ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԸ


Թեպետ բավական ուշադիր ու լավատես է պետք լինել` հետընտրական-ամառային սեզոնում ինչ-որ զարգացումներ նկատելու համար, այնուամենայնիվ, ներկայիս քաղաքական հանդարտ անցուդարձը մի շարք հետաքրքիր օրինաչափություններ է արձանագրում: Նախագահական քարոզարշավի շունչն արդեն իսկ զգացվում է, ու չնայած թեկնածուների առաջադրման պաշտոնական գործընթացի մեկնարկին դեռևս մի հինգ ամիս կա, այսուհանդերձ, շատերի մոտ արդեն իսկ գերիշխող է դարձել ընդդիմության միասնական թեկնածու ինքնահռչակվելու սկզբունքը: Ավելին, յուրաքանչյուր ինքնահռչակվողի համար այն աստիճանաբար վեր է ածվում հետընտրական «մանթրաժից» ժամանակավորապես ապահովագրվելու եզակի հնարավորության: Եվ ճիշտն ասած` միավորման նշանակությունը բոլոր ընտրություններից առաջ միայն հնչեցվել է իբրև կարևորություն: Մշտապես Նախագահի պաշտոնին են հավակնել շուրջ տասը (մի քիչ ավել կամ պակաս) տարբեր տրամաչափի գործիչներ, ու լավագույն դեպքում նախագահացուների տասնյակում հաջողվել է մի կերպ առաջ մղել մեկ-երկու համեմատաբար միասնական թեկնածուների: Նույն «հաջողության» հնարավորությունը կա նաև այս անգամ, սակայն ամեն ինչ ավելի «արդարացված» կլիներ, եթե ընդդիմությունը խոստովաներ, որ պայքարում է… երկրորդ և մնացած տեղերի համար: Բայց, որքան հայտնի է, արմատականները միմիայն իշխանափոխություն են ուզում` ժամանակի ընթացքում հիմնականում վանելով ու փոքր չափով համատեղելով համապատասխան հասարակական տրամադրությունները: Այս անգամ նույնպես բնավ չի կարևորվում, որ ստեղծված ծիծաղելի իրավիճակում հիմնավորապես խժռվում ու փոշիանում են դեռևս անդավաճան ընտրազանգվածի հույսերը, ցանկություններն ու նպատակները: Խորհրդարանական վերջին ընտրությունները, իսկ ավելի կոնկրետ` ստացված անմխիթար արդյունքները ասվածի թարմ ու հիմնավոր ապացույցներից են: Արդեն իսկ կուսակցությունների մի մասի վերաբերյալ կարելի է անցյալ ժամանակով խոսել, իսկ մի փոքր ավելի «հաջողակների» քաղաքական ապագան, թեկուզև հենց նույն նախագահական ընտրությունների մասով, շարունակում է մշուշոտ ու անորոշ մնալ: Ի վերջո, 2003-ի փառավոր ու հերոսական (՞) «հուշերն» ու պայմանական միֆերը մի օր պետք է որ իրենց իրական տեսքով երևային: Իներցիան, իհարկե, կարող էր շարունակվել մինչև հերթական ընտրություն, սակայն տվյալ դեպքում անվիճելի է, որ այն նոր ընտրության հիմնական ուղենիշ այդպես էլ չդարձավ: Պայքարի հիմնական լիցքերը վաղուց էին չեզոքացվել, և հարկ էր թերևս այդ մասին պարզապես արձանագրել` նախքան ընտրությունները, այն էլ` ամենայն սառնասրտությամբ և կատարվածի հետ հաշտվելու տրամադրվածությամբ: Եվ բոլորովին էլ զարմացնող չէր իրավիճակն այն պահին, երբ հայտնի դարձան քվեարկության աննախանձելի արդյունքները: Ու այդ պահից արդեն կարելի է ասել, որ մայիսի 13-ը շատ ու շատ արմատական գործիչների համար կատարյալ գահավիժման պատմական օր էր, երբ ամբողջապես և միգուցե ընդմիշտ հողին հավասարվեցին, այսպես կոչված, «վաղվա իշխանության համաժողովրդական առաջնորդները»: Սահմանադրական դատարանին ուղղված ավանդական բողոքի քննարկումների շրջանում ընդդիմության առաջնորդներն, ըստ էության, մենակ էին: Շենքի պատերի մյուս կողմից ժողովրդական աջակցության հնարավորությունն այլևս չհաջողվեց գործի դնել, քանի որ նույնիսկ դատարանում եթե հաջողվեր ստացված մեկ տոկոսը երկու դարձնել, ապա մեկին ինչքան էլ մեկ գումարվեր, միևնույն է, հիսուն և ավելի չէր ստացվելու: Չէր ստացվելու ու` վերջ: Էլ ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսք լինել, երբ անգամ սրա կամ նրա հավատարիմ ու անդավաճան զինակից հասկացությունը ի չիք դարձավ, երբ ընդամենը պատգամավորական մանդատ չստացած Նախագահի արդեն մշտական թեկնածուների կուսակցական մերձավորները շարվեշարան հեռացան իրենց գաղափարական (և ոչ միայն) առաջնորդներից: Այսքանից հետո ինչ-որ մարդկանց դեռևս պահպանված վարկանիշի մասին խոսելը երազախաբության կամ էլ հին ու նոր իրողությունները բացարձակապես չզանազանելու նման մի բան է: Կարելի է կարծել, թե Հայաստանում քաղաքական դաշտի ազդեցության գոտիները վաղուց արդեն բաժանված են, սակայն չկա որևէ մի այնպիսի գործիչ, որն ի վիճակի լինի առկա ընթացքը թեկուզև մեծ դժվարությամբ բեկել: Հին դեմքերի թարմացված տարբերակներին ասպարեզ մղելը նույնպես կանխավ դատապարտված է: Այս դեպքում ևս ձախողումն անխուսափելի է, քանի որ նրանք նախկինում, լավագույն ժամանակներում անգամ, բավարար հեղինակություն չէին վայելում: Եվ ինչ-որ առումով նաև այս իրողությունը հանգեցրեց անփոխարինելի թվացող նախկին իշխանության կատարյալ անհաջողությանը: Այնպես որ, ամեն ինչ ավելի քան տեսանելի է և դրանով հանդերձ` անհետաքրքիր: Մյուս կողմից էլ ամեն ինչ հստակորեն կանխատեսելը մի փոքր դժվար է, քանի որ հայրենի քաղաքական դաշտը բոլոր ժամանակներում հարուստ է եղել մեծ ու փոքր հետաքրքիր անակնկալներով: