«Ինչ, որտեղ, երբ»


Քաղաքական դաշտում վայրիվերումներով ընթացող «խաղերը» երբեմն-երբեմն ընդմիջվում են հասարակական կյանքում իրականացվող ոչ պակաս կարևոր իրադարձություններով: Դրանցից մեկը հուլիսի 20-22-ը Վրաստանում կայացած Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 9-րդ առաջնությունում հայ գիտակների փայլուն հաղթանակն էր: Գենետիկ խելքով և բնածին ունակություններով օժտված հայկական 5 թիմերը (ԱՍՍԱ, ԴԱՖ-ՀՀԿ, «Գլյուկի», «Մեդիկուս-Հայաստան», «Պերեզագրուզկա») մի քանի մրցաշարերում պայքարում էին վրացական 15 և ադրբեջանական 8 թիմերի հետ: «Ինչ, որտեղ, երբ» մրցարշավում երևանյան «Պերեզագրուզկա» (Երևանի ճարտարագիտական համալսարան) թիմը առաջին հորիզոնականը կիսել է Թբիլիսիի «Գալախադ» թիմի հետ: Եթե երեք տարի անընդմեջ Բաքվում կայացած ինտելեկտուալ խաղերի առաջնությանը հաղթանակի դափնիներն անվերապահորեն շնորհվում էին ադրբեջանական թիմերին, ապա Վրաստանում հաղթողի պատվանդանին հային «ընկերացավ» նաև վրացին: Գուցե ընդունված կարգ է, որ հյուրընկալող թիմը շահեկան վիճակում է հայտնվում: Մնում է հուսալ, որ Հայաստանում նույնպես կկազմակերպվի նման առաջնություն, թեև հարկ է նշել, որ նման խաղերի կազմակերպման համար կպահանջվի 150-200 հազար դոլար, ինչն, ի տարբերություն ադրբեջանցիների, մեզ համար դժվարալուծելի խնդիր է: Ինտելեկտուալ խաղերի առաջնության անցկացումը Բաքվի համար ռազմավարական նշանակություն ունի և քանի որ այն հեռարձակվում է նաև Ռուսաստանի հեռուստաալիքով, ուստի ադրբեջանցիներին հարկավոր է ստեղծել ինտելեկտուալ «ազգի» իմիջ, որպեսզի չհամարվեն միայն «կանաչի և ծաղիկ վաճառող ժողովուրդ»: Սեփական իմիջի բարձրացման համար նրանք գումարներ չեն խնայում: Հայաստանում սակայն այլ է խնդիրը: - Մեր խաղերը լավ չեն ֆինանսավորվում,- ասում է «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը:- Իր թիմի նկատմամբ առավել առատաձեռն է Հանրապետական կուսակցությունը: Այս տարի իր թիմին հովանավորեց նաև Բժշկական համալսարանը: Բայց մեր թիմը 2003-ից առ այսօր մրցույթներին մասնակցում է սեփական միջոցներով` բավականին սուղ ֆինանսներով: Մենք վստահ ենք մեր մտավոր ներուժին, սակայն վատ չէր լինի, որ կազմակերպչական որոշ խնդիրներ (հյուրանոց, սնունդ և այլն) լուծվեր հովանավորի կողմից: Մինչդեռ 8-10 տարի առաջ մեր գիտակների հավաքականը Մոսկվայի առաջնությունում հանդես էր գալիս լուրջ հովանավորների աջակցությամբ: Կարծում եմ` այս հարցում անհրաժեշտ է պետական կառույցների ուշադրությունը: Հուրախություն մեզ, հայկական հեռուստաընկերությունները նույնպես ավանդույթ են դարձրել ինտելեկտուալ խաղերի անցկացումը: Նման խաղերն իրոք բոլոր տարիքի մարդկանց ուղեղները փրկում են «ժանգոտվելուց»: Իսկ նման «մինի» առաջնություններ առանց հովանավորների չի կազմակերպվում: Ուրեմն կարող են գտնվել հովանավորներ, ովքեր հայկական հավաքականին ինքնավստահություն կներշնչեն` անդրկովկասյան հետագա առաջնություններում և մասնավորապես Հայաստանում կազմակերպվող ինտելեկտուալ խաղերում: ԻԲՐԵՎ ՆԿԱՏԱՌՈՒՄ. Ողջունելով մեր թիմերի հաջող մրցելույթները, հորդորենք նաև, որ հայեցի անուններ ընտրեն և Հայաստանը ներկայացնեն ազգային արժանապատվությամբ: Իսկ մտավոր այդ ներուժը նրանք հաստա°տ ունեն:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ