Քաղաքական «ստրիպտիզՄ» ամերիկյան «թատերաբեմում»
Արդեն երկար ժամանակ է հայրենի ընդդիմադիր ուժերը իշխանությունների դեմ մղվող պայքարում, որպես հիմնական «խաղաթուղթ» օգտագործում են ԼՂՀ հիմնախնդիրը: Շահարկումների գայթաքարը առավել քան հասկանալի է: Նախադեպը կա: Չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունից հեռացման ամենատարածված, հստակ ձևակերպված և մինչ այսօր շրջանառվող պատճառը` Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում պարտվողական դիրքորոշումն էր: Թերևս, արմատականները իրենք իրենց հարց են տալիս. իսկ ինչո՞ւ չի կարող պատմությունը կրկնվել: Չէ՞ որ ԼՂՀ հիմնահարցի շուրջ ընթացող զարգացումների, քաղաքական ուժերի և վերլուծաբան ների կանխատեսումների, միջազգային հանրության վերաբերմունքի, նրանց կողմից սպասվող հնարավոր ճնշումների, ԼՂՀ-ի վրա «կախված» մերթ ահագնացող, մերթ թուլացող վտանգների տեսանկյունից 9 տարի առաջվա և այսօրվա իրավիճակի միջև որոշակի նմանություններ կան: Իհարկե, կան նաև տարբերություններ, սակայն իշխանափոխության «հարց լուծող» ընդդիմադիրները, վերջին տարիներին առկա փոփոխությունները ներկայացնում են գլխիվայր, բացառապես բացասական «լույսի ներքո»: Զուտ քաղաքական նկատառումներով, Հայաստանի իշխանությունների վրա կոշտ ճնշումների հեռանկարը համարվում է իրական: 1998 թ. իշխանափոխությունից հետո, գրեթե յուրաքանչյուր տարին, ընդդիմության կողմից դիտարկվել է որպես բեկումնային Արցախի հիմնախնդրի ոչ հայանպաստ հանգուցալուծման տեսանկյունից: Իշխանափոխության գերխնդիրը արմատականներին թույլ չի տալիս անկողմնակալ և անաչառ ներկայացնել հանրությանը վերջին տարիներին կատարված աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերը, մասնավորապես` Ռուսաստանի դիրքերի կտրուկ ամրապնդումը, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում առկա փոփոխությունների տրամաբանությունը, Հարավային Կովկասում գերտերությունների շահերի բախումը: Լուրջ վերլուծությունների փոխարեն տարիներ շարունակ թմբկահարվում են վաղուց մաշված չարագուշակ կանխատեսումները, թե իբր իշխանությունները, չդիմանալով Արևմուտքի ճնշմանը, սեփական աթոռները չկորցնելու էգոիստական մղումով պատրաստվում են «ծախել» Արցախը: Մատնանշվում են նաև «ծախման» տարբերակները. այն է` ԼՂՀ-ն մնալու է Ադրբեջանի կազմում, ազատագրված տարածքներն էլ հանձնվելու են հակառակորդին: Արդեն 9 տարի է հնչեցվում է նույն «երգը» նույն հանգով: Այս պարագայում խիստ տեղին էր ՀՀ նախագահի հրապարակած հայտարարությունը, որ ապագա համապետական ընտրություններում ԼՂ հիմնախնդիրը անբարո շահարկումներից զերծ պահելու նպատակով սառեցվելու է բանակցային գործընթացը, և որևէ համաձայնագիր հակամարտության կարգավորման շուրջ չի ստորագրվելու: Այս հայտարարությունը ձիով քայլ կարելի է համարել, քանի որ քարոզարշավում ընդդիմությունը, իր համար անսպասելի, զրկվեց խոշոր քարոզչական հնարքներից մեկից: Ղարաբաղը «ծախելու» թեման «օրակարգից» դուրս մղվեց: Սակայն վերջերս պարզվեց, որ արցախյան թեմայի շահարկման այլ տարբերակներ էլ կան: Ճիշտ է, ոչ այնքան թարմ, բայց նույնքան անբարո, որքան ազատագրված տարածքները, իբր առանց լուրջ փոխհատուցման հակառակորդին հանձնելու հետևողականորեն տարածվող ասեկոսեները: Եթե շահարկումների առաջին տարբերակը ուղղված է «ներքին լսարանին»` հանրությանը մոլորեցնելու, որ իշխանությունները Արևմուտքի կամակատարն են դառնում և դավաճանում ազգային շահերին, ապա երկրորդ տարբերակով` միջազգային հանրությանը, գերտերություններին, հատկապես Արևմուտքին փորձ է արվում համոզել, որ ՀՀ ղեկավար շրջանակները բոլորովին հակված չեն հանգուցալուծելու արցախյան թնջուկը, փոխզիջումների մասին վերջիններիս հայտարարությունները ընդամենը միջնորդների աչքերին թոզ փչելու պարզունակ հնարք է: Այսինքն ՀՀ գործող վարչակազմը ոչ միայն ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, այլև «էն գլխից» տառապում է ազգայնամոլությամբ: Խոսենք փաստերով: Հայրենական մամուլում շատ են եղել հրապարակումներ, քննադատական, վերլուծական հոդվածներ այն մասին, որ իշխանությունների գլխավոր նպատակը հակամարտության սառեցումն է: Վերջիններս ոչ միայն ցանկություն չունեն, այլև ի զորու չեն լուծել հիմնախնդիրը, քանզի դա կատարելու համար չունեն անհրաժեշտ հեղինակություն հանրության մեջ: Սակայն, պարզվում է, Արևմուտքի օգնությամբ իշխանության գալու մոլուցքն ու մտայնությունը այնքան մեծ են, որ ընդդիմադիրները արդեն ամերիկյան մամուլով են տեղի իշխանությունների «ականջին կաթեցնում», որ Հայաստանի գործող վարչակազմը փոխզիջումների պատրաստ չէ: Դիցուք, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ամերիկյան «տուրնեի» ընթացքում չի զլացել տեղական մամուլում, մեղմ ասած, հակահայ, հակազգային քարոզչություն ծավալել: Ամբոխահաճության ռեկորդակիրը, սեփական ժողովրդին հաճոյանալու հիմնական ռեսուրսը սպառելով, հիմա էլ ուզում է արևմտյան երկրների ղեկավարների համակրանքին արժանանալ, «քցելով» ոչ միայն իշխանություններին, այլև պետությանը, քանզի անմիջականորեն ջուր է լցնում ադրբեջանցիների ջրաղացին: Այլապես ինչպես բացատրել այն իրողությունը, որ նույն թերթում, նույն հրապարակման մեջ, Ա. Բաղդասարյանը ոչ ավելի, ոչ պակաս, ԼՂՀ-ն անվանում է «վիճելի տարածք»: Ի՞նչ է շահում ՕԵԿ նախագահը` հարվածելով հայրենի պետության իմիջին: Շահարկելով արցախյան հարցը` նա ձգտում է ապացուցել ԱՄՆ-ին, որ եթե աջակցեն իրեն գալու իշխանության, ապա ինքը խիստ կառուցողական դիրքորոշում կորդեգրի, կգնա լուրջ զիջումների, արագ կլուծի ԼՂ հիմնախնդիրը, դե, իսկ ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման հարցում պարզապես այլընտրանք չունեցող քաղաքական գործիչ է: Ամերիկյան «պոդիումի» վրա ՕԵԿ ղեկավարի քաղաքական «ստրիպտիզը», բնականաբար, պայմանավորված է առաջիկա ԱԺ ընտրություններում Արևմուտքի բարոյական և որ, ամենակարևորն է, ֆինանսական աջակցությունը ստանալու անթաքույց միտումով: Ինչպես Ա. Բաղդասարյանը, այնպես էլ արևմտամետ այլ ընդդիմադիր գործիչներ համոզված են, որ Արևմուտքը ամեն ինչ դիտարկում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման «պրիզմայով», հետևաբար, եթե համոզվի, որ գործող իշխանություններից զիջողամտություն կորզելն անհնարին է, փորձված քաղաքական տեխնոլոգիաների կիրառումով Հայաստանում «գլուխ կբերի» իշխանափոխություն: Սակայն Արևմուտքում հրաշալի հասկանում են, որ իշխանության գալու հայտ ներկայացնող ընդդիմադիրները, խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման իրենց պատրաստակամության մասին, պետք է վայելեն հասարակության մեծ մասի վստահությունն ու համակրանքը, ինչից, դիցուք, Ա. Բաղդասարյանը զուրկ է: Հետևաբար չարժեր այդքան ցածրանալ, և արցախյան հարցը որպես խայծ օգտագործել: Նկատի ունենալով, որ Արևմուտքին դուր գալու «շքահանդեսը» դեռ շարունակվելու է, ցանկություն է առաջանում հայրենի ընդդիմադիրներին հորդորել` «ներկայացեք որպես ժողովրդավարության աննկուն մարտիկներ, մարդու իրավունքների անվեհեր պաշտպաններ, եվրոպական արժեքների նվիրյալներ, բայց, ի սեր Աստծո, Արցախի հարցը հանգիստ թողեք: Արյունով ձեռք բերված սրբությունները առևտրի առարկա մի դարձրեք»: