Բեմի մարդիկ Արժանի գնահատական
Դպրոցական տարիներից, դերասան դառնալու հաստատ մտադրությամբ, նա բեմարվեստի առաջին դասերն առնում է ասմունքի մեծ վարպետ Վլադիմիր Աբաջյանից: Բեմական և ձայնային հարուստ տվյալներ ունեցող Գագիկ Ռոստոմյանը, դեռ մասնագիտական կրթություն չստացած, հրավիրվում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան, այնուհետև` Գավառի Լ. Քալանթարի անվան միջշրջանային պետական դրամատիկական թատրոն, որտեղ խաղում է Մավրիկ («Երբ տանն աչքեր չկան»), Լեոնիդ («Մարդ` ուրիշի կենսագրությամբ»), բժիշկ («Համր կինը») և այլ դերեր, որոնք սիրվեցին ու բարձր գնահատվեցին հանդիսատեսի կողմից, արժանացան թատերագետների ուշադրությանը: Ռեժիսոր Մ. Ասլանյանի հրավերով Գ. Ռոստոմյանը տեղափոխվում է Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, որտեղից էլ սկսվում է երիտասարդ արվեստագետի ստեղծագործական մի նոր շրջան` նոր որակներով: Բեմական գործունեությանը զուգահեռ Գ. Ռոստոմյանը սովորեց և ավարտեց Ս. Պետերբուրգի Թատերական արվեստի ակադեմիան: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Գ. Ռոստոմյանը հիմնականում խաղում է գլխավոր դերեր` Սաքո, Տերտեր («Քաջ Նազար»), Կատու («Շունն ու կատուն»), Գեներալ («Ռազմական գաղտնիք»), Արես («Չքնաղ Գալատեա»), Արեգ («Հազարան բլբուլ»), Զորապետ («Անհաղթ աքլորը»), Պեռկո («Երրորդը»), Անտիֆոլոս Եփեսոսցի («Սխալների կատակերգություն»), Հերովդես («Բեթղեհեմի աստղի տակ»), Գայլ («Երեք խոզուկ»), Բեմբի («Բեմբի»): …Մոտ հարյուր դերակատարում: Թատրոնի հոգսերով ապրող արվեստագետ Գ. Ռոստոմյանը փոխտնօրեն է` ժամանակատար աշխատանք, օրվա զգալի մասը տրամադրում տնտեսությանն առնչվող խնդիրների լուծմանը: Միաժամանակ` ստեղծագործում իբրև առաջատար դերասան: Բազմազբաղ արվեստագետն աշխատում է առանց հանգստի, թատերարվեստի տարբեր ոլորտներում: Ինչ էլ որ ձեռնարկում է, կատարում է սիրով ու խանդավառությամբ, իր հնարավորությունների սահմանում և արդյունավետ, բոլորին օգտակար, թարմ խոսք ասելու նպատակասլացությամբ: Երեք տասնամյակից ավելի մասնակցում է «Հայֆիլմ» կինոստուդիայում կրկնօրինակման աշխատանքներին: Ավելի քան 500 ֆիլմերում կրկնօրինակել է թե° գլխավոր, թե° էպիզոդիկ դերեր: Նկարահանվել է Ներսես Հովհաննիսյանի «Երջանկության մեխանիկան» և Արման Մանարյանի «Կապիտան Առաքելը» ֆիլմերում: Գ. Ռոստոմյանը 1998-ից Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է բեմական խոսք: Ճանաչված արվեստագետը դասավանդում է նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Հանրային ռադիոյում վարում է «Կուլիսներ» հեղինակային հաղորդաշարը, անդրադառնալով հայ բեմի մեծերին` ներկա սերնդին մեկ անգամ ևս հիշեցնում է հայ բեմարվեստի երախտավորների քաղաքացիական պարտքի զգացողությամբ ներշնչված, ընդօրինակման արժանի արվեստի դասերը: «Կուլիսներ» հաղորդաշարում զրույցներ է ծավալել այսօրվա բեմարվեստի մասին, տեսանելի դարձրել մերօրյա թատերական կյանքը: Ռոստոմյանը «Հայրենիք» հեռուստաընկերությունում վարում է «Մեր հայրենիքի պատմությունը» հաղորդաշարը` դպրոցական բարձր դասարանցիներին և մեծերին ներկայացնելով հայ ժողովրդի հարուստ պատմությունը` ներարկելով հայրենասիրություն: Հաջողությամբ մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների, հանդես եկել հյուրախաղերով Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի կազմում` աչքի ընկնելով իր կազմակերպչական և դերասանական վարպետությամբ: Թատրոնի նվիրյալ, պարզ ու շիտակ, հումորով լեցուն է ճանաչված արտիստը: Բազմաթիվ են նրա մասնակցությունը բարեգործական ներկայացումներում` սիրո հավաստիքները մանուկներին, որոնց իմաստուն, խրատող, անփոխարինելի Ձմեռ պապն է ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Ռոստոմյանը` ստեղծագործական ասելիքով ու անելիքներով առլեցուն արվեստի անխոնջ մշակը: