«Միասնական թեկնածուի փնտրտուքը արհեստածին է»
Հասարակության որոշ շերտերում հիմնավորված այն կարծիքը, թե Հայաստանում ընթացող ընտրությունները հիշեցնում են խորհրդային ժամանակները, երբ դրանք ենթարկվում էին տոտալ վերահսկողության, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը փորձում է հերքել այն պարզ պատճառով, որ նախկին միակուսակցական, քաղաքական համակարգում բացակայում էր այլակարծությունը, չկար ազատ ընտրության հնարավորություն: Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, թե մեզանում «ինստիտուցիոնալ բարեփոխումներն» արդեն իրականացված են և որ ժողովրդավարությունն իր զարգացման համատեքստում կարող է այլևս վտանգված չլինել: - ԱԺ ընտրությունները որակվեցին հաջողված: Դրանք իրենց տրամաբանական զարգացումը պետք է ունենան, անշուշտ, և այդ զարգացման հաջորդ քայլը պետք է լինի Նախագահի ընտրությունը: Ես ընտրության զարգացումը չեմ տեսնում կոնկրետ թեկնածուի առաջադրմամբ, այլ զարգացումը տեսնում եմ դրա իրականացման մեջ: Առաջիկա Նախագահի ընտրություններում որևէ մեկը կաշկանդված չէ իր թեկնածությունն առաջադրելու հարցում: Յուրաքանչյուրը կարող է ենթադրել իր հավանական հաղթանակը: Անդրադառնալով 1991 թվականին տոտալիտար համակարգի դեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ հաղթանակին, Խոսրով Հարությունյանը այն համարում է Հայաստանի քաղաքական իրադարձության մեջ թիվ 1 ձեռքբերումը, քանի որ ընտրական գործընթացը շատ նորմալ էր, մի բան, որ այս ընտրություններին չի կարելի վերագրել: Հասարակության մեջ «խմորվում» է մեկ այլ կարծիք, թե ԱԺ ընտրությունները շատ ավելի քաղաքականացված են, քան Նախագահինը: Սրան Խոսրով Հարությունյանը նույնպես համակարծիք չէ, քանի որ հենց խորհրդարանական ընտրություններն են ձևավորում քաղաքական իշխանություն: ՀՀ երբեմնի վարչապետը մերժում է նաև հասարակության կողմից ԱԺ ընտրություններին տրվող «միջանկյալ ընտրություններ» գնահատականը, որի արդյունքներով էլ չափում է Նախագահի առաջիկա ընտրութ յունները: - Ես և մեր կուսակցությունն այդ կարծիքին չենք, բայց, ցավոք, այդպես է ընկալվում: Միջանկյալ (ԱԺ) ընտրություններում ընդդիմությունը պարտվեց, սա է քաղաքական արդյունքը, իսկ պարտվողները քիչ շանս ունեն լուրջ հաջողությունների հասնելու Նախագահի ընտրություններում: Ես այդպես եմ ընկալում: Այս կոնտեքստում միասնական թեկնածուի փնտրտուքը դառնում է արհեստածին իր քաղաքական բովանդակությամբ, իր դրդապատճառներով: «Միասնական թեկնածու» արտահայտությունը Խոսրով Հարությունյանի համար չմեկնաբանվող բառ է, քանի որ մեկ թեկնածուն չի կարող «բավարարել թե° սոցիալիստներին, թե° աջերին», մնում է համախմբվել մեկ գաղափարի շուրջ, այն է` ով ուզում է լինի, բայց ոչ այս իշխանությունները: Այնինչ, քաղաքական այս թեզը վաղուց իրեն սպառել է և չունի հեռանկար: Մինչդեռ հեռանկարային կլիներ, եթե քաղաքական որևէ գործիչ հանրությանը ներկայանար վերջինիս համար հետաքրքրություն ներկայացնող սեփական մոտեցումներով, որոնք, անշուշտ, չէին կրկնի իշխանությունների ծրագրերը: Իսկ այդպիսին, ըստ Խ. Հարությունյանի, չկան: Լևոն Տեր-Պետրոս յանը որպես միասնական թեկնածու կամ այլընտրանք նույնպես նախկին` Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք վարչապետի «սրտով չէ», քանի որ` - …դա հսկայական պոտենցիալ ուժ ունեցող հայ ժողովրդի երեսին իրական ապտակ է նշանակում: Ըստ բանախոսի` առաջին Նախագահի մասին իր կարծիքը կարող է լինել սուբյեկտիվ: Սակայն ՔԴԿ նախագահը ասում է, որ պետք չէ մոռանալ, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանի նորագույն պատմության, պետության կայացման գործում ունի մեծ վաստակ, պատկառելի փորձ եւ, անկասկած, անհնար է հաշվի չառնել այդ հանգամանքը: Սակայն տեսակետը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է ներկա իշխանության համար միակ այլընտրանքը, Խոսրով Հարությունյանը համարում է ապտակ մեր ժողովրդին, որովհետեւ կարծում է, որ հայ ժողովրդի կադրային պոտենցիալը ավելի հարուստ է: Թող լինի այլընտրանք, միայն չհամարվի միակը: - Ճիշտ է, նրա ներդրումը մեծ է Հայաստանի ձևավորման գործում, սակայն չմոռանանք, որ հասարակությունը մերժեց ոչ այնքան Լևոն Տեր-Պետրոսյանին, որքան նրա քաղաքական շրջապատին և այն մարդկանց, ովքեր բռնաբարել են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կապիտալը, վաստակը և դրանով դավաճանել նրա իդեալներին: Հոշոտելը` հոշոտեցին, սակայն, ի վերջո այդ ովքե՞ր էին Լ. Տ. Պ.-ի «քաղաքական շրջապատ»-ում, որոնց մասին հաճախ խոսում են` առանց կոնկրետ անուններ նշելու: Արդյոք նաև անանուն այդ զանգվածին դատափետողներն իրենք էլ նույն շրջապատում չէի՞ն: