ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստան-Իրան համագործակցությամբ


ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնում մեր երկրի կառավարությանը` Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության թափանցիկությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն ԱՄՆ-ին պետք է նախապես հայտնի համագործակցության հետագա պլանների մասին: Ամերիկացի դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը աջակցել Վաշինգտոնին և միջազգային հանրությանը` համոզել Իրանին կատարելու միջազգային պարտավորությունները: Հիշեցնենք, որ օրերս Վարչապետ Սերժ Սարգսյանի և մեր երկրում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հանդիպման ժամանակ կողմերը խոսել էին իրենց առաջիկա ծրագրերից ու անելիքներից: Նրանք հատկապես կարևորել են Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, նավթաքիմիայի բնագավառում համագործակցությունը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Դեսպանի կարծիքով, ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան մեծապես կնպաստի սահմանամերձ շրջանների զարգացմանը, իսկ լրացուցիչ խմբաքանակը կօգտագործվի Իրանի հետ էլեկտրականության փոխանակման համար: Panorama.am