Օրենքը խախտելու և չխախտելու ժամանակը


Երկիրը անշարժ գույքի զարգացման նոր համալիր ծրագրեր ունի: Այդպիսիք վերջին տարիներին էլի են եղել: Այսինքն` ոլորտը փուլ-փուլ զարգանում է: Այս փուլը ուղղվելու է անշարժ գույքի միասնական կադաստրի վարման համակարգի ներդրմանը: Ծրագրի նպատակների շարքը երկար թվարկելու հարկավորությունը չկա, ինչպես և չկա կադաստրային բարդ տերմիններով հոդվածը հեղեղելու նպատակահարմարություն: Սակայն նման ժուժկալությունից ո°չ համալիր ծրագիրն ավելի մատչելի կդառնա, ո°չ հասարակության կադաստրային գիտելիքները կավելանան և ո°չ էլ կադաստրի մարմինները հասարակության աչքի լույսը կդառնան: Ճիշտ է, էլեկտրոնային արխիվի ստեղծումը, օրինակ, կկրճատի քաշքշուկների չափն ու թափը, այսուայն փաստաթուղթը այլևս չի կարող պատահաբար կամ միտումնավոր կորչել որևէ չինովնիկի դարակներում, սակայն բնակչության համար կադաստրը դեռ կշարունակի նույնանալ իրենց իրավունքները ոտնահարող, իրենց սեփականության իրավունքը կյանքի չկոչող կառույցի հետ: Կոզեռնի թաղամասի բնակիչը, Մյասնիկյան պողոտայի բնակիչը, ում դռանը արդեն չոքել են պետական կարիքները և սպառնում են նրանց քշել իրենց տներից, այդպես էլ չեն հասնելու իրենց սեփականության իրավունքների վերականգնմանը, քանի որ դա, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի համաձայն, լուծվելիք խնդիր է: Էլ ավելի պարզ ասած` նորմատիվային դաշտը թույլ չի տալիս իրացման գոտում ինքնակամներ սեփականացնել: Այս դեպքում ի՞նչ է մնում ասել. «մեռնեմ օրենքին»: Պետական կարիքներին էլ հետը, որոնց չափսերով էլ «կարվել է» օրենքը: Մեզանում օրը քանի՞ հազար անգամ քանի՞ հազար մարդու կողմից օրենք է խախտվում: Լռություն: Այս դեպքում օրենքին մեռնողներ չկան: Օրենքը մեռցնողներ` որքան ուզեք: Գիտե՜ն նրանք` երբ օրենքը դրոշակ սարքել: Գնաց ձմեռ, եկավ գարուն 7 մլրդ 300 մլն դրամ. սա այն գումարն է, որ քաղաքապետարանը նախատեսել է մեր քաղաքը բարեկարգելու համար: