ՄՈՏ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԱՄԱՆՈՐԻ ԾԱԽՍԵՐ ՉԻ ԱՆԻ


Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 35 տոկոսը` ըստ պաշտոնական աղբյուրների: Իրականում այս տոկոսն ավելի բարձր է, եթե հաշվի ենք առնում նվազագույն և միջին աշխատավարձերը և կենսաթոշակները: Սա նշանակում է, որ մոտ կես միլիոն մարդ զրկված է նվազագույն զամբյուղից, ինչն էլ հուշում է, որ այդքան մարդ հնարավորություն չի ունենալու առնվազն 50 հազար դրամ ծախսել` Ամանորի սեղան պատրաստելու համար:

Իսկ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարի, ամենահամեստ հաշվարկներով, առնվազն 200 հազար դրամ է պետք` Ամանորը դիմավորելու և քիչ թե շատ տոնական սեղան ունենալու համար: Սա` ամենահամեստ հաշվարկներով: Իսկ քանի՞ մարդ կարող է այսօր ծախսել այդ 200 հազար դրամը` ողջ հունվար ամսին քաղցած նստելու հեռանկարով: Մանավանդ որ` գազի սակագնի թանկացումն արդեն իսկ մարդկանց շփոթեցրել է. ինչպե՞ս են ջեռուցում բնակարանները, ինչպե՞ս են վճարելու ջեռուցման դիմաց… Մեր հպանցիկ հետազոտությունները ցույց տվեցին, միայն մայրաքաղաք Երևանում շատերը որոշել են այս տարի տոնական սեղանների համար չնչին ծախսեր անել` իրենց միջոցները խնայելով` ջեռուցման ծախսերը հոգալու համար: Ոմանք, իհարկե, պնդում են, որ այլևս նպատակահարմար չէ ամանորյա ծախսեր անելը, կարելի է մինչև կեսգիշեր լինել հրապարակներում, ուրախանալ, գնել ընդամենը մեկ շիշ շամպայն, շնորհավորել Ամանորը, իսկ հաջորդ օրն արթնանալ սովորականի նման և օրն անցկացնել տոնական հաղորդումներ դիտելով…