ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ
1980-ական թվականների սկզբին ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանրապետական խորհրդակցություն էր անցկացնում` հանցավորության դեմ պայքարի հարցերի շուրջ: Ներկա խոշոր մտավորականներից մեկը, համընդհանուր քրքիջի ուղեկցությամբ ցույց տալով դահլիճում գտնվող իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարներին, ասաց. «Կարեն Սերոբիչ, եթե ուզում ես հանրապետությունում հանցավորությունը վերանա` հանձնարարիր կալանավորել հենց այս պահին այս դահլիճում ներկա գտնվող բոլոր իրավապահներին. ոչ մի հանցագործություն առանց սրանց գիտության ու թույլտվության չի կատարվում»: Անեկդոտի վերածված այս պատմությունը ակամայից հիշեցի, երբ օրերս էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացրին, որ Նախագահը աշխատանքային խորհրդակցության էր հրավիրել հարկային պետական ծառայության նորանշանակ ղեկավար Վահրամ Բարսեղյանին: Խորհրդակցությանը ներկա էին նաև Վարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, հարկային ու մաքսային գերատեսչությունների ղեկավարները, հանրապետության ոստիկանապետը, Նախագահի վերահսկողական ծառայության պետը, Ազգային անվտանգության ծառայութ յան փոխտնօրենը, գլխավոր դատախազի տեղակալը, պաշտոնատար այլ անձինք: Այսքան ներկայացուցչական կազմը, անշուշտ, պայմանավորված էր քննարկվող հարցերի լրջությամբ` հարկային մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում, վարչարարութ յան խստացում, ստվերային տնտեսության ծավալների կրճատում: Առավել ևս, որ Վահրամ Բարսեղյանի սկզբունքայնությունն արդեն ի հայտ էր եկել իր նախորդ պաշտոնում: Նախագահը խնդիր դրեց հասնել նրան, որ «Հայաստանում ոչ մի գործարար չունենա արտոնյալ պայմաններ, չօգտվի հովանավորչությունից և չխուսափի հարկերից, իսկ հովանավոր չությանը տուրք տվող մաքսավորներն ու հարկայինները հայտնաբերվեն և ենթարկվեն օրենքով նախատեսված խստագույն պատիժների»: Ներկաներին հանձնարարելով առավելագույն աջակցություն ցույց տալ հարկային մարմիններին` դրանց կատարումն ապահովելու գործում, Նախագահը, ըստ իս, ենթատեքստով նրանցից նաև պահանջում էր… ձեռնպահ մնալ սրա կամ նրա համար միջնորդելուց: Չեմ կարող ասել` խորհրդակցությանը ներկա գտնվող բարձրաստիճան պաշտոնատարներից ո՞վ և ե՞րբ է որևէ մեկի համար միջնորդել, և միջնորդե՞լ է, արդյոք, սակայն բացարձակապես վստահ եմ` առանց բարձրաստիճան հովանավորների` ոչ մի գործարար չի համարձակվի խուսափել հարկերը բարեխիղճ կերպով վճարելուց: Հարկերը վճարելուց խուսափելը կամ, ավելի ճիշտ կլինի ասել` դրանք ոչ լրիվ ծավալով վճարելը տնտեսության մեջ առկա հենց այն «ստվերն» է, որը երկար տարիներ դարձել է մեր պետության Աքիլլեսյան գարշապարը: Ի դեպ, շա¯տ զարմանալի, աներես ու պնդաճակատ է այդ «ստվերը». բոլորը նրա մասին գիտեն, բայց ոչ ոք…«չի տեսնում»: Բոլորն ամենուրեք «ստվեր» են փնտրում, բայց…չե¯ն գտնում: Ապրիորի` կա, իրականում…անորսալի է: Այս «հավկուրության» գաղտնիքը նույնպես առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոնյաներից է գալիս: Նրանք ուղղակի չեն թողնում, որ տնտեսության մեջ առկա «ստվերը» հայտնաբերելու կոչված մարմինների աշխատակիցները բարեխղճորեն կատարեն իրենց պարտքը: Ահա ինչու բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչական հեռախոսազանգերի կամ այլ կարգի միջնորդությունների առաջ ընկրկած և անբարեխիղճ հարկատուի կամ մաքսային կանոնները խախտած գործարարի անթույլատրելի արարքներին օրենքով ընթացք չտված հարկային ու մաքսային ծառայողներին հայտնաբերելու և խստագույնս պատժելու հարցադրումը… փոքր-ինչ արդարացի չեմ համարում: Որովհետև շարքային տեսուչների համար ամենևին հեշտ չէ ընդդիմանալ հարկային ու մաքսային օրենսդրությունները խախտելու, շրջանցելու, դրանց այս կամ այն դրույթը կոնկրետ Այսինչի կամ Այնինչի նկատմամբ չկիրառելու առթիվ բարձրաստիճան պաշտոնատարների ամեն կարգի միջնորդություններին: Չեմ ուզում հարկային ու մաքսային մարմինների միջին ու մանր չինովնիկների երեսը լվանալ: Ցավոք, նրանց մեծ մասի ձեռքով են կատարվում ոչ միայն ոլորտում առկա բոլոր այլանդակություններն ու անարդարությունները, այլև հենց նրանք են կազմում ամեն սրբություն ոտնատակ տալու ընդունակ այն բանակը, որ Թանատոսի ագահությամբ չոքել է միջին ու մանր գործարարների կոկորդին, ուղղակի խեղդում է նրանց` փակելով թթվածինը, այսինքն գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, եթե այդ գործարարությունից իր բաժին կաշառքը չի թռցնում: Բոլորը դա գիտեն, բայց գիտեն նաև այն, որ նմանները, կրկին ընդգծում եմ, անզոր են բարձր հովանավորչությունից օգտվող, այսպես կոչված «տանիք ունեցող» գործարարների հանդեպ: Այդպիսիների «կողքով անցնելու», նրանց հարկային դաշտ բերելու համար հարկային մարմինների միջին ու մանր չինովնիկները առյուծի սիրտ պիտի կերած լինեն: Ուստի մտավախություն ունեմ, թե հարկային վարչարարությունը խստացնելու մասին Նախագահի հանձնարարականը դարձյալ ու դարձյալ շրջանցելու է բարձր հովանավորչությունից օգտվող խոշոր գործարարներին և ծանրանալու է միջին ու մանր բիզնեսով զբաղվողների ուսերին: Այդպիսի բան չի կարելի թույլ տալ երկու պատճառով: Նախ, դա կհանգեցնի նոր-նոր ձևավորվող միջին խավի քայքայմանը, հետևաբար նաև բնակչության հետագա աղքատացմանը: Երկրորդ` արդարացի չի լինի, որ մեծ եկամուտներ ունեցողների փոխարեն պետական բյուջեն լցվի փոքր եկամուտ ունեցողների գրպանից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մեզանում բնակչության 5 տոկոսից պակասը կազմող մեծահարուստների ձեռքում կենտրոնացված է ազգային հարստությունների 65 տոկոսից ավելին: Մնացած 95 տոկոսին, փաստորեն, բաժին է ընկնում ազգային հարստությունների մեկ երրորդը: Սա ինքնին բնակչության ծայրահեղ բևեռացման և սոցիալական անարդարության արտահայտություն է: Սակայն էլ` ավելի մեծ անարդարություն է, երբ երկրի 95 տոկոս աղքատների ուսերին է ծանրանում պետության հազար ու մի կարիքները հոգալու բեռը, իսկ 5 տոկոս մեծահարուստները, իրենց հովանավորների օգնությամբ, ազատվում են կամ զգալի չափով ազատվում են այդ բեռից: Ինչու՞ եմ շեշտում հենց մեծահարուստներին: Որովհետև պարզից էլ պարզ է, որ բարձրաստիճան հովանավորների բարեհաճությունը գնել և դրա դիմաց հարկերից խուսափել կարող են միայն մեծահարուստները: Ծանոթանանք Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակին, որ պարբերաբար հրապարակվում է, և դժվար չի լինի նկատել, թե ողջ հասարակությանը քաջ հայտնի մեծահարուստներից ովքե՞ր այդ ցուցակի ո՞ր տեղում են գտնվում: Որոշ հղփացածներ ամենավերջերում են, ոմանք այդ ցուցակում նույնիսկ չկան: Ինչպիսի¯ ամոթ: Ահա արդեն 17 տարվա պետություն ենք, բայց չեմ հիշում թեկուզև մեկ դեպք, երբ պետական որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեզանում աշխատանքից հեռացված և պատասխանատվության կանչված լինի` հենց հովանավորչություն ցուցաբերելու համար: Մինչդեռ մեկի ականջները եթե քաշած լինեին` մյուսներին դաս կդառնար և նրանք ժանգի պես չէին խանգարի մեր պետական մեխանիզմի բոլոր պտուտակների բնականոն գործունեությանը: Նկատի առնելով, որ առկա խնդիրներին լուծում տալու համար Նախագահի հանձնարարությամբ արդեն իսկ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` Վահրամ Բարսեղյանի գլխավորությամբ, հարկ եմ համարում շեշտել` այժմ ամենագլխավորն այն է, որ այդ հանձնաժողովը մեռելածին չլինի, որ այս կամ այն խախտումների վերաբերյալ այս կամ այն անբարեխիղճ հարկատուին մեղմ պատժելու կամ նրա արարքի առաջ աչք փակելու առթիվ ամեն կարգի միջնորդությունների, հեռախոսազանգերի կամ խնդրանքների մասին գրավոր զեկուցի անձամբ երկրի առաջին դեմքերին` Նախագահին ու Վարչապետին: Եթե պետությունը, ի դեմս Նախագահի ու Վարչապետի, կանգնի հիշյալ հանձնաժողովի թիկունքին, այս կամ այն անբարեխիղճ հարկատուի օգտին սրա կամ նրա հովանավորչական հեռախոսազանգերի կամ այլ միջնորդությունների մասին զեկույցների հիման վրա նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնատարները աշխատանքից հեռացվեն ու պատժվեն, և այդ մասին հայտարարվի ի լուր ժողովրդի, ապա ամեն կարգի հովանավորչական միջնորդությունների թիվը կտրուկ կերպով կպակասի, և ստվերային տնտեսության ծավալներն էլ էականորեն կնվազեն: