ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ


Հայ ժողովրդի փառապանծ զավակ, Խորհրդային բանակի ականավոր զորապետ, Քաղաքացիական պատերազմի հերոս Հայկ Դմիտրիի Բժշկյանը (Գայը) ծնվել է 1887 թ. փետրվարի 19-ին Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Սոցիալական ծանր պայմանները ստիպել են նրանց ընտանիքին տեղափոխվել Թիֆլիս, ապա` Սամարղանդ: Բաքվի նավթահանքերում աշխատելով` նա փորձել է պայքարել հանուն արդարության, մասնակցելով գործադուլներին, ելույթներ ունենալով մամուլի էջերում, կրելով տարբեր պատիժներ, հեռացվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից, նետվել Մետեխի, Բաիլովի բանտերը, աքսորվել Աստրախան: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Հ. Բժշկյանը կամավոր մտել է բանակ, սովորել է Թիֆլիսի սպայական դպրոցում: 1915 թ. նշանակվել է ռուս-թուրքական ճակատամարտի հայկական 6-րդ կամավորական դրուժինայի հեծյալ վաշտի հրամանատար, ապա` դրուժինայի պետ: Կովկասյան ռազմաճակատում ցուցաբերած քաջության համար պարգևատրվել է Գեորգիևյան երկու խաչով, Սուրբ Աննայի շքանշանով և մեդալով: 1916 թ. մայիսին նշանակվել է հայկական պահեստային ջոկատների պետ: 1918 թ. սկզբից իր կողմից կազմավորված ջոկատով կռվել է սպիտակ չեխերի և կազակների դեմ, հուլիսից-դեկտեմբեր` կատարել է Սենգիլո-Ստավրոպոլյան ֆրոնտի հրամանատարի տեղակալի պարտականությունները, հետո` 42-րդ հրաձգային և 1-ին Կովկասյան դիվիզիայի 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատարների պարտականությունները Հարավային և Արևմտյան ճակատամարտերում, հասել է մինչև Վիսլա գետը: Նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմավորված Սիմբիրսկի հետևակի դիվիզիան սեպտեմբերին ազատագրել է Սիմբիրսկը, հոկտեմբերին` Սիզրանը, Վոլգայի Ստավրոպոլը, Սամարան, Բուինսկը, Սենգիլեյը, նոյեմբերին` Բուզուլուկը: Դեկտեմբերին Գայը նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 1-ին բանակի հրամանատար, մասնակցել Ուրալի, Անդրուրալի, Պովոլժիեի, Օրենբուրգի, Ուֆայի, Օրսկի ազատագրական և պաշտպանական մարտերին: 1921 թ. հոկտեմբերի 20-ին Սիմբիրսկի հետևակի դիվիզիան վերանվանվել է Երկաթյա, կրկնակի Կարմիր դրոշի դափնեկիր` հետագայում` 24-րդ Երկաթյա դիվիզիա, որը մինչև ԽՍՀՄ փլուզումը տեղաբաշխված էր Լվովում, ուներ հարուստ, հետաքրքրություն ներկայացնող թանգարան: Ա. Մյասնիկյանի հետ նա ծավալել է եռանդուն գործունեություն Հայաստանի միացյալ ռազմական դպրոցի և Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայի կազմավորման, մարտունակության բարձրացման համար: 1923 թ. Գայը հետ է կանչվում և նշանակվում 7-րդ հեծյալ դիվիզիայի, այնուհետև` 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար` Արևմտյան ճակատամարտում լեհական մարշալ Պիլսուդսկու զորքերի դեմ կռվելու և ազատագրելու Լիտվայի և Բելառուսիայի գրաված տարածքները և բնակավայրերը: 1927 թ. Հայկ Բժշկյանը ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, մնացել որպես ասպիրանտ: 1929 թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան և դասավանդել պատերազմի պատմություն և ռազմական արվեստ առարկան, դարձել ամբիոնի վարիչ: 1933 թ. նշանակվել է Ժուկովսկու անվան ռազմաավիացիոն ակադեմիայի պատերազմի պատմության և ռազմական արվեստի ամբիոնի պետ: Իր եռուն գործունեության տարիներին նա եղել է Սամարայի, Սիմբիրսկի, Օրենբուրգի ժողկոմների անդամ, ընտրվել Հայաստանի Անդրկովկասյան ֆեդերացիայի և Բելոռուսիայի Կենտրոնական կոմիտեների անդամ: * * * 1935 թ. ամռանը Գայն իր կնոջ` Նատալյա Յակովլևնայի հետ մեկնում է Մինսկ` մասնակցելու Բելոռուսիայի ազատագրման 15-ամյակին նվիրված միջոցառումներին: Գիշերը, ճանապարհին, անհայտ անձինք նրան ձերբակալում են` «Գայի խումբը» շինծու գործով, և 5 տարով նա հայտնվում է Յարոսլավլի բանտում: Մերժվում է Գայի խնդրանքը, որ իրեն թույլատրեն Մոսկվա վերադառնալ` պարզելու ճշմարտությունը: Բայց առողջական վիճակի ծանրանալու պատճառով նա հայտնվում է բանտի հիվանդանոցում: Պահպանվել են Գայի նամակներից երկուսը, որոնք զայրույթի, հայրենիքին նվիրվածության, ազնվության, կյանքի ազատության զգացմունքների աղբյուր են: Նա գրում է. «...Հավատացեք ինձ, որ ես երբեք ոչ մի հակահեղափոխական, հակակուսակցական խմբավորումներում չեմ եղել, հակակուսակցական աշխատանք չեմ տարել: Գործուղեք ինձ որտեղ ուզում եք, ինձ տվեք ամենածանր և վտանգավոր աշխատանք, և ես նորից իմ արյամբ կապացուցեմ, որ սիրել և սիրում եմ կուսակցությունը... Հաշվի առեք իմ անցյալը, որ ես նախկինում տառապանքներ կրած ժողովրդի զավակ եմ...»: Պակաս հուզիչ չէ երկրորդ նամակը. «...Տվեք ինձ ամենավտանգավոր հանձնարարությունները, ուղարկեք ինձ ԽՍՀՄ ամենավտանգավոր տեղերը սահմանի վրա (Սիբիր, Մանջուրիա, Թուրքմենիա, միևնույն է), որտեղ ես կկարողանամ նորից ապացուցել իմ նվիրվածությունը կուսակցությանը: Ինձ ամենից շատ վիրավորում է, մինչև կսկծալի ցավը, Կարմիր բանակի հրամանատար Գայի անունը: Բանտախցում մութ է, արցունքներն էլ են խանգարում գրել»: Այդ նամակները մնացել են անպատասխան: Գայի մարտական և նվիրված ընկեր Ռոբերտ Էյդեմանը փորձել է օգնել նրան հավատացնել իշխանավորներին, ապացուցել, որ նրա հասցեին բոլոր մեղադրանքները զրպարտություն են: Սակայն շուտով ինքն էլ շատերի պես անհետացել է, որի մասին Գայը իմացել է թերթերից: 1937թ. դեկտեմբերին Գայի կինը` Նատալյա Յակովլևնան տեսակցության իրավունք է ստանում: Այդ հանդիպումը վերջինը եղավ: Կինը պատմել է, որ Գայը նկատելի հյուծվել էր, գունատվել, ձախ ոտքից թեթև կաղում էր: Երբ մենք նետվեցինք դեպի իրար, գրկախառնվեցինք, բավականին ժամանակ չէինք կարողանում խոսել, հետո հարցրեց: - Ինչպե՞ս է պապայի առողջությունը: - Նա կաթվածահար է,- պատասխանեցի ես և ավելացրի, որ Թամարան առողջ է,- սպասում է իր վերադարձին: - Նախապատրաստիր Թամարին վատ երևույթների և ասա, որ ես մաքուր եմ, ոչ մի մեղք չունեմ,- ասաց Գայը: 1937 թ. դեկտեմբերի 11-ին «Գայի գործը» նորից քննության է ներկայացվել, բայց` փակ դռների հետևում` առանց մեղավորի և վկաների մասնակցության: Դրա հաջորդ օրը, դեկտեմբերի 12-ին, Գայի կյանքը ընդհատվում է: Եվ նա դժնի այդ ժամանակների միակ զոհը չէր: Պատերազմից առաջ գերմանական հետախուզությունը հնարովի «գործեր» էր «մատուցում» խորհրդային իշխանավորներին, թե իբր բարձրաստիճան զինվորականները պատրաստվում են տապալել Ստալինի տոտալիտար իշխանությունը: Այս ամենի արդյունքում խորհրդային համակարգն իր իսկ ձեռքով գլխատեց զինված ուժերը: Իսկ ֆաշիստական Գերմանիան պլանավորել էր «Կայծակնային պատերազմ»... Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ գնդապետ