Փակուղում հայտնված ընդդիմություն
Ազգային ժողովրդավարական կուսակցության 7-րդ` նախընտրական համագումարը մեկ անգամ ևս կարևորեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը` պնդելով, որ այդ փոփոխությունները կարող են հաստատել միայն ժողովրդավարական արժեքներ կրող և իշխանության լծակներն իրենց ձեռքում պահելու ունակ քաղաքական ուժերը: Համագումարի կարգախոսը` «Վերացրու պատճառը` կվերանա հետևանքը»: ԱԺԿ-ի կողմից այս «կիսակայացած և անձնիշխան երկիրը» փրկելու, այդ նպատակին միտված քայլերի անպտուղ հետևանքների վերլուծությունն էր, նաև «մեղայականի» ամփոփումը: - Առկա է համատարած գիտակցումը, որ այսպես շարունակել այլևս անհնար է և, գիտակցելով հանդերձ, շատերն ամեն կերպ ձգտում են պաշտպանել իշխանությանը, բայց երբ գործը հասնում է վճռական պահին, մենք հանդիպում ենք այն երևույթին, որը կոչվում է անմիաբանություն: Եթե Հայաստանը գնա դարձյալ այս ճանապարհով, և եթե այս ընտրություններն էապես չտարբերվեն նախորդներից, ապա վտանգված է թե° «Հազարամյակների մարտահրավերը», որի մասին Վաշինգտոնը բազմիցս բարձրաձայնել է, թե° ֆինանսական այլ ծրագրեր,- ասում է Շավարշ Քոչարյանը: Դե, եթե խորհրդարանականներից մեկը իր ղեկավարած կուսակցության ամբիոնից հայտարարում է, որ օրենսդիր մարմնի անկայունությունը երկրի ներկա վիճակի պատճառն է, ապա թույլ տվեք վիճարկել` ԱԺ-ի գործունեությունը մեզ պե՞տք է, թե՞ ոչ, և գուցե խորհուրդ տանք մարդկանց չմասնակցե՞լ ընտրավազքին: Իսկ եթե այն ոչ թե երկրի, այլ սեփական հարցերը լուծելու նպատա՞կ է հետապնդում... Ժողովրդի խոր հիասթափության պատճառը համարելով որևէ լուրջ ծրագրի, գաղափարախոսության բացակայությունը` Շավարշ Քոչարյանը ընդգծում է. - Եթե եղել են, ապա չգիտակցված քայլեր են եղել, որին ժողովուրդը, բնականաբար, չի անդրադարձել: Այս տեսակետից մենք խորապես համոզված ենք, որ եթե հաջողվի ստեղծել այդ համակարգված ծրագրերը, մոտեցումները, ապա խնդիրը ժողովուրդը չի: Բոլորին է հայտնի, որ հստակ գաղափարախոսություն առ այսօր չի եղել: Եթե իրենց կանոնադրություններում նշված են որոշակի դրույթներ, ապա կուսակցությունների ակտիվիստներն անգամ դրանից անտեղյակ են: Իսկ մեղադրել ուրիշին այն բանի համար, ինչ ինքդ չունես, թերևս բարոյական չէ: Առավել ևս` Շավարշ Քոչարյան գործչի պարագայում, ով հեղինակություն վայելել է: Մյուս կողմից, եթե իշխանամետ ուժերը ոչինչ չեն ներկայացնում, կամ ներկայացնում են այն, ինչը չեն ուզում տեսնել ընդդիմադիրները, ապա գոնե անկեղծ են այնքանով, որ չեն թաքցնում իրենց իշխանամետ կամ կենտրոնամետ ուղղվածությունը: Մինչդեռ իրենց ընդդիմադիր հորջորջողներն անկարող են թաքցնել, որ իրենց քայլերն էլ կախված են ինչ-ինչ «դաբրոներից»: Ընդ որում` ոչ միայն և մեր երկրի իշխանությունների... - Բոլորի մոտ, անկախ քաղաքական կողմնորոշման, մի նպատակ կա, երկրում փոխել իրավիճակը: Ահա սա է մեր միավորման հիմքը, իսկ առանց գաղափարական հենքի որևէ միավորում չի կարող մեխանիկորեն գոյատևել: Ցավոք, այս քննությունը ընդդիմությունը չբռնեց: Խնդիրը ընդդիմության ջլատվածությունն է: Այսպիսի փոշիացած ընդդիմություն Հայաստանում չի եղել: Հիշենք այն օրերը, երբ «Արդարություն» դաշինքը իր շուրջը միավորել էր 9 կուսակցությունների: Շատերը զարմացած էին. ո՞նց կարող է ձախն ու աջը միավորվել, ռուսամետ և արևմտամետ ուժերը միանան: Կար մի բան, որ բոլորին միավորում էր` երկրում տիրող իրավիճակի փոփոխումն էր: Սակայն ժողովրդի վստահությունը ձեռք բերած բոլոր քայլերը ձախողվեցին: Եթե այլևս կորցրել ենք դաշինք ստեղծելու հնարավորությունը, ապա ընդդիմությունը պետք է լրջորեն մտածի, պատրաստվի ձևավորել ընտրությունները վերահսկելու իրական դաշինք: Ընդդիմությունը քննություն չբռնեց և չէր էլ բռնելու, որովհետև կտրված է ժողովրդից, ազգային արմատներից և յուրաքանչյուրի գերխնդիրը շարունակում է մնալ սեփական շահերի պաշտպանությունը: Եթե անկեղծ լինենք, իշխանությունները նույնպես «իրավունք չունեն ժողովրդին անհաճո քայլեր կատարել», իրավունք չունեն այն առումով, որ այն իրենց արտոնված չէ, բայց չէ՞ որ «իրավունքն է ծնել ընդդիմության անհրաժեշտությունը»: Իշխանությունները կարող են սխալվել, սակայն ընդդիմության զգոն աչքը տեսած սխալը արմատախիլ անելու ուժ և սթափություն պետք է ունենա: Մեզանում դա չի գիտակցվում: Եթե անկեղծ լինենք, այսօր էլ շատ հարցեր լուծվում են իշխանական լծակների շնորհիվ, ոչ այն պատճառով, որ վերջիններս ունեն անսահման հնարավորություն, այլ նաև` որ ընդդիմությունը շատ է տարված սեփական որոնումներով: Բարեբախտաբար, Շավարշ Քոչարյանը դեռ չի կորցրել անկեղծությունը, ընդունելով, որ այն ձողը, որի վրա կառուցվում էր ընդդիմությունը, կոտրվեց, և որից հետո պառակտումն անխուսափելի էր: Իր արածն ու չարածը վերագնահատելու, մեղավորներին իրենից դուրս չփնտրելու, սեփական սխալներն ընդունելու ազնվության պակասը դաշինքների ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա է°լ ավելի կնվազեցնի: Իսկապես, ընդդիմությունը չկարողացավ իրականացնել իր ծրագրերը, արդյո՞ք պարտվելու պարագայում բոլորն են հանգում հետևության: Իսկ այն միշտ կլինի, քանի դեռ ընդդիմադիրն ու իշխանավորը շարունակում են մտածել բացառապես սեփական շահերի մասին: Հայտնի փաստ է, որ մարդ արարածն ի ծնե ընդդիմադիր է, և այսօր կարելի է հասկանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր երանությամբ ասում են. «Լիներ այնպիսի ընդդիմություն, որին հավատ ընծայեինք»: Ընդդիմության ջլատվածության ամենակուռ ապացույցը նաև միմյանց սատարելու կոչված և պատրաստակամություն հայտնած գործընկերների` ԱԺԿ համաժողովին չներկայանալու իրողությունն էր: Մի՞թե յուրաքանչյուրն այնքան վստահ է սեփական գաղափարների և ուժի «քաշին», որ կարծում է, թե միայնակ կարող է իրականացնել այն, ինչ չհաջողվեց իրագործել միասնաբար: Իսկ գուցե որոշել են հետևել Ուկրաինայի կամ Վրաստանի օրինակի՞ն, այն է, առանց հայտարարելու իրականացնել հեղափոխություն և անելուց հետո միայն հիմնավորել դրա անխուսափելիությունը: Այլապես նշանակված օրը չիրականացված հեղափոխության համար մեղադրում են ժողովրդին, սակայն ոչ իրենց: Բայց եթե որոշում են, ուղղակի անում են, և ոչ թե տիմոշենկոների կամ սահակաշվիլիների պես, չէ՞ որ ուրիշի սցենարով արված հեղափոխությունը կարող է միայն ուրիշին ծառայել, այն էլ, եթե նա քո բարեկամն է: Իսկ ինչո՞վ վստահ լինենք, որ այդ պատվերը պառակտման նպատակ չունի, ինչի վկան ներկայիս իրավիճակում հայտնված ընդդիմությունն է: