Ոսկու կույտին նստած աղքատները


1. Կենդանի հնչողությո՞ւն, թե՞ ֆոնոգրամա «Հայացք» ակումբի այս հարցադրման շուրջ զրույց ծավալելով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի հետ` ակամա շեղվեցինք առանցքային թեմայից: Արդի հայ երաժշտարվեստի ասպարեզում առկա մետամորֆոզները գնալով ավելի արտառոց կերպարանք են ստանում: Համակարգչային «խմբագրմամբ» իրենք իրենց չճանաչող, հիմնականում ինտելեկտից, համապատասխան մասնագիտական կրթությունից ու դաստիարակությունից զուրկ երգիչներն ու երաժիշտները, հանդես գալով առավելապես ֆոնոգրամայի տակ, հեղեղում են եթերը, դյուրությամբ լցնում «շոու-բիզնեսի» բեմահարթակները` մեկ-երկու տեսահոլովակի շրջանառությամբ աստղային համբավ ձեռք բերում: Ուրույն գեղագիտություն ունեցող մշակութային կենտրոնները` առանց նվագախմբի, ապավինելով սինթեզատորին, վերադաշնավորմանը (արանժիրովկա), թողարկում ու տարածում են նրանց ձայնասկավառակները: Նրանցից շատերը ձեռք են բերում Կոնսերվա տորիայի դիպլոմներ` շուրջ 10 տարի գործող էստրադայի ու ջազի բաժնի պարապմունքներին հայտնվելով ընդամենը 2 անգամ` ընդունվելիս ու ավարտելիս, այդպես էլ երգել, կոմպոզիցիա չսովորելով, արհամարհելով աշխատանքը կենդանի նվագախմբի հետ: Նրանց չպետք է հանիրավի մեղադրել իրենց անձի ու անվան շուրջ ամենաթողության դաշտում հաստատված մասսայական ցածրարվեստ, ապազգային ճաշակ ամրապնդելու ծառայության դիմաց վճարունակ դիլետանտիզմի հյուսած փառապսակին կուրորեն հավատալու համար: Երբ «ծամածդ» մեկ երգի նվազագույն արժեքը կազմում է 1000 ամերիկյան դոլար, կատարումներդ խնամքով գովազդվում են, հնչում մարդկանց շուրթերից, անկարող ես դիմագրավել համաժողովրդական ճանաչմանդ գայթակղությանը: Մանավանդ` երիտասարդությանդ բերումով: Որքան էլ ներքուստ գիտակցես, որ դրա համար պարտական ես սինթեզատորի ու համակարգչի տեխնիկական հնարավորություններին վարպետորեն տիրապետող գործիքավորողին, քեզ անթերի ներկայացնող ֆոնոգրամային: Եվ, իհարկե, աստեղային փայլդ ուժգնացնող մեծահարուստին: Միջազգային համբավ վայելող լեգենդար երգիչ-երաժիշտները վաղուց թոթափել են սինթեզատորների պաշտամունքի սահմանափակող ազդեցությունը: Չհրաժարվելով դրանց կիրառությունից` անպայման լրացնում են պակասող ձայները կենդանի հնչողությամբ: Որոշ երկրներում պարզապես արգելված է ֆոնոգրամայի տակ հանդես գալը համերգասրահներում: Մայքլ Ջեքսոնի երաժիշտներն, օրինակ, մեկ-երկու աննշան թերացում են միտումնավոր թույլ տալիս իրենց համերգային բարձր պրոֆեսիոնալ կատարումներում, որպեսզի հանդիսատեսն համոզվի, որ կենդանի նվագակցություն է մատուցվում բեմից: Մինչդեռ մեզանում դեռևս պահպանվում է անվերապահ սիրահարվածությունը մասսայական հիպնոսի տեխնիկական հնարքներին: 2. Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ֆենոմենը Իր 40-ամյա հոբելյանը մեր հանրահայտ նվագախումբը դիմավորում է տարօրինակ կարգավիճակով: Շարունակելով ներկայանալ որպես Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պատկանելության (ենթակայության) տակ գտնվող ստեղծագործական կոլեկտիվ` շուրջ 10 տարի է, ինչ չի վարձատրվում: Միակ փաստացի կապը փորձասենյակն է, որտեղ նվագախմբի 40 երաժիշտները` 1972-ից իրենց գեղարվեստական ղեկավարությունը ստանձնած Երվանդ Երզնկյանի, Մարտին Վարդազարյանի և Արմեն Մարտիրոսյանի հեղինակությանն ու նվիրումին ապավինելով, շարունակում են կանոնավոր ստեղծագործական ռիթմով աշխատել: Մասնավոր աջակցությամբ ստանում են ամսական 10-12 հազար դրամ տրանսպորտի փող` կառչած մնալով հատուկենտ հրավերներով կանխիկ վաստակելու հնարավորությունից: Տարեկան մի քանի համերգ հազիվ են հաջողեցնում կազմակերպել: Հրատապ է մնում սերնդափոխության խնդիրը: Նվագախմբային լավ երաժիշտներն ապահով ապաստան են գտնում արտերկրում: Ստեղծագործական կազմը համալրած շնորհալի երգիչները` Լուսինեն, Իլոնան, Անահիտն ու Արմենը, չունենալով տեսահոլովակներով ճանաչվելու ֆինանսական լծակներ` համառորեն քայլում են լուրջ արվեստի փշոտ ճանապարհով` քիչ թե շատ արժանապատիվ ապրուստի միջոցներ հայթայթելով գիշերային խրախճամոլներին իրենց երգով զվարճացնե լով: Նվագախմբային համերգների բարի ավանդույթի վերանալու պատճառով մեկ օրվա ընթացքում ուզածդ երգը կատարելապես պատրաստելու ունակ շնորհառատ այս երիտասարդները, սակայն, մնում են «աստղերի» ստվերում` արժանի ճանաչում չգտնելով հատուկենտ հեռուստածրագրերում երբեմն-երբեմն հանդես գալով: Լսելով էստրադային սիմֆոնիկ նվագախմբի փորձը նրա հեղհեղուկ կարգավիճակի ինչ-ինչ մանրամասներին տեղեկացվելուց հետո` ավստրալացի մի երաժիշտ անկարող է եղել զսպել հիացական զարմանքը. «Իտալիայի պես երաժշտական երկիրը չունի այսպիսի բարձրակարգ նվագախումբ. դուք ոսկու կույտի վրա նստած աղքատներ եք…»: «Կոմպրոմիսի վարպետ» հռչակված Երվանդ Երզնկյանը դեռևս կարողանում է փլուզումից ապահովագրել բացառիկ այս համույթը իր շուրջը հավաքված հավատավորների համախոհությամբ: Որդեգրելով պրագմատիստական կենսակերպը` հաճախ տուրք է տալիս իրեն անհարիր կոմֆորմիզմին` չտեսնելով ժամանակի փորձություններին դիմակայելու մեկ այլ հնար: Ոգևորվում է դրական տեղաշարժի կոնկրետ հույսեր ներշնչող ամենաաննշան նախաձեռնությամբ: Ինչպես, ասենք, «Ռադիոյի կոլեկտիվներին աջակցման» հիմնադրամի ստեղծմամբ, որին ՀՀ նախագահի արած առաջին ներարկումը` 2 մլն դրամ, հնարավորություն է ընձեռել վերջապես նոր համազգեստով հանդերձավորել նվագախմբի 40 երաժիշտներին և ձեռք բերել սինթեզատոր: Մանկան դյուրահավատությամբ ենթադրում է, որ պետությունը ըստ արժանվույն կկարևորի ոչ կոմերցիոն եզակի այս երաժշտական կայացած կառույցը ու լրջորեն կաջակցի` չափավորելով Հ1-ը, զարգացնելով հստակ մշակութային քաղաքականություն, մտահոգվելով ստեղծագործական մթնոլորտի առողջացմամբ: Ճիշտ կազմակերպելով գովազդն ու մարկետինգային ցանցը` անպայման շահույթ էլ կունենա: Գեղարվեստական բարձրարվեստ «արտադրանքն» էլ եկամտաբեր կլինի` ճիշտ շրջանառվելով: Ներկայիս խառնիճաղանջ մշակութային դաշտում դիոգենեսյան ճրագով միայն դեռևս կարելի է հանդիպել Երվանդ Երզնկյանի նման անուղղելի լավատես արվեստագետների, ովքեր XX դարից ժառանգած դասական արժեքները պահպանելով ու զարգացնելով` խենթ նվիրումով հավատարիմ են մնում որդեգրած ստեղծագործական դավանանքին հանուն XXI դարասկզբի ջահակիր նոր սերունդների հոգեփրկության:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ