Չէր խանգարի


Գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում մարդկանց նյարդային համակարգը տարիների ընթացքում խաթարվում է: Սակայն քչերն են դիմում հոգեբանի, նյարդաբանի օգնությանը` պատճառաբանելով ժամանակի սղությունը: Երկարատև տարիների լարված աշխատանքը որոշ ուսուցիչների դարձրել է դյուրագրգիռ, նյարդային: «Նման մասնագետները պարտադիր պետք է բուժվեն, այլապես երեխաների հետ նրանց աշխատանքը չի ստացվի, սակայն մենք պարտադրել չենք կարող,- պարզաբանում է հանրապետական դպրոցներից մեկի տնօրենը,- իսկ աշխատանքից ազատելու միակ միջոցը ծնողների գրավոր բողոքներն են»: «Ինչպես վստահ լինենք, որ մեր բողոքներին կրթական համակարգի պաշտոնյաները ընթացք կտան: Շատ հնարավոր է, որ նման ուսուցիչը «ծանոթ-բարեկամի» միջոցով շարունակի «աշխատել» ու մեր երեխաների «քթից էլ մի լավ բերի»,- իրենց հերթին զգուշանում են ծնողները: Նման հարցի լուծումը թերևս մեկն է. տարին մեկ անգամ նյարդաբանի մոտ ուսուցիչների պարտադիր բուժ. զննումը: Արդյո՞ք հնարավոր է: «Հարցադրումը շատ կարևոր է և մտածելու առիթ է տալիս,- նշում է ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը,- սակայն պատասխանն ակնկալեք Առողջապահության նախարարությունից»: Ինչևէ, հետևեցինք տիկին Հովհաննիսյանի խորհրդին և... ակնկալեցինք: Մեր հարցադրումն ամբողջությամբ չընկալելով, Առողջապահության նախարարության լրատվական հարցերով նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը հեռախոսազրույցի ընթացքում կամաց-կամաց բորբոքվեց ու բռնկվեց` փորձելով «բանից անտեղյակներիս» «բացատրել», որ ուսուցիչների անվճար բուժսպասարկում գոյություն ունի, ու որ նման «տգետ» հարցերով էլ իրեն չանհանգստացնենք: Ջանքեր պահանջվեց դյուրագրգիռ տիկին Ռուսլանային հասկացնելու, որ խոսքը պարտադիր բուժզննման մասին է, և որ մենք ընդամենը նախարարության համապատասխան պաշտոնյաների կարծիքն ենք ակնկալում լսել: «Դիմեք կառավարությանը, թող որոշում ընդունեն»,- եզրափակեց նախարարի խորհրդականն ու շրխկացրեց լսափողը: Իհարկե, Ամերիկա չհայտնագործեց, սակայն իր պահվածքով մեզ մտածելու լուրջ առիթ տվեց: Ի դեպ, Ամերիկայի մասին. հզոր երկիր, որտեղ, ըստ գործող օրենքի, 12 տարի անընդմեջ աշխատանքային փորձ ունեցող ուսուցչի վկայությունը դատական ատյաններում չի անցնում: «Ուսուցիչների աշխատանքն է պարտավորեցնում է°լ ավելի զգույշ ու զգոն լինել իրենց իսկ օգտի համար: Չէ՞ որ գործ ունեն տարբեր բնավորությունների տեր երեխաների հետ և, Աստված չարասցե, նյարդային վիճակում անզգույշ մի քայլ անեն»,- կարծիք է հայտնում թերապևտ Կարինե Կիրակոսյանը,- նրանց նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է մեզանից պահանջվում: Ոմանց հետ անմիջական շփումը դժվար կամ գրեթե չի ստացվում: Դյուրագրգիռ են, անհամբեր, շատ են բողոքում, սպասել չեն սիրում: Իհարկե, հասկանում ենք, որ ծանր, պատասխանատու աշխատանքն է նրանց այդպիսին դարձրել, բայց և իրենք պետք է գիտակցեն հարցի լրջությունը»: Թող ներեն մեզ այն ուսուցիչները, ում շնորհն այս ի վերուստ է տրված, սակայն նման հարց բարձրացնելու համար մենք ունենք հիմնավոր փաստեր, չենք հրապարակում` հարգելով միայն ուսուցչի ծանր ու քրտնաջան, երբեմն էլ անշնորհակալ աշխատանքը: Հ. Գ. Մեծարգո Առողջապահության նախարար: Նման պարտադիր բուժզննումը չի խանգարի նաև Ձեր աշխատակցուհուն: Սա` խորհրդի կարգով:

Լիլիթ ՄԽԻԹԱՐՅԱՆ