Անհատական ցուցահանդես Թբիլիսիում


Փետրվարի 22-ից 23-ը ներառյալ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանին կից Մշակույթի հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանատան աջակցությամբ, Վրաստանի մշակութային փոխհարաբերությունների կենտրոն «Կովկասյան տանը» գործեց անվանի մանրանկարիչ Մերուժան Շահումյանի «Ավետարանի մանրանկարներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Մերուժան Շահումյանը ծնվել է 1951 թվականին, Թբիլիսիում: 1980 թվականին ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստից ակադեմիան: 1982 թվականից նրա կտավները ցուցադրվել են տարբեր գեղարվես տական ցուցահանդեսներում: Արվեստի իր ասպարեզում թերևս միակը վիրահայ իրականության մեջ, նա առաջին անգամ էր ցուցադրվում ծննդավայրում, թեև արդեն անհատական ցուցահանդեսներով հանդես էր եկել Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, իսկ 2006-ին` `Ջավախքում: Մերուժան Շահումյանի հեղինակությամբ առանձին աշխատանքներ ամփոփված են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի և Վրաստանի անհատական հավաքածուներում: «Կովկասյան տանը» բացված ցուցահանդեսին ներկայացված էին նախշած քարեր և ափսեներ, մանրանկարներ` ստվարաթղթին, այդ թվում` «Խորհրդավոր ընթրիք», «Սուրբ Մաշտոց», «Սուրբ Ծնունդ», «Փախուստ դեպի Եգիպտոս», «Սուրբ Գևորգ», «Ավետում», «Արցախի Մայրիկ Մայր Աստվածածին», «Նարեկացի», «Շուշանիկ», «Սուրբ բժշկություն», «Դժոխքի ավերում» և շուրջ 50 այլ աշխատանքներ: Բացառիկ ու հետաքրքիր էին նաև նախշազարդ ու լաքապատ ձվաձև փայտերը: Երեկոյին, որ սովորականից ավելի բազմամարդ էր, ելույթ ունեցան Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, «Կովկասյան տան» տնօրինուհի Նաիրա Գելաշվիլին, Վրաստանի ՎՀՄ փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը, վիրահայ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Նիկոլայ Կորչմարը և այլք: Հնչած բարի խոսքերն ու գնահատականներն է\'լ ավելի բացահայտեցին մանրանկարչի կողմից արարվող հնավանդ արվեստի անհրաժեշտությունը նորօրյա մեր կյանքում, որովհետև Ավետարանի ծանոթ սյուժեներին` ինքնադրոշմ ու շեշտված անհատականությամբ մոտեցող մանրանկարչի հզոր հավատքից ու զորեղ աղոթքից ծնված ճշմարիտ արվեստում գտնում ես սփոփանք, մխիթարություն, բյուրեղանում ես... իսկ դա հաճախ խորտակում է յուրաքանչյուր թշնամություն, չարիք... Նշենք, որ աստվածահաճո այս նախաձեռնությունը թվով երրորդն է (նախորդ երկու միջոցառումներին ցուցադրվել էին վիրահայ լուսանկարիչների և Ռոբերտ Ներսեսովի գեղարվեստից ստուդիայի սաների ստեղծագործությունները) արգասաբեր այն համագործակցության, որ որպես ավանդույթ ձևավորվել է «Կովկասյան տան» ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի միջև: ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ