«Հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ»:


Պ. ՍԵՎԱԿ Երկքաղաքացիության մասին օրենքը, որը խորհրդարանում բուռն քննարկումների, իրարամերժ կարծիքների, գնահատականների, տեսակետների բախման, սուր բանավեճերի առիթ է հանդիսացել, վերջապես ընդունվեց: Որքան էլ սույն օրենքը որոշ չափով անկատար, խոցելի և վիճարկելի լինի, այնուամենայնիվ, դրա ընդունման փաստն, իրոք, կարելի է համարել պատմական: Իհարկե, օրենքը, այսօրվա իրողությունները հաշվի առնելով, համայն հայության համախմբման տեսանկյունից ավելի շատ բարոյահոգեբանական, քան գործնական նշանակություն ունի: Բայց պետք է հաշվի առնել, որ դա ընդամենը առաջին քայլն է և, հետագայում կատարելագործվելով, այն լուրջ դերակատարում կարող է ունենալ Սփյուռքի և Հայաստանի կապերի ամրապնդման, համայն հայության ներուժի արդյունավետ օգտագործ ման առումով: Թերևս, ամենավիճարկելին Հայաստանում ու արտերկրում ապրող հայերի հավասար իրավունքների և պարտականությունների ապահովման խնդիրն է, որն այդպես էլ լիարժեք լուծման երաշխիքներ չստացավ: Հենց դա առիթ հանդիսացավ, որ օրինագծին կողմ չքվեարկեն խորհրդարանական խմբակցությունների մի մասը` մասնավորապես ընդդիմությունը և իշխանամետ ՄԱԿ-ը: Իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին նույնպես մտահոգում էր երկքաղաքացիների ոչ լիարժեք պարտականությունների դիմաց բավական լայն իրավունքներ տրամադրելու խնդիրը, ինչի շուրջ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև բավական երկար ժամանակ թեժ բանավեճ էր ընթանում: Սակայն, ի պատիվ ՀՀԿ-ի, հարկ է արձանագրել, որ, չնայած վերջիններիս ոչ բոլոր առաջարկները ներառվեցին առաջադրված օրինագծում, այնուամենայնիվ հանրապետականները գնացին զիջումների` ապացուցելով, որ իրենց համար ազգային պահպանողական գաղափարախոսությունը և նժդեհյան առանցքային դրույթներին հավատարմությունը վեր են ամեն ինչից: Այսինքն, ՀՀԿ-ն, սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը, եկավ այն եզրակացության, որ ավելի գերադասելի է երկքաղաքացիության մասին խիստ կարևոր և պատմական օրենքը ընդունվի որոշ թերություններով, քան ընդհանրապես չընդունվի: Հանրապետականները, գիտակցելով հանդերձ, որ ՀՅԴ-ն, մեծ ազդեցություն ունենալով սփյուռքում, հետագայում սույն օրենքը կարող է օգտագործել սեփական կուսակցության շահերի համար (ինչն, ի դեպ, պնդում էին քաղաքական ուժերի զգալի մասը), կուլ չգնաց խանդին ու մանրախնդրությանը: ՀՀԿ-ին բնորոշ հատկություն, ինչն այնքան պակասում է շատ կուսակցությունների: Ինչևէ, շատ կարևոր հիմնաքարը արդեն դրված է, մնում է ժամանակի պահանջներին համահունչ, ապագայում կատարելագործել օրենքը` առավելագույնս ծառայեցնելով համայն հայության շահերին: