ԻՆՔՆԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ
Նախագահի ընտրություններում ընդդիմությունը չի միավորվելու: Պարզից էլ պարզ է, որ սրանում ամենից շատ հենց արմատականների առաջնորդներն են համոզված: Ի վերջո, ժամանակ առ ժամանակ ինքնաառաջադրվելու մասին կիսաբարձրաձայնող արմատականները լավ են հասկանում, որ այս պահին, այսինքն ժամկետից շուտ, բոլոր խաղաթղթերն ի ցույց դնելն է°լ ավելի է նվազեցնում հետաքրքրությունը սպասվող քարոզչական գործընթացի հանդեպ: Կարճ ասած` դարձյալ պետք է թողնել, որ միավորվելու հույսը այս անգամ ևս ամենավերջում մեռնի: Առավել ևս, որ դրանում կասկածողներ այլևս գրեթե չեն մնացել: Այսքանից հետո «Նախագահի ընտրություններ-միասնական ընդդիմադիր թեկնածու» չկայանալիք օպերացիան թերևս ճիշտ կլինի մեկընդմիշտ ձախողումների պատմության գիրկն ուղարկել: Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, այս օրերին համախմբվելու թեման բոլորից ակտիվ շրջանառում են հենց արմատականները` առաջին դեմքերի մակարդակով պարբերաբար հավաքվելով Երևանի տարբեր սրճարաններում և քննարկելով մեն-մի խնդիր` Նախագահի մեկ միասնական թեկնածուով ընտրութ յուններին մասնակցելու հարցը: Նշված հավաքներն առաջին հայացքից որքան անսպասելի, այնքան էլ տարօրինակ ենթաշերտեր ունեն: Այսպես, ընդդիմությունը համախմբվելու ճիգեր է գործադրում քաղաքական ակտիվության տեսակետից ամենամեռյալ` ամառային սեզոնին: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ խորհրդարանական ընտրություն ների նախաշեմին դրա բոլոր փորձերն անվերադարձ ձախողվեցին: Կարելի էր կարծել, որ հատկապես քվեարկության դառնահամ արդյունքները ճաշակելուց հետո ընդդիմադիրները դեռ երկար ժամանակ չեն կարողանա «խելքի գալ»: Ավելին: Արդյունքները կարող էին պատճառ դառնալ համագործակցության մնացած եզրերը ևս իրարից է°լ ավելի հեռու վանելու: Բացի այդ, ընդդիմությունը ԱԺ ընտրությունների դերն ու իր հնարավոր հաջողությունը բնավ չէր կարևորում դեռ այն ժամանակներից` անթաքույց կերպով սլաքն ուղղելով դեպի Նախագահի ընտրություններ: Չկարևորելով, բայց նորից չմիավորվելով` դարձյալ քիչ հավանական է թվում, թե դա կարող է տեղի ունենալ հենց Նախագահի ընտրություններից առաջ, երբ դատելով ամենից` սեփական շահի կարևորությունը «խոստացվածի» համաձայն բազմապատկվելու է: Եվ սա բոլորովին էլ այն դեպքը չէ, երբ շահի մեծության գիտակցումը կարող է միաբանել այդքան խայտաբղետ ճամբարի բոլոր բևեռները: Նման օրակարգով քննարկումներ ոչ առաջին, ոչ էլ առավել ևս վերջին անգամ են կազմակերպվում, և նախկին սցենարների կրկնությունը տվյալ դեպքում ևս ոչ միայն հավանական է, այլ նաև տեսանելի: Եվ վերջում ամենակարևորի` աշակերտի պարտաճանաչությամբ սրճարաններում հավաքվող քաղգործիչների մասին: Հաշվարկն այնքան պարզ է, որ դրան հաշվարկ էլ չարժե անվանել: Պարզապես յուրաքանչյուրն ինքն իրեն ապահովագրում է` ավելի ուշ համոզելու, որ արել է հնարավորինը` միասնական թեկնածու հայտնաբերելու գործում: Նախագահացուների ցանկությունը թերևս միայն այսքանն է: