ՎԱՌԵՆՔ ՍՐՏԵՐԸ


Այս նամակի առիթը հանդիսացավ «Մենք ենք» պատանեկան հաղորդումներից մեկը: Այդ հաղորդաշարը ներկայացնում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի պատանիներին և աղջիկներին, նրանց առօրյան և փոխհարաբերությունները, որոնք հատվում են այս բարդ, վտանգավոր խաչմերուկում: Ողջունելի միտք է. եթե մեծերը չեն կարողանում լեզու գտնել, ապա պատանիները և երիտասարդները ավելի լավ և շուտ են իրար հասկանում. երևի նրանց միտքն ու հոգին ավելի մաքուր են և քաղաքական ու տնտեսական շահեր չունեն: Եվ ես հաղորդման ընթացքում անհամբերությամբ սպասում էի, թե ինչպես կնկարագրվի հայ երիտասարդը` իր վարքով ու դիմագծով: Մեր ազգային բնույթի համաձայն, հպարտորեն սպասում էի, որ հայը լավ կողմերով պետք է ներկայացվի… Բայց էկրանին հայտնվում է հայ աղջիկը` «կոմպլեքսներից ազատ», երեկոյան ժամը 10-11-ը կարաոկե բարում, բառիս բուն իմաստով, թափառելով: Իսկ ծխոտ բարում, ցածրակարգ որակի, ոռնացող երաժշտության տակ նստած են տղաներ, աղջիկներ, շշի բերանից խմում են (ամենայն հավանականությամբ ալկոհոլային), ծխում: Բեմում ԴՋ-ը իբրև թե մրցույթ է անցկացնում` թե ով ավելի արագ կխմի շշից, հետո էլ հարցազրույց է տալիս. «Պարզվում է, որ միայն 2-3 բաժակից հետո են «կոմպլեքսներից ազատվում»: Հրաշալի է: Իսկ հաղորդավարը նրանց հետ հարցազրույց է վարում և ուրախանում (թե ինչի՞ վրա է հրճվում), որ կան «կոմպլեքսներից ազատ» այսպիսի երիտասարդներ: Եվ սա՞ է լավը: Սա՞ է հայ երիտասարդի կերպարը. մի՞թե այդքան դատարկ հոգի են, որ այդպիսի դատարկ հարցեր են տալիս և այսպես են ուզում տեսնել մեր հասարակությանը և օտարին այդպես ներկայացնել մեր երիտասարդներին: Սա տիպիկ արևմտյան երիտասարդի կերպար է` անհարիր մեր ինքնությանը, ազգային նկարագրին: Մենք այդպիսին չենք: Մեզ մի պարտադրեք այդ օտար «արժեքները»: Եվ եթե մենք այն չենք ընդունում, դա չի նշանակում, որ մենք «կոմպլեքսավորված» և «հետամնաց» ենք: Վերը նշված այլանդակությունների՞ց ենք «հետ մնացել»: Եվ ինչ-որ «կոմպլեքսների՞ց» պիտի ազատվենք, թե՞ ամեն տեսակ պարտք-բարո յական նորմերից: Ուրեմն, ովքե՞ր են ուզում, որ մեր երիտասարդները լինեն ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ: Բայց, հետաքրքիր է, մեր հասարակությունը հստակեցրե՞լ է այսօրվա բարոյական չափանիշները: Ո՞ր բարոյագիտությամբ է նա առաջնորդվում, որը դաստիարակության հիմքն է: Ուրեմն, չկա՞ն չափանիշներ, չկա՞ դաստիարակություն: Սիրելի մեծեր, դուք ի՞նչ եք անում: Ավելի շուտ` կարծես ոչինչ էլ չե°ք անում: Ուսուցիչներ, դաստիարակներ, ծնողներ, մտավորականներ, ձեր անգործությունից, թե անտարբերությունից չէ՞ որ օգտվելով ներթափանցում են օտարամուտ, օտարածին բարոյական «արժեքներ»: Գլուխ են բարձրացնում ոչ բարոյական, անկիրթ հակումները, գաղափարները, ցանկությունները: Իսկ գիտնական Ա. Ի. Լուկն ասել է. «Դաստիարակության խնդիրներից մեկն է սովորեցնել մարդուն` զսպել իր ցանկությունները և զգացմունքները` եթե դրանք վնասում են մերձավորին, հասարակությանը»: Որտե՞ղ պետք է սովորեինք: Ընտանիքո՞ւմ, մանկապարտեզո՞ւմ, դպրոցո՞ւմ: Մեկը գցում է մյուսի վրա: Մնում է գայթակղիչ փողոցը: Մեզ զոռով հրում եք փողո՞ց: Հարցրեք երիտասարդներին. - Ե՞րբ եք եղել եկեղեցում: - Քննությունից առաջ: Բա հայ չե՞ս, քրիստոնեությանը և Հայ առաքելությանը ո՞վ պետք է հետևի` աղանդնե՞րը: Դուռս մեռան թակելով այդ աղանդավորները: Ու ոչ մի կերպ նրանց չեմ կարողանում հասկացնել, որ Քրիստոսի գառները անմեղության և մաքրության խորհրդանիշն են և ոչ թե ոչխարի հոտի` բառիս անասնապահական իմաստով: Բայց շատ պատանիներ ու երիտասարդներ պատրաստ չեն` դրանցով չգայթակղվելու: Իսկ որտեղի՞ց պետք է իմանան. եկեղեցին համառորեն լռում է: Եվ չե՞ք տեսնում, որ միայն մոմ վառելով ոչինչ չի ստացվում: Իսկ մեր սիրելի պետությո՞ւնը: Հռչակում է «Ամեն ինչ երեխաների համար»: Ի՞նչը: Փողո՞ցը: Դրա համա՞ր հազարավոր թափառող, մուրացող երեխաներ կան: Իսկ դպրոցահասակ երեխաների մեծ մասը չի ուզում դպրոց գնալ. մեր ցնցող Վերջին զանգերը` դրա վկան. «Վերջապես պրծանք…»: Պրծանք, բայց ինչպե՞ս, կիսաանգրագետ, կիսաանդաստիարակ: Գլուխներս լցրած անկապ գիտելիքներ, որոնք հենց դպրոցի դռներից դուրս գալով` մոռանում ենք, հետո վազում ռեպետիտորի մոտ, վարժեցվում, ավարտում համալսարաններ, չդառնալով մասնագետներ` ստանալով (առնելո°վ. ավելի լավ չէ՞ բիրիքով վերցնենք) ոչ պետքական դիպլոմներ: Այս ողջ ժամանակ սովորում կաշառատվություն, խաբեություն, շողոքորթություն, երկերեսանիություն, վախկոտություն և այլն: Լավ ծաղկեփունջ է մեզ համար: Տարիքային անցում, պատանեկան մաքսիմալիզմ, աքսելերացիա, կոմպլեքսներ. ինչ ասես չեք հորինում մեր մասին, մեր փոխարեն որոշում եք, սիրում, ցավում, մեր փոխարեն անում ամեն ինչ, որ չկրկնենք ձեր սխալները, մեզ վատ բան չպատահի, և մենք «ուղիղ, կանաչ ճանապարհով» գնանք. ուզում եք, որ լավ լինի, ստացվում է, «ինչպես միշտ»: Հիմա էլ անընդհատ խոսվում է երեխաների իրավունքների պաշտպանության մասին: Ումի՞ց եք մեզ պաշտպանում: Դուք մեզ պաշտպանում եք հենց ձեզանից, հարգելի մեծեր: «Սերունդների բանավեճ» հաղորդում եք սարքում, շարունակելով հայրեր և որդիներ արհեստական պրոբլեմը. Ձեր հսկող հայացքի տակ «որդիները»` վարժված, «գտնում» են անիմաստ հարցերի և իրադրությունների պատասխանները: Դրանով ի՞նչ սովորեցրիք կամ ո՞ւմ դաստիարակեցիք: Միայն չասեք` գիտելիքներ, վստահություն, , արժանապատվություն: Սեփական ինքնաբավությունից էին փայլում ստուդիայում նստած ուսուցիչների, ծնողների աչքերը: …Մի հատ Սևան ունենք, մի հատ ջրաշխարհ սարքեցիք, մի հատ մատչելի պոնչիկանոց, մի «Արարատ» թիմ (կա՞), որը ունեցած 1-2 ստադիոնում իր խաղացողների քանակով ավելի շատ է, քան հանդիսատեսները: Հա, մի քանի թանգարան կա, որի այցելուների քանակն ավելի քիչ է, քան աշխատողների: Առաջարկում ենք, ամբողջ թանգարանը, իր արժեքավոր գործերով, բերել համալսարան, («Է, հավես չկա, բերեք, նայենք»): Գոնե աշակերտներին ուսուցիչները բերում են թանգարանը, էն էլ` մի երկու բան նայելուց հետո, միասին վազում են պոնչիկ ուտելու: Բոլորը գոհ են. դասղեկները` դաստիարակչական աշխատանքի համար պլյուս կստանան, երեխաները` պոնչիկ, եթե հարցնես, նույնիսկ չեն հիշի, թե ինչ նկար են տեսել և ով էր հեղինակը, կարևորը` մի բան տեսանք, է°լի: Եվ, մյուս օրը կպատմեն և կհիշեն, «Գիտե՞ս, էն օրը գնացինք պոնչիկ ուտելու»: Իսկ թանգարանը... (Միգուցե նրա՞նք էլ իներտ ու անկենդան են): «Երկնքի տակ բաց թանգարան» մեր փոքրիկ Հայաստանում ոչ բաց, ոչ էլ փակ թանգարան ենք ուզում գնալ, ոչ էլ տեղը գիտենք, ոչ էլ պահում և պահպանում ենք: Դարերի ավերածին դուք էլ ավելացրեցիք, մեծեր: Դե, գնացեք ԴՎԻՆԸ գտեք: Մենք ման եկանք, չգտանք, մինչև որ կիսավեր հնագիտական թանգարանի բորբոսնած պատերից կախված ճարտարապետական ցնցող վերակառուցումներից ապշած` պարզեցինք, որ դեռ 4-րդ դարում ինչ քաղաքաշինություն և արվեստ ենք ունեցել: Չէ՞ որ պեղումներ են եղել, ինչ-որ բան հանվել և վերականգնվել է, իսկ հիմա նախշազարդ սյուների վրա, որոնք աշխարհի շատ թանգարաններ կզարդարեին, հսկիչները ջեմ էին եփում, ամեն եկող էլ մի ցուցանմուշ էր իր հետ վերցնում` իր խորին հարգանքը մեր 2000-ամյա պատմությանն արտահայտելով: Նույնքան էլ հին թատրոնին, գիր ու գրքին, գիտությանը... Արևմտյան գիտնականներից մեկն ասել է. «Մենք հայրենիքը ծնողներից չենք ժառանգել, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից»: Ժամանակն է վերադարձնել ձեր պարտքը, մեծե°ր: Մենք մեր պարտքը անպայման կվերցնենք: Կանչ բաց սրտերին Հայ մտավորական երիտասարդներ, միացե°ք: Վառենք մեր արիական սրտերը, չմնանք մտքի մթության մեջ: Չենք ասում Դանկոյի նման հանենք մեր սրտերը, բայց գոնե մեր կողքերը լուսավորենք: Ամեն մարդ ունի իր սրտի մի գողտրիկ անկյունում պահված բացառիկ ընդունակություններ, որոնք պետք է բացել և զարգացնել ու մարդուն տալ ստեղծագործական բերկրանք, որը չես փոխի ոչ մի շոուի հետ: Իսկ դա կարող է յուրաքանչյուրը: 12 տարեկան հայ աղջնակը սիմֆոնիա է գրում, 9 տարեկան հայ տղան` հեշտությամբ յուրացնում չինական բարդ հիերոգլիֆները: Պետք է միայն կամք, ցանկություն և ունակություն: P. Տ. Վերջին պայքարը ճշմարտության համար է: Մարտիկները մենք` երիտասարդներս ենք: Սպասում ենք բոլոր վառվող սրտերին: Նարե ՄԿՐՏՉՅԱՆ «Մշակույթի հայկական լիգա», «Ջահակիրներ» երիտասարդական ՀԿ-ի խորհուրդ