ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ԽԹԱՆ


1. Ապավեն լինել արվեստագետին Մեր ժամանակների համար դժվարին առաքելություն է ստանձնել 2002-ին ամերիկաբնակ Նարեկ Հարությունյանի հիմնադրած «Նարեկացի» արվեստի միությունը: Եվ չափազանց կարևոր` հարանորոգ ծրագրերի իրագործմամբ խթանել մշակույթի բոլոր բնագավառների ստեղծագործական հնարավոր վերելքը` ճանապարհ հարթելով նորահայտ շնորհալիների կայացման համար: Միայն 2005-2007 թթ. ընթացքում կազմակերպվել են մոտ 700 տարաբնույթ միջոցառումներ` համերգներ, նկարչական ու դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդեսներ, գրական-երաժշտական հանդիպումներ, մենաներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ… Հաշմանդամներին հասարակությանը լիարժեք ինտեգրելու նպատակով միությունում անհրաժեշտ պայմաններ են ապահովված անցկացվող միջոցառումներին նրանց անկաշկանդ մասնակցության համար: Ազգային նվագարանների նկատմամբ հետաքրքրությունն աշխուժացնելու նպատակով երաժիշտ Արա Գևորգյանի մտահղացմամբ և լիբանանահայ բարերար Ալֆրեդ Թերզիբաշյանի ֆինանսական աջակցությամբ շուրջ 2 տարի է, ինչ թառի ու քամանչայի անվճար դասընթացներ են անցնում երկու տասնյակ երեխաներ` ստանալով նաև կրթաթոշակ: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Լևոն Իսկենյանի հիմնած «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերությունը, արտերկրում գործող հայ երաժիշտների ներգրավմամբ, համերգային ծրագրերով պրոպագանդում է դասական և ժամանակակից քիչ հայտնի կամ սակավ կատարվող կամերային ստեղծագործություններ: Ժամանակակից լավագույն սարքերով հագեցած ձայնագրման ստուդիայում կոմպոզիտորներին ու գործիքավորողներին հնարավորություն է ընձեռվում ձայնագրություններ իրականացնել` միաժամանակ տիրապետելով հնչյունավորման նրբագույն տեխնոլոգիաներին: Երիտասարդ կոմպոզիտորների մրցանակաբաշխությունում հաղթած ստեղծագործությունների ձայնասկավառակները տարածվում են արտասահմանում` նախապատրաստելով նրանց միջազգային ճանաչումը: Առանձնակի ուշադրության են արժանացել Լուսինե Գրիգորյանի կոմիտասյան կատարումները դաշնամուրով, Աննա Մայիլյանի հնչեցրած «X դարի հոգևոր երգերը», Արտո Թունջբոյաջյանի «Ավանգարդ ֆոլկ»-ը: Հայաստանի առաջատար երաժիշտների մասնակցությամբ ««Նարեկացի»-ն ներկայացնում է» համերգաշարն ունի իր մշտական ունկնդիրը: Միության գրահրատարակչական ձեռքբերումներից են` Արտո Չաքմաքչյանի «Պատկերներ և քանդակներ» (2003), «Դիմանկարներ» (2006) ալբոմները, Աշոտ Պետրոսյանի նարեկագիտական աշխատությունները, Հրայր Խաչերյանի և Մեսրոպ Աշչյանի «Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան» ֆոտոալբոմը և այլ գիտական, գեղարվես տական, պատմաճանաչողական հրապարակումներ: Միության հայանպաստ ձգտումներն առավելագույնս դրսևորվեցին 2006-ի օգոստոսից Շուշիի մասնաճյուղի լիարյուն գործունեությամբ եռահարկ նորակառույց համալիրում` զարգացման կոնկրետ հեռանկարներով: 2. Ֆրանսիական կինոյի երեկն ու այսօրը «Նարեկացի» արվեստի միության առաջնային մտահոգություններից է Հայաստանում կինոարվեստի զարգացմանը նպաստելը ֆիլմ կենտրոնի` փոխշփումներով հարուստ միջավայր ստեղծող գործունեությամբ և նորագույն սարքավորումներով համալրված ստուդիայում կինոբեմադրիչներին աշխատելու հնարավորության ընձեռմամբ: Գեղեցիկ ավանդույթ են դարձել «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագրի շրջանակներում ֆիլմերի ցուցադրությունները, որոնք հետևողականորեն վերականգնում են կինոսիրողների կապը բարձրաճաշակ, թեմատիկ խորիմաստ բազմազանությամբ երբևէ չարժեզրկված համաշխարհային կինոարվեստի հետ: Այդ անթաքույց նպատակն էր հետապնդում ֆրանսիական դեսպանատան հետ վերջերս համատեղ անցկացված միջոցառումը «Ֆրանսիական ֆիլմերի օրեր» խորագրով (զարմանալի է, որ ցուցադրություններն անցնում էին կիսադատարկ դահլիճում): Անին և Ժյուլին, միմյանց լրացնելով, հակիրճ պատկերացում էին տալիս ներկայացված 15 ֆիլմերից յուրաքանչյուրի մասին` չմոռանալով արժեքավորել դրանց հեղինակների ընդհանուր ստեղծագործական նկարագիրը: Ամենաամբողջականն, անշուշտ, «Ֆրանսիական վավերագրական ֆիլմի հոր»` Ժան Ռուշի կինոդիմանկարն էր: Մոտ 120 վավերագրական ժապավեններով 1947-2002 թթ. հյուսված նրա բեղուն տարեգրության որոշ էջեր բեկումնային նշանակություն են ունեցել ֆրանսիական վավերագրական կինոարտադրության զարգացման համար: Միագիծ չի եղել Ռուշի մուտքը կինոաշխարհ: Որպես ինժեներ աշխատելով Աֆրիկայում, գուցե աֆրիկուհի տատի` Կալիայի գենետիկ ժառանգության կանչով, բուռն հետաքրքրասիրություն է հանդես բերել տոհմային յուրահատկությունները պահպանած տեղաբնակների նիստուկացի, ծիսակատարությունների նկատմամբ: Անմիջական տպավորությունները նկարահանելիս էլ պահանջ է զգացել մասնագիտական կրթություն ստանալու, չնայած ժամանակի ընթացքում ինքնաբուխ հասել էր ինչ-ինչ գաղտնիքների տիրապետմանը: Ռուշի «Խենթ տիրակալները» (1955), «Ես տալիս եմ ձեզ» (1959), «Առյուծի որս նետ աղեղով» (1965), «Քիչ, քիչ» (1972) ժապավենների հերոսները գաղութային ճնշման ազդեցությամբ համաշխարհային քաղաքակրթության խմորումներից գրեթե անմասն մնացած սևամորթներն են, որոնց նկատմամբ Ռուշը բարեհոգի վերաբերմունք է դրսևորում: Առանցքային նշանակություն ունի այս առումով Կաննի կինոփառատոնում քննադատների մրցանակին արժանացած «Մի ամռան խրոնիկա» (1960) ֆիլմը: Նաև` Ռուշի որդեգրած «cine°ma ve°rite°» ուղղության բնութագրական կողմերով, ձայնի կենդանի (ոչ` կադրից դուրս) հնչողությամբ և նեոռեալիստական մունջ դրվագներով, արծարծվող թեմայի կյանքային անբռնազբոսիկ վերարտադրությամբ: Ըստ էության, ֆիլմը ներկայացնում է Էդգար Մինորի սոցիոլոգիական հետազոտությունների ընթացքը` որոշակի գաղափար տալով անցյալ դարի 60-ականների ֆրանսիական իրականության մասին: Ժան Ռուշի կյանքն ու ստեղծագործական դավանանքը ավարտուն պատկեր են ստանում Ժան Անդրե Ֆիեչիի «Մոսո, Մոսո. Ժան Ռուշն այնպես, ինչպես» վավերագրական ժապավենով: Ֆրանսիական վավերագրական կինոյի այսօրն էին ներկայացնում Սիմոնե Բիտոնը («Պատ»), Միքայել Բոգանիմը («Օդեսա… Օդեսա»), Ֆրանկո Գալիատը («Վալերի բիզնեսը»), Դեվիդ Քարր-Բրաունը, Պիեռ Բուրգեն ու Պատրիցիա Բոդեն («Վատ տղաները»), Ժուլիեն Սամանին («Ծակոտկեն մաշկ»), Ռեմի Մաուգերը («Սա Պոլի կյանքն է»), Պատրիցիո Գուզմանը («Սալվադոր Ալենդե»): Ուշագրավ` նեղ անձնականից մինչև հասարակական-քաղաքական մշտառկա ցավոտ խնդիրների շուրջ իրենց հայեցակետերով, Ռուշի հաստատած կինոմտածողությանը հարազատ արտահայտչամիջոցներով ու աշխատաոճով: Այդուհանդերձ, 2005-ին թողարկված այս ֆիլմերի մեջ կինեմատոգրաֆիական հնարքների արտասովոր խաչաձևումներով առավել տպավորիչ էին «Դրախտը» պարային ներկայացման Մարի-Հելեն Ռեբոյի էկրանավորումը` ուղղահայաց և հորիզոնական պրոյեկցիաների անսպասելի համադրությամբ և Անդերսենի «Սոխակ» հեքիաթի հիման վրա Ստրավինսկու համանուն օպերայի անիմացիոն կերպավորումը Քրիստիան Կադետի կողմից: Մանավանդ` սրանք հասկանալու համար հանդիսատեսը կարիք չուներ մի կերպ գլուխ հանելու անգլերեն ենթագրերով պարզաբանվող ֆրանսերեն տեքստից` ապավինելով օտար լեզուների իր կցկտուր իմացությանը: Վստահ եմ, հայերեն սինխրոն թարգմանությամբ «Ֆրանսիական ֆիլմերի օրերը» անհամեմատ մեծ աշխուժություն կառաջացնեին հայ կինոսիրողների շրջանում: Գուցե մշակութային լարված առօրյա՞ն թույլ չի տվել կազմակերպիչներին ավելի մանրակրկիտ պատրաստել ֆիլմերի ցուցադրությունները: Գրեթե ամեն օր մի նոր միջոցառում է անցկացվում այստեղ: Մի երեկոյի ընթացքում` նույնիսկ երկուսը: Ինչպես, ասենք, հուլիսի վերջին օրերին: Առկա ակտիվությունից ենթադրվում է, որ «Նարեկացի» արվեստի միությունը, իր նախնական կոչմանը հավատարիմ, ամեն կերպ ձգտում է խթանել մեր հասարակությանը հանապազօր հացի նման անհրաժեշտ մշակութային զարթոնքը: Հոբելյանական ահազանգ

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ