Առաջադիմություն պոռանք, ետ-ե՞տ երթանք Խոսքը լսում ենք, գործը չենք տեսնում


Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանին լսելիս մեր կրթության համակարգը իսկական հրաշք է թվում, եւ քիչ է մնում մտածես` էս մի ոլորտը լավ էլ բարեփոխել ենք: Իսկ երբ կտրվում ես մատուցված փաստերից ու թվերից, իրականությունը բոլորովին այլ կերպ է ներկայանում: «Հիմա ո՞վ է սովորողը, սովորեցնողն ո՞վ է». հռետորական այս հարցերը հասարակության թերահավատությունն են փաստում: Իսկ ոլորտի պատասխանատուն ճիշտ հակառակն է ասում. ուսումնական տարին ավարտել ենք 98 տոկոս միջին առաջադիմությամբ, իսկ շուրջ 53 տոկոսը լավ և գերազանց սովորողներն են: Եվ, ինչպես ժողովուրդն է ասում, հերու էլ էսպես չէր: Անցյալ տարվա համեմատ 2 տոկոսով առաջադիմել ենք: Ստացվում է, որ որքան համակարգն առաջադիմում է, այնքան հասարակությունը դպրոցից դժգո՞հ է: Լավ, բա էդ առաջընթացի շունչը ինչո՞ւ չի հասնում հասարակությանը, մարդիկ ինչո՞ւ չեն զգում ու տեսնում առաջընթացը: Հասարակությունը զգում ու տեսնում է այն, ինչ իրականում կա: Իսկ կա այն, ինչ կա: Շուկայական հարաբերությունները տեղը-տեղին մտել են դպրոց: Որոշ տնօրենների այլ կերպ չես կոչի, քան ցեխավիկներ: Կամավոր-պարտադիր (կամ էլ կամավոր անվան տակ պարտադիր) դրամահավաքը` այս կամ այն շինծու պատրվակով դպրոցական առօրյայում վաղուց հաստատված երևույթ է: Թող ոլորտի պատասխանատուները հա ասեն` թե կան առանձին դեպքեր: Թող ժամանակ առ ժամանակ հնչեն հավաստիացումներ, թե աշակերտից գումար հավաքող մանկավարժն ու տնօրենը դպրոցում անելիք չեն ունենա: Թող այս մասին ահազանգող լրագրողներից կոնկրետ փաստեր պահանջեն` միշտ պատրաստ դրանք հերքելու: Էս բոլորը ի՞նչ, երբ հասարակությունը այս ամենը տեսնում ու լսում է և լավ գիտի իրողությունը: Այլապես եթե ամեն բան այսքան լավ է, ինչո՞ւ հասարակության ընկալումներում և գնահատականի մեջ ոչինչ չի փոխվում, ինչո՞ւ է հասարակությունը շարունակում դպրոցի նկատմամբ թերահավատ լինել: Եվ գլխավոր փաստը, որ կարելի է հրամցնել ամեն ինչ այնքան վառ ու վարդագույն ներկայացնող պաշտոնյաներին, հենց սա° է. հասարակության լսածը մի բան է, տեսածը` բոլորովին այլ բան: Իսկ դպրոցների տնօրենների ինքնիրավչությունը ընդարձակել է իր սահմանները: Երևան է եկել մի նոր երևույթ, որի օրինակները արդեն կա քաղաքի տարբեր համայնքներում: Տնօրենների կամքով դպրոցամերձ տարածքը ընդարձակվում-պարսպապատվում է: Ինչո՞ւ: Ումի՞ց և ինչի՞ց են պաշտպանում իրենց, ումի՞ց և ինչի՞ց պատսպարվելու խնդիր ունի դպրոցը, հասկանալի չէ: Եվ սա այն դեպքում, երբ համայնք-դպրոց կապն այսօր դպրոցավարման, կրթադաստիարակչական գործընթացի կարևոր բաղադրիչ է համարվում: Իսկ տնօրենը, ահա, իր դեմ է դուրս բերում ծնողական համայնքին, ողջ աշակերտությանը, շիկացնում մթնոլորտը: Եվ իրար հետ ճակատ տալով, հաղթելու-պարտվելու մթնոլորտում էլ պիտի երեխա դաստիարակեն: Կրթության վարչությունը նկարած թվերի, ուռճացրած առաջադիմության փոխարեն գեթ մեկ անգամ էլ թող այս մասին խոսի:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ