Ջավախքում իրագործվելու է երկրորդ ցեղասպանությու՞ն


«Այսօրվա համաժողովը ոչ մի դրույթ չի փոխի, թիզ անգամ չի փոխվի նախագծի մեջ»,- մտավորականների միության լիագումար նիստի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, Նինոծմինդայի շրջանի կրթության, մշակույթի, սպորտի ծառայության պետ Գևորգ Սնխչյանը, ավելացնելով, որ քննարկված հիմնահարցերի համար լուծում գտնելը պետության իրավասության խնդիրն է: Ախալքալաքում տեղի ունեցավ Ջավախքի մտավորականների միության 5-րդ համաժողովը, որը նվիրված էր երեք հիմնախնդրի` Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում հայոց լեզվի` որպես պետական լեզվի կարգավիճակի պահպանմանը, Ջավախքի քաղաքական իրավիճակի բարձրացմանը և Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի շինարարությանը: Համագումարին մասնակցում էին մտավորականների միության անդամները, շրջանային ժողովի 6 պատգամավորներ, Թբիլիսիի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Ախալցխայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, գյուղատնտեսության ֆերմերների միության ասոցիացիան, Նինոծմինդայի մտավորականության ներկայացու ցիչներ: Գևորգ Սնխչյանի` Ջավախք-ինֆոյի թղթակցի հետ հարցազրույցում արտահայտած կարծիքով մտավորականների համագումարը պետք է դներ միայն հոգևոր-մշակութային խնդիրների լուծման ճանապարհներ գտնելու հարց, հայ լեզվի, մշակույթի, կրոնի, սովորության և հայկական դիմագծի պահպանման խնդիր, քանի որ. «Երբ բոլորն ամեն ինչ անում են, ոչ մեկը ոչ մի բան չի անում: Ջավախքում կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, պետք է տարբեր լինեն յուրաքանչյուր կազմակերպության կայացրած որոշումները, այլապես, եթե քննարկվեն միևնույն հարցերը, դրանք երբեք լուծում չեն գտնի»: Կարևորելով ազգային արժեքների ոչնչացման դեմ պայքարի խնդիրները, մասնակիցները շոշափեցին ինքնակառավարման հարցը. «Մենք, որպես և քաղաքական, և նոր աշխարհի մաս կազմող, և հայ ժողովուրդ, պետք է աշխարհի դեմ կանգնած լինենք, ոչ թե վախենանք մեծ աշխարհ դուրս գալու վտանգից: Մեզ պետք է այլ ժողովուրդների հետ մերձենալու, բայց հայ մնալու փորձ սովորել: Մենք մեր մեջ ենք ոչնչանում որպես ազգ մեր ռուսական դպրոցներով ու այլակրոն սովորույթներով: Աշխարհի բոլոր մասերում մեր հայ համայնքները գոյատևում են իրենց ապրելու և հայ մնալու փորձով»: Ախալքալաքի շրջանի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանի հավաստմամբ, համաժողովի մասնակիցների առաջարկությունները քննարկված հարցերի վերաբերյալ նկատի կառնվեն, սակայն Վրաստանի և Եվրոպայի օրենսդրության սահմաններում, չնայած. «Վրաստանի իշխանությունը մի ձեռքով ժողովրդին է պահում, մյուս ձեռքով` տուժում, չարչարում: Եթե, ինչպես իրենք են արտահայտվում, ժողովրդավար երկիր է, ու՞ր է այդ ժողովրդավարությունը, երբ մեր ձայնը տեղ չի հասնում, մեր կայացրած որոշումները արդեն երկու տարի է արհամարհվում և պատասխան չեն ստանում»: Ինչպես հայտնեց պրն Շիպակցյանը, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցման մասին իրենց որոշումը պետք է ուղարկվի Վրաստանի Ազգային ժողով, Կրթության և գիտության նախարարություն, հանրապետության նախագահին, ՀՀ և. «…գուցե նաև` Թուրքիա: Եթե դուք` Թուրքիա, ժխտում եք ցեղասպանությունը, մենք էլ չենք ուզում երկրորդ ցեղասպանություն իրագործվի: Եթե այդ ծախսերն ուզում եք անել, ներդրեք արդյունաբերությունը Ջավախքում, թող գյուղատնտեսությունը զարգանա, մենք հետագայում ձեր վարկերը կվերադարձնենք»: Հայ հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, Ա-ինֆո լրատվական գործակալության տնօրեն Խաչատուր Ստեփանյանի նշելով, մտավորականների հավաքը նվիրված է հիմնականում Ջավախքին հուզող մի շարք խնդիրներին, մասնավորապես Ախալքալաքում կառուցվելիք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծին. «Ճիշտ է, սա միջպետական նշանակություն ունեցող երկաթգիծ է, սակայն պետք է նույնպես հաշվի առնել տեղի բնակչության կարծիքը, մասնավորապես այն առումով, որ եթե մի պարագայում շեշտվում է, որ մեսխեթցի թուրքերի վերադարձը կարող է կոնֆլիկտ առաջացնել տեղացի հայերի հետ, ապա թուրքական տարրերի ներթափանցումը նույնպես կարող է կոնֆլիկտ առաջացնել տեղի բնակչության հետ\": Խ. Ստեփանյանի կարծիքով, թուրքերն իրենց նախապես մշակած ծրագիրն են իրականացնում. «Թուրքերը փորձեցին այլ ճանապարհով միանալու ադրբեջանցիների հետ, չի ստացվում, հիմա փորձում են Վրաստանի միջոցով իրագործել, պարզապես Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև տրանսպոր տային կապի ստեղծում է»: Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչ, նախկին «Շառլ Ազնավուր» բարեգործական ընկերության նախագահ Գևորգ Պետրոսյանը, խոսելով Ախալցխայի հայության անունից, վտանգավոր համարեց շինարարության ծրագիրը, որն իրենց շահերին չի համապատասխանում և Ախալցխայի զարգացման վրա կունենա բացասական ազդեցություն: Համաժողովի ընթացքում հնչած բազմաթիվ առաջարկություններից էին Ջավախքի հայ բնակչության արտահոսքի նվազեցման, սոցիալական վիճակի բարելավման, ինքնավա րության հաստատման, տեղական հանքանյութի օգտագործման, աշխատատեղեր ստեղծելու, արտագնացության, այցեհրավերների, ղեկավար մարմինների ներկայացուցիչների ընտրության, երկաթգծի հարցը օրակարգից հանելու, ավտոմայրուղու շինարարության, հայոց լեզուն, եթե ոչ պետական, գոնե` տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելու հիմնախնդիրները: