համագործակցությունը մինչև ընտրությունների շեմն է, որից հետո ճանապարհները կարող են բաժանվել. այս կարծիքին է նաև ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ, ով այդ համագործակցությունը միջանկյալ անցումային ձևաչափով որոշված համագործակ ցություն է համարում: - ԱԺ-ի քաղաքական ֆունկցիան այս ամիսների ընթացքում թելադրվելու է նախագահական ընտրությունների տրամաբանությամբ. այսինքն ութ ամսվա համար ԱԺ-ում գերակա է լինելու բոլոր քաղաքական ուժերի կողմից ա°յս տրամաբանությունը: Օրենսդրական և քաղաքական բոլոր քայլերը կենթարկվեն այդ տրամաբանությանը: Այնուհանդերձ, դա է իմպերատիվը, դա է հիմնական լեյթմոտիվը: ԱԺ ընտրություններից առաջ ստեղծված այն կարծիքը, թե ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելու է մեկ կուսակցության դիկտատուրա` հանձին ՀՀԿ-ի, որի թելադրանքներին կստիպվեն ենթարկվել մյուս ուժերը` միանգամայն սխալ է, քանի որ, ըստ Արմեն Աշոտյանի, ՀՀԿ-ի կողմից առաջնահերթությունը միշտ տրվել է ոչ թե հատվածային կուսակցության, այլ պետության շահին, որովհետև` - Մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք համագործակցություն առաջարկել բոլոր առողջ ուժերին` առաջարկների համատեղ քննարկման և լուծման համար: Կարող եմ հայտարարել, որ ՀՀ նոր կառավարությունը ոչ այնքան ներկայի, որքան ապագայի կառավարություն է` իր ողջ տրամաբանությամբ: Ներքաղաքական կյանքի համայնապատկերի վրա տարածաշրջանային խնդիրները կարծես թե փոքր-ինչ աղոտացել են, այնինչ դրանք մշտապես պետք է գտնվեն «քաղաքական տրամաբանության» կիզակետում: Ի՞նչ կտա Հայաստանին և ԼՂ-ին` դիվանագիտական փակուղի մտած Կոսովոյի խնդրի կարգավորման ամերիկյան տարբերակը, ըստ որի Կոսովոն դառնալու է անկախ: Հանրապետական Արմեն Աշոտյանը կարծում է. - Այս դեպքում մեր ուշադրությունը պետք է սևեռենք հնարավոր երկու սցենարների վրա: Նախ` Կոսովոյի անկախության ճանաչում` մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ խնդրի բարձրացումը, ապա` ՄԱԿ-ում քննարկման ընթացքում Ռուսաստանը կընդունի չճանաչված երկրի անկախությունը: Երկիր, որը ստեղծվել է հետխորհրդային շրջանում (ինչպես և ԼՂ-ը): Թե ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը, երբ Կոսովոյի խնդիրը լուծվի առանց իր կարծիքը հաշվի առնելու` դժվար է ենթադրել, բայց որ Հայաստանն իր ողջ դիվանագիտական ներուժը ստեղծված նոր իրավիճակում լավագույնս կիրառելու անհրաժեշտություն կունենա` անվիճելի է: Ոչ պակաս կարևոր Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ օգտագործելու ռուս-ամերիկյան պայմանավորվածության անհաջող ավարտը դարձյալ Հայաստանի բախտից էր, այլապես ռուս-ամերիկյան բանակցություններին միանալ երազող Ադրբեջանի դիվանագիտական առավելությունը իր կողմից կօգտագործվեր Գաբալայի դիմաց Հայաստանի և ԼՂ-ի վրա ճնշումներ գործադրելու «դաբրո» ստանալու նպատակով:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ