Ավանդական «Դոն Ժուան»-ի թատերական նորահայտ վարկածը


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ազդագրից տեղեկանալով «Դոն Ժուան»-ի նոր բեմադրության առաջնախաղի մասին` Մոլիերի, Բայրոնի, Պուշկինի և այլոց երկերից կանանց հանրահայտ սևիլյան գայթակղիչի` հիմնականում կերպարային-սյուժետային նույն բանալիով բացված գրական և բեմական նախատիպերին քաջածանոթ հանդիսատեսը երկմտում է. արդյո՞ք չի վրիպել գեղարվեստական ղեկավարը: Էրոտիկ, կենցաղային, քրեաֆանտասմագորիկ արտասովոր սյուժետային խաչաձևումներով ինտենսիվ թողարկվող անմիտ ֆիլմերով ու թատերայնացված գռեհկաբանություններով սիրահոժար «կերակրվող» սերիալամոլ զանգվածների կտրուկ սահմանափակված ինտելեկտուալ պահանջներին հագուրդ կտա՞ ներկայիս սուղ միջոցներով բեմ բարձրացված հերթական ներկայացումը հասարակ անուն դարձած միջնադարյան ասպետի սիրային, այսօրվա հեռվից պարզունակ, հանրահայտ արկածախնդրության մասին: Այդուհանդերձ գայթակղությանը չի դիմանում և գնում է թատրոն. ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի հեղինակած բեմադրությունները, որպես կանոն, յուրատիպ գրավչություն են ունենում: Ինչի էլ ձեռնարկի` նորովի հաստատում է իր գեղագիտական հավատամքը: Ներկայացրած աշխատանքների ներգործած տպավորությունների իմաստալից գունագեղությունը, անկախ խորագետ ռեժիսորական «դիկտատից», ամեն դեպքում, ավարտուն ցայտունության է հասնում ընտրված դերասանախմբի կատարողական կենդանացնող ներուժով միայն: Գիլյերմի Ֆիգեյրեդոյի «Դոն Ժուանը» այս առումով մշտական հանդիսատեսին հաճելիորեն զարմացրեց` բոլոր հինգ դերակատարներն էլ կերպավորման կարողութ յունների հասունության հայտով հանդես եկան, հատկապես Արմեն Բարսեղյանը (Լեպորելլո) և Լուիզա Ղամբարյանը (դոննա Իսաբել), որոնց ուսերին էր հիմնականում ընկած քնարաշունչ զավեշտախաղի ծրագրված դինամիկայի անսայթաք զարգացումը: Ինչ-ինչ գույներ բերելով նախորդ դերակատարումներից` Արմեն Բարսեղյանը Դոն Ժուանի տխրահռչակ համբավն ապահովող ու տարածող ծառայի դերում հասնում է կերպարային աննախադեպ հավաստիության: Հարափոփոխ դիմախաղով, հեգնախառն ցինիզմով շաղախված հյութեղ խոսքի երանգավորումներով, անբռնազբոսիկ բեմական վարքագծով Բարսեղյանը աննկատ նույնանում է խաղացած հերոսի կերպարի հետ` հընթացս հարստացնելով ներկայացման ասելիքը կենսական աշխուժությամբ: Կանանց գայթակղելու «արվեստում» այս Լեպորելլոն, բարենպաստ հանգամանքների բերումով, գլխապտույտ հաջողություններ է ապահովում տիրոջ համար` ինքն էլ լիուլի բավարարություն գտնելով ինտիմ հարաբերությունների իր իսկ նյութած (դյութած) որոգայթներում: Հանրագումարելով կոնկրետ իրավիճակները` հստակ մարտավարություն է մշակում` անկողնային սիրո «տրակտատ», որով նույնքան հպարտ է, որքան տիրոջ ինտիմ հաղթարշավի` տղամարդկանց նախանձոտ ատելությունը և կանանց հեշտասիրությունը գրգռող մտացածին «կատալոգով»: Նրա Լեպորելլոն դառնում է գեղարվեստական այս անսովոր հետազոտության բեմական ճշմարտացիությունը հավաստող կենտրոնական գործող անձը: Եվ դա միանգամայն արդարացված է Ֆիգեյրեդոյի հետամտած նպատակով: Ըստ էության, սա պատմություն է ստվերում մնացող այն մարդուկների մասին, որոնք նպաստավոր տվյալներ ցուցանող անհատի երևութական համբավն ու փառքն են կռում ու ամրապնդում ճարպիկ խամաճիկավարների հնարամտությամբ` գոհանալով իրեն մշակած տեսության անվրեպ ներգործությամբ հասարակական գիտակցութ յան վրա ու, դրանով պայմանավորված, ցնցող արդյունքներով իրական կյանքում: Զգայարաններով առաջնորդվող մարդիկ, սովորաբար, ականջ չեն դնում տրամաբանության զգաստացնող ձայնին: Դյուրությամբ տարածվող համբավը (իմիջը) ընդունվում է որպես դոգմա, հայեցակետ: Առաջնորդում կույր մտոք ամբոխին, որն իր ենթագիտակցական, բնազդային վարքուբարքով հաստատում ու տարածում է մտապատրանքային հորինվածքը, ամրագրում անբեկանելի հասարակական կարծիքի կարգավիճակով` կապանքելով որպես խաչելության պատիժ (երբեմն` երկնային պարգև) դրան արժանացած անհատի ազատությունը, բռնանալով կամքի ու ամենասովորական թվացող մարդկային իրավունքների, ցանկությունների վրա: Մոտավորապես այս գաղափարն է զարգացվում արտաքուստ սոսկ կատակերգական «Դոն Ժուան»-ի ներկայացման մեջ` ձևավորելով յուրատիպ գեղարվեստական հակաթեզը մինչ այժմ ամենքիս կողմից անվերապահորեն ընդունված պատկերացումների` հիմնված ճակատագրական սառնասիրտ, չարագործ կնամոլի մասին հյուսված դարավոր լեգենդի տարբեր գրական արտահայտությունների ընդհանուր իրատեսական տպավորության վրա. մշտառկա է այս տիպը կյանքում, բոլոր ժամանակներում… Դոնժուանական ֆենոմենի ստերեոտիպի ակնկալվող բեմական հմայքից զուրկ է Գրիգոր Խաչատրյանի հերոսը: Ոչ միայն արտաքուստ: Ի սկզբանե հարուցելով հանդիսասրահի ներքին ընդդիմությունը` այս հանգամանքը որոշակի համոզչականություն է հաղորդում Ֆիգեյրեդոյի մտահղացած կերպարի բեմավորմանը` անկախ դերակատարի տեղ-տեղ թուլացող ներքին լարվածությունից, խաղարկային հոգեբանական պասիվությունից: Կոմանդորի արձանի հետ ծխամած շանթ ու որոտով գիշերային արտասովոր հանդիպման վառ թատերային դրվագից` պատումի խորհրդավոր նախերգանքից հետո ծավալվող իրադարձությունների հենց սկզբից միանգամայն պարզ է դառնում, որ արտասովոր ոչնչով աչքի չընկնող այս սիրակարոտ Դոն Ժուանը, տգետ ինտրիգան Լեպորելլոյի հետևողական ջանադրությամբ «դաստիարակվելով», ակամա է որդեգրել իր մարդկային նկարագրին խորթ ապրելակերպ, որի արտառոց դրսևորում ների ամենակուլ սարդոստայնում խեղդամահ լինող ազնիվ մղումների դատապարտվածության գիտակցությունից դրամա է ապրում: Անձնական դրամա, որ ողբերգական երանգներ է ստանում 500 միանձնուհիներից առաջինը Դոն Ժուանին պատկանելու իրավունքով նրա տանը հայտնված Կոմանդորի դստեր` դոննա Աննայի բորբոքած սիրո կրակի բոցերում: Հմայիչ է Լիլիթ Մեսրոպյանի Աննան, աղջկական կենսախինդ անմիջականության վարակիչ ու անզիջում անկեղծությամբ, տեսարանից տեսարան ավելի համակրելի, սիրարժան: Եվ սրտանց ուրախանում ես ավարտական տեսարանում նրա Աննայի հետ Դոն Ժուանի վերագտած երջանկության համար, չնայած մելոդրամատիկ այդ լավատեսական հանգուցալուծումն անհարիր ես գտնում բեմական այս պատմության տրամաբանությանը (դյուրին չէ ամենևին հրաժարումը հասարակության կողմից պարտադրվող կենսակերպից), ինչին Սիրո հավատավոր բեմադրիչը չի էլ փորձել միջամտել: Ընդհակառակը, զուգորդելով Աշոտ Փափազյանի կողմից հրաշալի գտնված երաժշտական ձևավորման հետ (սիրակարոտ թառանչ, որ, ռեֆրենի նման հնչեցվելով, ամբողջացնում է հոգեբանական-քնարական ենթատեքստը, հարուցում բառերով չփոխանցվող էլեգիկ զգացողություն), ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի ստեղծած տրամադրող միջավայրում լուսային (Վահագն Միքայելյան) և իլյուզիոնիստական (Վարդան Ամիրյան) հնարքներով հեքիաթային արժանահավատությամբ է օժտել սիրային թեմայի ինտրիգող անցումներով ուշագրավ բեմապատումը: Կառուցիկ բեմադրական իր ուրույն ձեռագրով Արմեն Խանդիկյանը ուղղորդել է ընդհանուր տարաժանր խաղաոճը` հնարավորություն տալով դերակատարներին առավելագույնս ի ցույց դնելու տարիներով ձեռք բերած բեմափորձի ողջ պաշարը: Սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ներշնչող այս բարյացակամությամբ եմ հիմնավորում Գրիգոր Գաբրիելյանի հաստատուն վերադարձը մեծ բեմ, որի հավաստիքներից է նաև նրա Կոմանդորը: «Դոն Ժուան» ներկայացման ակներև նվաճումներից է Լուիզա Ղամբարյանի դոննա Իսաբելը` իր կոլորիտային գերակտիվությամբ, գրոտեսկախառն պլաստիկ սեթևեթանքով, ինքնահատուկ կանացի գրավչությամբ: Դոն Ժուանին համառորեն հետապնդող այս բամբասկոտ չաչանակի յուրաքանչյուր բեմելը բուռն արձագանք է գտնում հանդիսասրահում` զգալիորեն ապահովելով կանխամտածված կտրուկ անցումների ակնկալվող ներգործությունը, սրընթաց տեմպոռիթմի անխաթարութ յունը: Զավեշտական իրավիճակները, որոնցում հայտնվում է այս Իսաբելը, ասես ինքնաբուխ են ծնվում բեմի վրա, երբեմն նկատվող մաներայնությունը նույնիսկ ավելի է սրում դրանց հարուցած ծիծաղը: Ուրեմն խաբուսիկ չէր խանդավառությունս դերասանուհու վարպետացման նշաններ ցուցանող խաղից «Կատակերգություն»-ում (ըստ Պարոնյանի), և այսուհետ կարելի է ավելի բարձր պահանջներ ներկայացնել նրան, վստահել ռեժիսորական ավելի բարդ խնդիրների բեմավորում: Արմեն Խանդիկյանի նոր բեմադրությունը նրա անցած բովանդակալից ճանապարհի օրգանական շարունակությունն է, լիարյուն ստեղծագործություն, որ, աճելով ու ամրանալով, իր արժանի տեղը կունենա թատրոնի խաղացանկում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ