Առնվազն` երեք միասնական


Խորհրդարանական ընտրությունների մասին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ասածն առանց ժպիտի հիշելը դժվար է: «Իսկական գժանոց. քսան կուսակցությունով վեր կացան գնացին ընտրությունների: Խեղճ ընտրողը շշկռվել էր, չգիտեր` ում ձայն տա»: Ամեն ինչ ասված է. որևէ բան ավելացնելու կարիք չկա: Այսօր էլ հայրենի ընդդիմությանը չի հաջողվում համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ և գոնե փոքր-մոքր հաջողություններ ունենալ: Եվ ամեն անգամ հերթական պարտությունից հետո դրա իրական պատճառները խորությամբ վերլուծելու, դրանցից դասեր քաղելու փոխարեն, լավագույն դեպքում` իշխանությունների հասցեին լուտանքների ու մեղադրանքների տարափ է տեղում, ինչը հասարակությունն արդեն բազմիցս լսել է: Իսկ, որ ամենավատն է, մեղադրանքների սլաքը չեն վարանում հասարակության կողմն ուղղել` դժգոհելով, որ վերջինս իրենց չսատարեց: Վերջին 4-5 տարում ընդդիմության վարքագիծը, հանրահավաքներում հնչեցրած կոչերը տպավորություն են ստեղծում, թե արմատականների պայքարն անձնավորված բնույթ է կրում: Թերևս, կարելի է համաձայնել Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի այն կարծիքի հետ, թե Հայաստանում միակ իրական ընդդիմությունը ՀՀՇ-ն է: Հայաստանում չլուծված կամ չլուծվող բոլոր հիմնախնդիրների մեղքը ընդդիմադիրները բարդում են Նախագահ Ռ. Քոչարյանի ու վարչապետ Ս. Սարգսյանի վրա: Հենց այդպիսի լոզունգներով և ոչ թե իրական այլընտրանք առաջարկող գաղափարներով էլ ընդդիմությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Արդյունքը հայտնի է: Այն ժամանակ համախմբվելու ընդդիմության փորձերն ապարդյուն անցան: «Նրանք իրենց անձնական շահերի, չհիմնավորված հավակնությունների ձեռքում խամաճիկներ են»,- այսպես բնութագրեց ընդդիմության առաջնորդներին Պարույր Հայրիկյանը: Առաջիկա` ՀՀ նախագահի ընտրությունում հաջողություն գրանցելու համար միավորվելու անհրաժեշտությունն ընդդիմությունը կարծես հասկացել է: Համենայն դեպս, միմյանց հաջորդող ասուլիսների թեման դա է: Սակայն, դատելով ներքաղաքական արդի զարգացումների ընթացքից, բանավեճերի նյութից, ընդդիմադիրները, կարծես, չեն ձերբազատվել իրենց «հիվանդությունից»: Ընդդիմադիր դաշտում խորհրդատվությունների թեման հիմնականում պտտվում է միասնական թեկնածուի անձի, հասարակությանն առաջարկվելիք գաղափարի շուրջ: Ճիշտ է, ընդդիմադիր դաշտից երբեմն-երբեմն հնչում են ինքնաքննադատական առողջ կոչեր, բայց դրանք հիմնականում անարձագանք են մնում: Օրինակ, բոլորովին վերջերս էր, որ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ասաց, թե անհրաժեշտ է միավորվել և գործել ոչ թե «դեմ», այլ «հանուն» սկզբունքով. «դեմ» գործելու ժամանակներն արդեն անցել են: Իսկ Արշակ Սադոյանը պնդում է, թե հարկավոր է միավորվել Վազգեն Մանուկյանի շուրջ. այս պարագայում ևս առնչվում ենք անձի և ոչ թե գաղափարի խնդրին: Ի դեպ, Վ. Մանուկյանը վերջերս հրաժարվել էր մասնակցել ընդդիմադիրների հավաքին: Պատճառը, ըստ լուրերի, Պ. Հայրիկյանի այն հայտարարությունն էր, թե ԱԺ ընտրություններում ընդդիմության պառակտման հիմնական մեղավորները Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վազգեն Մանուկյանն էին: Այն, որ իշխանական թևում նույնպես միասնական թեկնածու չի լինի, պարզ էր նոր կառավարության կազմավորման ժամանակ, երբ ՀՅԴ-ն մաս չկազմեց կոալիցիային, պատճառաբանելով, թե ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով: Ի դեպ, փորձագետները չեն բացառում, որ այս հարցում «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն կարող են միասնաբար հանդես գալ: Դաշնակցական Արմեն Ռուստամյանն, ասելով, որ դաշնակցության թեկնածուն կլինի կուսակցությունից, նաև նշել է, թե «Ժառանգութ յան» հայացքներն ու գաղափարները, հատկապես ազգային հարցերում, ընդունելի են ՀՅԴ համար, և «Ժառանգության» հետ հարաբերությունները միշտ կառուցողական են եղել: Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս այնքան չի կենտրոնանում ՀՀ իր քաղաքացիության ժամկետի խնդրի վրա, չբացառելով «Ժառանգության» համար ընդունելի այլ թեկնածուի սատարելու հնարավորությունը: Նաև հիշատակվում է, որ Ր. Հովհաննիսյանն աշխատել է Հայ Դատի գրասենյակում: Իհարկե, Ր. Հովհաննիսյանի հոր` հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի դաշնակցական անցյալը նույնպես չի մոռացվում: Ի դեպ` շատերի կարծիքով, «Ժառանգության», որպես սատարող ուժի առկայությամբ ՀՅԴ սեփական թեկնածուով հանդես գալը կարող է ընտրություններում իրական դարձնել երկրորդ փուլի հավանականությունը: Իսկ հաջողության հասնելու իրատեսական հնարավորությունը, թերևս, կարող է ունենալ Հանրապետականի թեկնածուն` պայմանավորված մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատանքով: Ամեն դեպքում, առաջիկա ընտրությունների հավանական սցենարների առավել հստակ ուրվագիծը տեսանելի կդառնա աշնանը, երբ կուսակցությունները համագումարներում կառաջադրեն ՀՀ նախագահի իրենց թեկնածուներին: Իսկ մինչ այդ կարող ենք ասել, որ կունենանք ՀՀ նախագահի ամենաքիչը երեք «միասնական» թեկնածու: ՀՀԿ-ի-ԲՀԿ-ի, «Ժառանգության» սատարմամբ` ՀՅԴ-ի և ընդդիմության: Բայց ընդդիմության միավորվելն առայժմ քիչ հավանական է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ