«ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԵՎ ՎԱԽԵՆԱՆՔ ԱՍՏԾՈ ՊԱՏԺԻՑ»


Հասարակական գործիչ ասվածն էլ մեզանում, «նեղացրել» է իր ընկալման «շրջանակները»` նույնացվելով քաղաքականության հետ: Ճիշտ այնպես, ինչպես «հանուն հասարակության», «հանուն ժողովրդի» գոչողները մեծամասամբ նեղ-անձնական հարցալուծումների արանքում ընդամենը մերթընդմերթ «ժողովրդանպաստ» ինչ-որ շոուներ են սարքում: Վերջնարդյունքում, իհարկե, անուն վաստակելու մարմաջով: Բարեբախտաբար, նաև ճշմարիտ գործիչներ կան: Ավելին, նույնիսկ այնպիսիք, ովքեր իրենց գործունեությունը աշխատանքային առօրյա են համարում և միայն մտերմիկ զրույցների ընթացքում դրվագներ պատմում այդ առօրյայից: Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ մտավորականը ժլատորեն է հուշերը կիսում: Երբեմն-երբեմն միայն նրա մասին ծանուցում են իր հեղինակած գրքերը, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի (որի հիմնադիրն ու ղեկավարն է) գործունեությունը` որպես գնահատանքի խորհրդանիշ: Եվ միշտ է այդպիսին եղել: Չնայած ոչ այնքան վաղուց Ֆ. Բախչինյան ստորագրությամբ գրականագիտական, թարգմանչական, հրապարակախոսական և գրական երկերը ամենասպասվածն էին ընթերցողի կողմից: Բոլորովին նորերս լույս ընծայված նրա երեք գրքերը ևս («Տիեզերքի սիրեցյալները» եռահատորը) ամենախոսուն վկայությունն են, որ մտավորականին վայել հետևողականությամբ նա շարունակում է պեղել մարդկային հոգիները և պատմության արհրավրալից բավիղներում արահետ որոնել` գոնե իր հնարավորությունների սահմաններում աղետաբեր մի կրակ շիջանելու կամ աննկատ մնացած արժանավորին գնահատանքի մի խոսք ուղղելու... - Ճշմարիտ մտավորականին ապրեցնող հոգևոր հացիվը վաղուց այլևս կենսակերպ է Ձեզ համար: Եվ, մեղմ ասած` չեմ նախանձում նրանց, ովքեր երբևէ չեն որոնել Ձեր ստորագրությունը թեկուզ ինքզինքները ճանաչելու, շրջապատողների հոգու խորքը թափանցելու բանալին գտնելու ակնկալիքով: Բազմազբաղ Ձեր առօրյայի հատկապես ո՞ր «խորանում» եք գտնում այդ հոգևորը: - Երևի թե` իմ ստեղծագործություններում: Կուսակցական գործունեությունը հարիր չէր խառնվածքիս, և ասելիքս ամփոփում եմ իմ հոդվածներում, գրքերում` արդեն շուրջ քառորդ դար: Հատկապես էսսեների տեսքով ներկայացնում եմ վերաբերմունքս աշխարհում տեղի ունեցող զարգացումների, հոգևոր արժեքների մասին: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր. բոլոր մարդիկ` ինչ պաշտոն էլ զբաղեցնեն, ինչ ունեցվածքի էլ տեր լինեն, ինչ ազգության և դավանանքի էլ պատկանեն` մեկ ընդհանրություն ունեն. ամենքն էլ կարեկցանքի կարիք ունեն: Ամենապարզ, մարդկային կարեկցանքի: Այդ երջանկություն կոչվածը երբևէ լիարժեք չի լինում, էլ չասենք, որ այն թվացյալ է հաճախ միայն: Հիշում եք հեքիաթի այն թագավորին, ով կարող էր բուժվել միայն երջանիկ մարդու շապիկով: Բայց ոչ մեկն իրեն երջանիկ չի համարում` իր շապիկը տալու համար, իսկ միակ երջանիկը` հովիվը, շապիկ չուներ... Իհարկե, այսօր արժեքները փոխվել են, և, դժբախտաբար, կորել է հավատարմությունը գաղափարի հանդեպ: - Հավատարմությո՞ւնն է կորել, թե՞ գաղափարներն են չքացել. ապրում է` ով ինչպես կարողանում է... - ...1988-ն ու դրան հաջորդող երկրաշարժը, սումգայիթյան արհավիրքը, Արցախյան ազատամարտը միավորեց բոլորիս, նույն` ազգային-ազատագրական պայքարում տանուլ չտալու գաղափարի շուրջ: Դժբախտաբար` ազգային ինքնագիտակցության այդ զարթոնքը երկար չտևեց. պառակտվեցինք անհուսալիորեն: Բոլոր արժեքները առուծախի առարկա են դարձել: Իսահակյանի նախազգուշացրած ոգու սովն է պատուհասել մեզ: - Այո, թեկուզ` ընթերցասիրության առումով: Դուք վայելել եք ճշմարիտ ընթերցողի գնահատանքը: Անկարելի է մոռանալ, թե տասնյակ հազարավոր տպաքանակով լույս տեսնող գրքերն ինչ արագությամբ էին սպառվում: Այսօր գրքի հեղինակ են դառնում նաև ոչ միայն ասելիք, այլև ձիրք ու շնորհ չունեցողները: Այսինքն` առաջարկն ու պահանջարկը հաճախ արժանի են իրար, սակայն հանիրավի այդ վերաբերմունքի մշուշը նսեմացնում է նաև լավագույն ստեղծագործությունները: - Դժբախտաբար` այդպես է: Մեր լրատվամիջոցներն, օրինակ, կարող են գոնե ներկայացնել արժեքավոր հրատարակությունները` հուշելով ընթերցողին, միաժամանակ նաև ճաշակ արթնացնելով: Շրջել ու ապրել եմ այլ երկրներում և ստեղծագործողի նախանձով եմ ականատեսը եղել, թե ինչ ահռելի տպաքանակով գրքեր են սպառվում. մարդիկ կարդում են, գրադարանների շենքերն անգամ տրամադրում են ընթերցող դառնալ... Մեր դպրոցներում կրթո՞ւմ են, արդյոք, ընթերցող: - Քիչ առաջ խոսեցիք կարեկցանքից: Դրա կարիքն, այո, բոլորն ունեն` թեև ոմանք դա չեն էլ գիտակցում: Սակայն մարդուն մարդ պահող այդ զգացումը մեր օրերում սահմանափակվում է միայն այսրոպեական կենցաղային ինչ-որ օգնության շրջանակներում: - Մեր ազգը ծանոթ է նանսենյան կարեկցանքին, որը ոչ թե նսեմացնում, այլ վեհացնում էր հուսահատության մեջ հայտնվածին: Ռոմեն Ռոլանի բնութագրմամբ` այդ «ամենաճշմարիտ եվրոպացին»` Ֆրիտյոֆ Նանսենը, հալածյալ հայերին օգնում էր հիրավի անհատույց, այլ ոչ` ինքնամեծարման ու հատուցումի ակնկալիքով: Իսկ մենք... Մենք ինքնագոհացումով միայն բղավում ենք` «մե՜նք, մե°նք...»: Բայց որքան էլ շքեղ սեղանների շուրջ հավաքվենք, կարո՞ղ ենք միմյանց լրացնելով բոլորս նույն երգը երգել` ինչպես վրացիները, կարո՞ղ ենք այնքան ինքնամոռաց սիրել երկիրն ու մեր ազգը` ինչպես չեչենները, կարո՞ղ ենք եվրոպացիների չափ կիրթ ու կոռեկտ լինել` բոլոր հարաբերություններում: Այո, հնավանդ ժողովուրդ ենք` բազմադարյա մշակույթով, բայց անցյալով պարծենալուց ավելի հաճախ մեր վաղվա օրը պիտի հիշենք: Ինչո՞վ են հպարտանալու մեր սերունդները: - Սին մաղթանքների և «օգնություն` քվեի դիմաց» «բարեսիրության» փոխարեն երկրի շենացումը պետք է դառնա նպատակ և համախմբման ծրագիր: - Մարդը լիառատ իր սեղանի շուրջ հանկարծ «Հայր մեր»-ով իբր թե մեղա է գալիս` հիշելով կիսաքաղց իր դրկից-հայրենակիցներին: Մեղայական բառերի փոխարեն կարող է, չէ՞, այդ սեղանից ինչ-որ չնչին մասն իր ճանաչած կարիքավորին տալ: Բարոյահոգեբանական այս մթնոլորտն առողջացնելու կոչված մտավորականներն էլ դիմափոխվել են: Խոսքս, իհարկե, ճշմարիտ մտավորականի մասին չէ, այլ նրանց, ովքեր սեփական գրպանը գերադասում են ամեն ինչից: Այսօր մեզ պետք են Նանսենի նման գթասիրտ մարդիկ, ովքեր պատրաստ են դարմանել նույնիսկ օտարի ցավը: - Ո՞վ է Ձեր ստեղծագործությունների հերոսը: - Մարդը. ով ստամոքսի քաղցը հագեցնելու համար չի վաճառում հոգին: Եվ, իհարկե, այն թուլակամ ստրկոգիները, ովքեր միջոցների մեջ խտրականություն չեն դնում` չխորշելով անգամ աստվածուրացությունից: Ինձ բախտ է վիճակվել բարեկամը լինել վրացի մեծ մտավորականներ Շոթա Նիշնիանիձեի, Նոդար Դումբաձեի, Զուրաբ Ծերեթելու, Գամսախուրդիայի... Ի դեպ, հրաշալի ընդունելություն եմ վայելել Էդուարդ Շևարդնաձևի տանը, մինչ հիմա էլ շարունակվում է բարեկամությունս Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեի հետ, ում պապը 1915-ին շատ հայերի է փրկել կոտորածից: Այսինքն, ամենաջերմ զգացումներ տածելով վրաց ազգի հանդեպ, անտարբեր չկարողացա մնալ երկրի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Վախթանգ Ռչեուշվիլու անբարո մի ելույթի հանդեպ, որով վիրավորել էր հայ ազգին: Այդ ժամանակ մեզ մոտ բոլորը տարված են ընտրություններով և ոչ մեկը սեփական գովազդից հեռու չանցավ, և ոչ մեկը չպատասխանեց նրան: Պայքարի իմ զենքը գրիչն է. գրեցի բաց նամակ` և այն վերնագրեցի իր իսկ խոսքերով` «Բաց նամակ քաղաքական արվամոլին»: Կամ, վերջերս մաքսանենգության մեղադրանքով կալանավորված Իրինա Սարիշվիլին ավելի քան 15 տարի բացահայտորեն հայատյաց հրապարակային ելույթներ էր ունենում` լկտիաբար հերքելով հայկական ջարդերն Ադրբեջանում: Դարձյալ միայն ես` պաշտոն ու քաղաքական կուսակցություն չունեցող շարքային հայս հակադարձրի նրան` «Փնտրեք ձեր արմատները» հոդվածով... Մի խոսքով: Մեզանից յուրաքանչյուրը, առանց սնափառության, պետք է գիտակցի, որ ինչ-որ չափով ինքն այս երկրի այցեքարտն է: 88-ի երկրաշարժից հետո Մյասնիկյան պողոտայի մի հատվածում աշխարհի քարտեզն էր` մեզ օգնության ձեռք մեկնած երկրների անուններով և խոշորատառ «Շնորհակալություն» նշումով: Հիմա այն չկա, բայց կան ու մնալու են բարոյական նորմերը: Ամենից առաջ` բարոյական պարտքի գիտակցումը: - Ձեր գործունեությանը ծանոթ մարդիկ տարակուսում են. հիրավի ազգանպաստ ձեռնարկումներով հանդերձ Դուք քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա չեք: Չե՞ք կամեցել, թե՞ չեք նկատվել: - Մեր տոհմում ոչ մի կուսակցական չի եղել: Համատարած կոմունիստականացման տարիներին միայն ես դարձա ԽՄԿԿ անդամ, բայց դրանով գոհանալու առիթներ այդպես էլ չգտա: Հայրական պապիս թուրքերն էին սպանել, մորս հայրը մահկանացուն կնքել էր Խթը-ի նկուղում: Դժնի 1937-ին մեր գյուղսովետի նախագահն ու որոշ կոմունիստներ նրան մեղադրել էին վրացիների ու ազերիների դեմ կռվելու, դաշնակցականներին օգնելու, Արամայիս Երզնկյանի հետ բարեկամություն անելու համար: Ես հպարտ եմ, որ 8 երեխաների հայր պապս կռվել է` իր գյուղն ու ընտանիքը պաշտպանելու համար: Արցախյան պատերազմին ուղղակիորեն չեմ մասնակցել, բայց այդ տարիներին Ախալցխայում էի. որդուս հետ թե° Աջարիա էի գնում, թե° Աբխազիա և փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի հայ-վրացական բախումներ չլինեն: Երջանկահիշատակ Վազգեն Առաջինին և Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդին անձամբ եմ խնդրել` ժողովրդին ետ պահելու հնարավոր միջադեպերից: Իհարկե, դրա համար պարգևներ չեմ ակնկալել և չեմ էլ ստացել, բայց հպարտ եմ, որ վրացի ընկերոջս` Զուրաբ Խուցիշվիլու հետ կարողացա կանգնել սահմանագլխին: - Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր կոչված են նպաստել ժողովրդի համախմբմանը, սակայն կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում: - Հիշենք Մարո Մարգարյանի խոսքերը` «Ամենքն ուզում են ուղղել աշխարհը, ոչ ոք չի ուզում սկսել իրենից»: Մեզանում կան փորձված քաղաքական գործիչներ, որոնց հանդեպ ունեմ մեծ համակրանք` Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան: Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի նախնիներն էլ, դեռևս 20-րդ դարի սկզբից, ճանաչված են եղել իրենց հայրենասիրությամբ: Նրա հորեղբոր որդիները Բաթումում կարողացան տեր կանգնել հայկական դպրոցին: Անցյալ տարի առիթ ունեցա իսկապես հիանալ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի կերպարով: 76-ամյա պաշտոնյան իր երկրի տերը լինելուց առաջ իրեն երկրի ստրուկն էր համարում: Այնքան բարոյական պետք է լինել, որ գոնե ազգի հետ չխաղալ: Եթե անկեղծ ասեմ` մեր վաղվա օրվա նկատմամբ լավատես չեմ: - Բայց էությամբ Դուք հոռետես չեք: - Ճիշտ հակառակը, լավատես եմ, բայց ոչ` այդ հարցում: Այս շքեղ մեքենաների շքերթում դրանց տերերը հիշո՞ւմ են, որ Հայաստանում գնալով ավելանում են մանկատներն ու ծերանոցները: Ճոխ սեղանների շուրջ հայրենասիրության մասին ճամարտակողները այցելո՞ւմ են նրանց, աջակցո՞ւմ են: Ուզում եմ հիշել մորս խոսքերը, որ պատվիրան են ինձ համար` «Հիշենք մեր վաղվա օրը, վախենանք Աստծո պատժից»: Բումերանգի նման տիեզերքը մեզ է վերադարձնում մեր էությունից արձակված կայծերը: Ոչ մի պահի չպետք է մոռանանք, որ մեր ապրած ամեն օրը տարեգրություն է, և մեր ամեն քայլի համար պատասխանատու լինելու ենք մենք կամ մեր ժառանգները: Անկախ գրաված դիրքից և ունեցվածքի չափից, մարդը պետք է բարոյական լինի (խոսքս, իհարկե, կենցաղային բարոյականության մասին չէ, որի դեպքում սայթաքումներն ուղղելի են): Գոնե այնքան բարոյական, որ ճանաչի իր տեղը և չափի զգացումով առաջնորդվի:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ