«Օազիս» Սևանում


Երանելի հուշ են դարձել ոչ հեռավոր անցյալում միջին եկամուտ ունեցող հայաստանաբնակ ընտանիքներից շատերին մատչելի ամառային հանգստի օրերը Ծաղկաձորի, Հանքավանի, Դիլիջանի, Լոռու զովասուն անտառային գոտու հանգստյան տներում, Արզնու և Ջերմուկի առողջարաններում: Հանրօգուտ աշխատանքով իրենց ապրուստը հոգացող մարդիկ հնարավորություն ունեին թոթափելու լարված առօրյա ռիթմի հոգնությունը նաև առանց հատուկ ուղեգրերի (երբևէ հիմնարկների արհկոմների կողմից տրամադրվողները, կարելի է ասել, սիմվոլիկ արժեք ունեին): Պարզապես պետք էր կողմնորոշվել ազատ ժամանցի նախասիրութ յուններում, ընտրել որևէ երթուղի և վաղ առավոտյան, օրը լիարժեք անցկացնելու համար, ճանապարհվել ավտոմեքենայով, ավտոբուսով կամ էլեկտրագնացքով: Հատկապես մեծ ժողովրդականություն էր վայելում Սևանի ավազանի շրջակայքը: Ուրիշ որտե՞ղ կարելի էր փրկություն գտնել մեր լեռնաշեն երկրի ամառային անտանելի տապից, եթե ոչ` կապուտակն հավերժահարսի զով գրկում: Եվ ձգվում էր ավտոշարասյունը Երևանից Սևան` շաբաթ-կիրակի օրերին յուրօրինակ շքերթի նմանվելով: Ուղևորվում էին ընտանիքներով, խմբերով, զույգերով, նույնիսկ` մենակ: Իմաստավորված էր կազդուրիչ օդափոխության մեկ օրն անգամ: Ոմանք նախընտրում էին պարբերական եռօրյաները, որ սովորաբար ուրբաթ երեկոյից էին սկսվում: Նախկին Խորհրդային Միության քաղաքացիներից շատերի նման պատկառելի թիվ կազմող մեր համերկրացիներից ոմանք էլ գերադասում էին ամառային հանգիստը վայելել Սև ծովի ափերին: Այլուր: Մի խոսքով, հանգստի իրավունքը մարդկանց համար միանգամայն իրագործելի պահանջ էր, կենսական անհրաժեշտություն: Ցանկութուն, որ, ըստ նյութական հնարավորությունների ու որպես ավանդույթ տարիներով ամրագրվող նախասիրությունների, ամենևին էլ անհասանելի երազանքի կարգավիճակում չէր հայտնվում: …Փոխվեցին ժամանակները: Սոցիալական ծայրահեղ բևեռացման արդյունքում առաջնային դարձավ հանապազօրյա գոյատևումը: Եվ համընդհանուր հանգստի իրավունքը ձեռք բերեց գերակշռող մեծամասնության համար վերացական փիլիսոփայական կատեգորիայի արժեք: Դատելով նորակառույց հյուրանոցներով, ճամբարակներով, ռեստորաններով օղակված Սևանա լճի ափերի արտաքին տեսքից` հանգստացողների պակաս այսօր էլ չի զգացվում: Ամառվա ամիսներին իսկապես մարդաշատ են լինում այդ ափերը. մի թիզ ազատ տարածություն հազիվ թե գտնեք: Եթե պատկառելի եկամուտներ չունեք, մի էլ փորձեք ոտք դնել հանգստյան գոտի: Սևանի հյուրանոցներում մեկօրյա հանգրվանը համարժեք է 100 ամերիկյան դոլարի: Ափամերձ տնակներում կարծես թե ավելի մատչելի է` 20.000 դրամ, բայց պայմանները, մեղմ ասած, այնքան էլ արքայական չեն` սանիտարական քաոսում ասես ինչ-որ մեկի կողմից մոռացված մահճակալ ու պահարանիկ. սանհանգույցները, անհասկանալի նկատառումներով, հատուկենտ տնակներում են միայն տեղադրված: Օրավճարի մեջ, ի դեպ, սնունդը չի մտնում: Տեղի խանութներում մթերքը մոտ 3 անգամ ավելի թանկ է, քան քաղաքում: Անհամեմատ մատչելի մի տարբերակ էլ կա` նվազագույնը 5000 դրամ ամսավճարով բնակարան վարձել Սևան քաղաքում: Ձեռներեց տաքսիստները լճափ կհասցնեն ընդամենը 500 դրամով` վերադարձին պահանջելով կրկնակին: Ծայրահեղ դեպքում կարելի է օգտվել երթուղայիններից: Վճարել 100 դրամ, մի կերպ խցկվել ներս և քաղաքային բանահյուսության որևէ մշտական ներկայացուցչի «գեղարվեստական» ուղեկցությամբ լճափ հասնել: Նկատի ունեցեք, որ կողմնակի ծախսերը անսահմանափակ են` ծածկի համար, նախաճաշելու տաղավարից օգտվելու… Մնում է շնչահարկ գանձել… Մասնավորի կողմից բռնագրվված ափերին ստվերն էլ տեր ունի, բայց ողջ շրջակայքը անտեր աղբանոց է հիշեցնում: Գուցե իրենց որևէ համաճարակից ապահովագրելու նպատակով` երբեմն արտերկրից հայտնվում են սանիտարական ջոկատներ և խնամքով մաքրում հանգստացողների թողած աղբակույտերը տեղացիների քամահրական խնդմնդուքի «խանդավառությամբ». նոր բարքերի ծնունդ, մարդու և չորքոտանու միջև տարածությունը կրճատող նորահայտ եղկելի դրսևորում… Էլիտար հանգստի պլեբեյական բովանդակություն, որ անմիջական կապ ունի այսօր Սևանի ջրերում զովանալու հնարավորություն ունեցողների ներքին էության հետ: Եթե չեմ սխալվում, Սևանա լճի ավազանը դեռևս չի կորցրել պետական պատկանելությունը: Ինչո՞ւ պետական այրերից որևէ մեկի մտքով չի անցնում լճափի որոշակի հատվածում ստեղծել շուկայականից ցածր գներով գործող, պետականորեն կարգավորվող հանգստի գոտի, յուրատեսակ «օազիս», որտեղ սոցիալապես անապահով խավերն էլ ժամանակ առ ժամանակ կարողանան իրենց թույլ տալ հանգստանալ (ոչ Կարապետիչի նախաձեռնությամբ):

Աննա ՆԵՎԵՐՈՎԱ Գայանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ