Գիշերահավասարի մեղեդիները


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ ԺՅՈՒԼԻ ՍՈՐԵԻ նախաձեռնությամբ մեզանում սկիզբ է դրվելու մասսայական երաժշտական տոնախմբության ավանդույթին` աշխարհի 100 երկրների շուրջ 340 քաղաքների օրինակով նշանավորելու ամառային գիշերահավասարի օրը երեկոյից մինչև կեսգիշեր տևողությամբ բացօթյա համերգաշարով: Մեկնարկելով Մոսկովյան պուրակում` երաժշտական տարաոճ կենդանի կատարումներով (սիրողական և պրոֆեսիոնալ) անսահմանափակ տարողունակ լսարանին հոգեկան բավականություն պարգևելու առաքելություն ստանձնած աննախադեպ շքահանդեսը ներառելու է Ազատության և Շարլ Ազնավուրի հրապարակներում, կոնսերվատորիայի պուրակում երաժշտական հոգեթով իմպուլսներ որոնող զվարճասեր մասսաներին` առաջնորդելով դեպի Աբովյան փողոց: Ի դեպ, նորաստեղծ տոնակատարությանը իրենց անմիջական մասնակցությունը կարող են ունենալ նախապես հայտ չներկայացրած սիրողական և պրոֆեսիոնալ խմբեր` տոնական շուք հաղորդելով նաև Կենտրոնից դուրս գտնվող թաղամասերին: Կդառնա՞ այս տոնախմբությունը համահայկական` կախված է յուրաքանչյուր մասնակցի բարի կամքից: Ուշագրավ մի հանգամանք: Ամառային գիշերահավասարի երաժշտական օրվա ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ, ամենուր ներկայացվելու է հայկական երաժշտություն: Ականջալուր լինենք գիշերահավասարի մեղեդիներին, դրանցում գուցե յուրահմա կախարդանք կա:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ