Օ¯, ժամանակներ, օ¯, բարքեր


Օգոստոսի 26-ին թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն, օգտվելով քաղաքացիական իր իրավունքից և չցանկանալով «անտեր» թողնել այդ ընտրատարածքի բնակչությանը, պատրաստվում է ողջ ուժերը կենտրոնացնել «Արագածի փեշերից մինչև Արաքսի, Ախուրյանի խառնարանն» ընկած հատվածի ընտրապայքարում հասնել հաղթանակի: - «Ժառանգություն» կուսակցության ողջ ուժը, որքան էլ համեստ, ուղղված է լինելու այս ընտրապայքարին: Մենք ակնկալում ենք զույգ մարզպետների, քաղաքապետի, բազմաթիվ գյուղապետերի աջակցությունը արդար, հայկական ավանդույթներին, բարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու հարցում, որովհետև ընտրություններից հետո յուրաքանչյուրի հետ աշխատելու ենք որպես ընտրատարածք ներկայացնող պատգամավոր: Երևում է` Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է իր հաղթանակին, քանզի կարծում է, թե սեփական ռազմավարության ատրիբուտներից ամենագլխավորի` ջերմ ձեռքսեղմումի միջոցով ընտրողին փոխանցվող ազգի ժառանգությանը տեր լինելու համոզմունքը քվեներով ծանրացած նժարը կթեքի իր կողմը: Ինչևէ, սպասենք ևս 26 օր: Ինչ վերաբերում է Նախագահի ընտրություններում սեփական թեկնածության առաջադրմանը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նախ պետք է լուծի իր քաղաքացիութ յան ժամկետի հարցը, ինչի համար, ըստ իրեն, Հայաստանի անկախացման օրվանից ի վեր կան իրավական բոլոր հիմքերը: - Աստված մեզ յուրաքանչյուր օր տալիս է` անցյալը վերանայելու, ուղղելու համար, և ես կարծում եմ, որ գործող նախագահը, ինչպես և վարչապետը հնարավորութ յուն ունեն սեփական սխալն ուղղելու և նոր հրամանագրով հնարավորության պատեհությունը տալու համար: Եթե այդպես լինի, «Ժառանգությունը» համաժողովով կորոշի իր անելիք քայլը: Բայց եթե ոչ, խնդրե°մ, դա կենաց-մահու հարց չէ, դա կյանքի նպատակ չէ, և «Ժառանգությունը» իր այլընտրանքը կներկայացնի բոլոր տեսակի ընտրությունների համար,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, չբացառելով ընդդիմության որևէ այլ թեկնածուի պաշտպանությամբ հանդես գալու հավանականությունը, հաստատեց օրերս երևանյան սրճարաններից մեկում ընդդիմության մի քանի լիդերների հետ հանդիպման փաստը: Ըստ նրա, արտաքին և ներքաղաքական բոլոր հարցերի վերաբերյալ հաղորդակցության ուղիները միշտ պետք է բաց լինեն: - Պարոն Հայրիկյանը զանգել է մեր գրասենյակ խորհրդակցության հրավիրելու խնդրանքով, և Վարդան Խաչատրյանը մասնակցել է այդ հանդիպմանը: «Ժառանգութ յունը» նպատակ չունի որևէ նոր մարմնի մաս կազմելու, սակայն բաց է նաև երկկողմանի և բազմակողմանի քննարկումների համար: Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի, թե ի՞նչ «նոր մարմնի» մասին է խոսքը: Տեղեկացնենք, որ առաջիկայում հավանաբար կստեղծվի Հայաստանի նախագահի ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու կողմնակիցների խորհրդակցական մարմին, որի կազմում կընդգրկվեն ԱՄ, ՀՀՇ, ՕԵԿ, ՀԺԿ, ՀԴԿ, ՍԻՄ նախագահներն ու Աշոտ Մանուչարյանը: Արամ Զավենի Սարգսյանի համաձայնությունն անհայտ է, իսկ ահա «Ժառանգությունը» նպատակ չունի «մարմնի» մաս կազմել: Բնույթով ընդդիմադիր «Ժառանգության» համագործակցության հեռանկարները չափազանց լայն են այնքանով, որ դեմ չէ Նախագահի ընտրություններում աջակցել անգամ ՀՅԴ թեկնածուին: Ինչպես հավաստիացնում է ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը` - Մեր և «Ժառանգության» միջև հարաբերությունները միշտ էլ կառուցողական բնույթ են կրել, ընդհանրություններ շատ կան: Սա արդեն լուրջ հիմք է` համագործակ ցության հնարավորություններն ավելի ամրացնելու և այդ հեռանկարին միտված ինչ-որ ծրագրեր ունենալու համար: Եվ քանի որ յուրաքանչյուր գործարք հետապնդում է երկկողմանի շահույթ, ուստի, ըստ Արմեն Ռուստամյանի` «ամենայն հավանականությամբ մինչև 2008-ի Նախագահի ընտրությունները երկքաղաքացիության մասին օրենքը կընդունվի»: Դաշնակները խոստացել են, ուրեմն կանեն, հետո ի՞նչ, որ նախկինում պայքարում էին նույն օրենքի դեմ: Այ, թե ինչպիսի ժամանակներ են, ինչպիսի բարքեր:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ