«Ինձ համար քաղաքական թեկնածուները բաժանվում են երկու խմբի. Սերժ Սարգսյանը և մնացածը»
«ՀՀԿ-ի հավասարակշռված ռազմավարության շնորհիվ ցանկացած ծրագրավորած ցուցանիշ հաղթահարելի է»,- «Ավանգարդ»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ - Քաղաքական դաշտում ընթացող վերադասավորումների Ձեր մեկնաբանումը թերևս սկսենք խորհրդարանական ընդդիմության բնորոշմամբ: - Ընդդիմությունը, այդ թվում նաև խորհրդարանական, բազմիցս խոսել և խոսում է երկրում տիրող քրեածին իրավիճակի` այսպես ասած, կլանային համակարգի սերտաճման մասին: Այն փաստը, որ տեղի ունեցավ ՀՀ դատախազի թեկնածության քվեարկության արդյունքում` 118 կողմ, 3 դեմ և 4 անվավեր, նշանակում է, որ ընդդիմությունն ինքը կլանակրիմինալ համակարգի մաս է, դրա համար չի կարողացել դեմ գնալ այն համակարգին, որին ինքը մաս է կազմում: - Ձեր գնահատականը կարելի՞ է վերագրել նաև նախորդ խորհրդարանի ընդդիմությանը: - Իհարկե, ոչ: Նախորդ ԱԺ-ի ընդդիմությունը հսկայական քաղաքական կենսափորձ ունեցող ուժ էր` ի դեմս Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի, Պարույր Հայրիկյանի և այլոց, որոնց քաղաքական հմտությունները շատ կարևոր էին. որպես գործիչներ, նրանք կայացած և անելիք ունեցող քաղաքական դեմքեր էին: Այդ մարդիկ դեռ շատ պիտանի են երկրի համար: Կարծում եմ` հանուն ՀՀ-ի ապագայի, կարելի է օգտագործել նրանց ինտելեկտուալ և քաղաքական ներուժը, որքան էլ իշխանությունը համաձայն չլինի նրանց տեսակետներին: Արտասահմանի օրինակով կարելի է ստեղծել «ուղեղային կենտրոններ»: - Մինչ Նախագահի ընտրությունները ՀՀԿ մարտավարության մեջ արդյոք ենթադրվո՞ւմ է որևէ փոփոխություն: - Քաղաքականության մեջ անկանխատեսելի շրջադարձեր, անշուշտ, պատահում են: Ոչինչ չբացառելով, այնուամենայնիվ, ասեմ, որ անգամ անսպասելիության գործոնը հաշվի առնելով, Հայաստանն առանց ցնցումների կանցնի 2008-ի շեմը, և կլուծվի իշխանության ժառանգականության խնդիրը: Իսկ ժառանգականությունը չի նշանակում միայն իշխանության թիմի հաղթանակ, այլ հիմնական, ծրագրային ուղենիշների շարունակություն: Ինչպես հիշում եք, նախորդ իշխանափոխությունը չընթացավ ցնցումներով, անկախ նրանից, թե Նախագահի հրաժարականն ինչ պատճառներով էր պայմանավորված: Կարծում եմ` այդպես պետք է լինի, իշխանությունը Հայաստանում չպետք է անցնի ձեռքից ձեռք, այլ պետք է անցնի գլխից գլուխ, ինչպես եղել է մինչ հիմա: - Հաճախ թերահավատորեն եք արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին: Ինչո՞վ եք հիմնավորում այդ թերահավատությունը: - Ինչպես ասել եմ տարբեր առիթներով` Նախագահը եթե անգամ առաջադրվի, ապա վստահ եմ, որ հաղթելու որևէ շանս չունի: Անգամ, եթե նրա շուրջ համախմբվեն այն ուժերը, որոնք արդեն աշխատում են այդ ուղղությամբ, կարծում եմ` նրանց քաղաքական ռեսուրսները չեն բավարարի ոչ միայն երկրորդ, այլև չորրորդ տեղի համար մղվող պայքարում: Կարծում եմ` որպեսզի քաղաքական գործիչը հաջողության հասնի, պետք է իր քաղաքական պլատֆորմը և ամբիցիաները դրսևորի ճիշտ ժամանակին, այլապես արդիական լինելու խնդիրն այդ մարդիկ ի վիճակի չեն լուծել և մնում են փակ շղթայի մեջ: Առաջին նախագահի առաջադրման միակ շարժառիթը կարող է լինել այն, որ սեփական ուսերի վրա փորձի իշխանության բերել իր թիմակիցներին, ովքեր առանց իրեն բացարձակապես որևէ շանս չունեն քաղաքական համակարգ վերադառնալ, ուր մնաց թե` իշխանության: Ներկայիս ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանին չի տեսնում իր հռչակած միասնական թեկնածուի կերպի մեջ: Իսկ միայնակ գնալ ընտրությունների, այն էլ 10 տարվա բացակայությունից հետո և երկիմաստ քաղաքական կեցվածքով… Կարծում եմ` Լևոն Տեր-Պետրոսյանն իր ողջ ինտելեկտուալ ներուժում ունի պրագմատիզմի շատ արտահայտված դիմագիծ և այդ պարագայում իրեն թույլ չի տա որոշ մարդկանց ձեռքում դառնալ իրենց չբավարարված ամբիցիաների բավարարման միջոց: - Այսինքն կարելի՞ է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն ավելի շատ իր թիմի ցանկությունն է, քան թե` իր: - Առաջին նախագահի առաջադրման մասին այս պահի դրությամբ խոսում է իր թիմը: Այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում իրենց ազդեցության ոլորտում գտնվող մի քանի լրատվամիջոցներ և ակնհայտ է, որ իրականության հետ չի համապատասխանում ներկայացված հայտը: - Այս ընթացքում ակտիվացել են մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր Ձեր մատնանշած քաղաքական պլատֆորմն ու ամբիցիաները մշտապես կիրառել են, թեև այդպես էլ չեն հասել գերագույն նպատակին: - Այո, կան այդպիսիք, թե° Արամ Կարապետյանը, թե° Արթուր Բաղդասարյանը, գուցե նաև այն մարդիկ, ովքեր վստահաբար քաղաքական դաշտում ավելի ժամանակակից կլինեն հասարակության համար, որովհետև ի տարբերություն առաջին նախագահի, նրանք վերջին տարիներին դուրս չեն մնացել քաղաքականության հորձանուտից: Այդ տեսանկյունից շատ բնութագրական է Վազգեն Մանուկյանի մասնակցությունը Նախագահի ընտրություններին: - Այդ ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող մասնակիցները կարծես հույս են տածում 2-րդ փուլում պարտվել Սերժ Սարգսյանից: Որպես քաղաքական դաշտը լավագույնս ճանաչող անհատ, ինչպե՞ս եք մեկնաբանում այս հոգեբանությունը: - Կարծում եմ` 2-րդ փուլի խնդիր չի լինելու, և շատ ու շատ գործիչների այդ երազանքը չի իրականացվելու: Սերժ Սարգսյանն իր հաղթանակով կկարևորի ժողովրդի ընտրությունը: Հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակով լեգիտիմ այս ընտրությունները հիմնաքար կդառնան` իրավական պետության կերտման ճանապարհին: - Մի առիթով ասել եք, թե որքան շուտ է բացահայտվում թեկնածուն, այնքան ավելի խոցելի է դառնում: Ուրեմն Սերժ Սարգսյանը նույնպե՞ս խոցելի է: - Ինքներդ էլ տեսնում եք, որ ՀՀԿ նախորդ համագումարից հետո, երբ Սերժ Սարգսյանը դարձավ կուսակցության խորհրդի նախագահ, ընդդիմության կողմից սկսվեց անհարկի և անպատեհ մեղադրանքների, խոսակցությունների «շքերթ»: Նաև տեղյակ եք, թե լրատվամիջոցների կողմից էլ ինչպիսի հարձակումների է ենթարկվում ՀՀԿ ղեկավարը: Բայց հայտնի է կենսաբանությունից, որ թունավոր են լինում փոքր էակները, և, այսուհանդերձ, մենք հետևողականորեն շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել, իսկ ցանկացած նոր մեղադրանք ստանում է համարժեք պատասխան: Այնպես որ, իրականությանը չհամապատասխանող որևէ հայտարարություն չի կարող հետք թողնել: - Ռուսաստանում կառավարության փոփոխությունը որքանո՞վ կազդի Հայաստանի արտաքին և ներքին զարգացումների վրա: - Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց ավանդական բնութագրիչներից զատ մի շատ կարևոր առանձնահատկություն ունեն, դա միմյանց ներքին գործերին չմիջամտելու խնդիրն է: Հայաստանի կառավարությունը աշխատել և այսուհետ էլ կհամագործակցի ռուսական ցանկացած կառավարության հետ: Թե Հայաստանում և թե Ռուսաստանում նախապատրաստվում են Նախագահի ընտրություններին: Ռուսաստանում տեխնոկրատական կառավարության լուծարմամբ եկած քաղաքական կառավարությունը Նախագահի ընտրություն ների նախաշեմին կփորձի ապահովել իշխանությունների վերարտադրությունը: - Առհասարակ բարձրաստիճան պաշտոնյայի, այս դեպքում վարչապետ Սերժ Սարգսյանի անձնական կապերը դերակատարում կարո՞ղ են ունենալ միջպետական հարաբերությունների հետագա զարգացումների վրա: - Ես տեղյակ չեմ Սերժ Սարգսյանի անձնական կապերի մասին: Թեև պետք է ասեմ, որ միջպետական հարաբերություններում անձնական գործոնը շատ մեծ նշանակություն ունի: Առավել ևս մեծ քաղաքականության մեջ: Անգամ, եթե Սերժ Սարգսյանը անձնական կապեր չունի վարչակազմի, կառավարության հետ, ապա մարդկային բնութագրիչներով, նաև քաղաքական հայացքներով ցանկացած հարաբերություններում կարող է ստեղծել երկուստեք աշխատանքային արդյունավետ համագործակցություն: -Իսկ առհասարակ ՀՀԿ-ն իրեն հասցեագրվող քննադատության մեջ նկատո՞ւմ է առողջ սաղմի հատիկներ, որոնք կարող է հաշվի առնել: - Այդ մասին կուսակցության և կառավարության ղեկավարն ԱԺ-ում հայտարարեց, որ բացի ինքնաքննադատությունից, Կառավարությունն ու իշխանությունը անաչառ կարծիքների և գնահատականների կարիք ունեն: Ցավոք, ներքին հասարակական, քաղաքական, տնտեսական վերնախավից, ընդդիմության դաշտից նման անաչառ գնահատականները քիչ են հնչում: Էքսպերտիզայի դերակատարությունն ավելի շատ կատարում են, այսպես ասած, համապատասխան միջազգային կազմակերպությունները: - Աժ ընտրություններից մինչև Նախագահի ընտրությունները ընկած ժամանակահատվածը ՀՀԿ-ն ո՞ր խնդիրներն է առավել կարևորում: - ՀՀԿ-ն հետևողական է իր ծրագրային խնդիրների իրականացման մեջ, և տարիների ընթացքում լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի, այսօր արդեն Սերժ Սարգսյանի կառավարությունը որպես Հանրապետական առանցք ունեցող կառավարություն, կատարում է երկրի զարգացման համար անհետաձգելի բոլոր աշխատանքները: Դրանք նախ և առաջ տնտեսական բարեփոխումների շարունակությունն են, երկրի անվտանգության ամրապնդումը և սոցիալական- հասարակական ոլորտի բարեփոխումները, ինչի ականատեսը մենք լինում ենք: Տարերային և կտրուկ փոփոխություններ Հանրապետականը երբեք չի անում: Մենք նայում ենք մի քանի քայլ առաջ, և ցանկացած ծրագրավորված ցուցանիշ մեզ համար հաղթահարելի է, որովհետև մոտեցումները հավասարակշռված են: Եվ այն, ինչ կատարվում է մի շարք ոլորտներում, շարունակվելու է: Իհարկե, քաղաքական տեսակետից կարևորը երկրում համապատասխան մթնոլորտի, այն է` Նախագահի ընտրության ժամանակ, համերաշխության և լեգիտիմության պահպանումն է, որովհետև իշխանության պատասխանատուն մենք ենք և ինքներս ենք շահագրգռված, որ երկիրը միջազգային ատյաններում խնդիրներ չունենա: Խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած հաջողությունները նախագահականում պետք է ամրապնդվեն: - ՀՀԿ օրակարգային խնդիրների շարքում ակնհայտ է սերնդափոխության գործընթացը: - Ուրախ եմ, որ նաև երիտասարդներ են ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել` ԱԺ պատգամավորներ` Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը: Սա է առողջ սերնդափոխությունը: Այլապես, անձակենտրոն կուսակցությունների պարագայում քաղաքական տվյալ ուժն ուղղակի դատապարտված է ինքնաոչնչացման: ՀՀԿ-ն 17 տարիների ընթացքում ապացուցել է, որ անկախ կորուստների ծանրությունից, ցավից, իր շարքերից միշտ կարող է գտնել այն խարիզմատիկ լիդերներին, ովքեր իրենց ետևից տարել են ոչ միայն կուսակցությանը, այլև ստանձնել են պետական նշանակության խնդիրների լուծման պատասխանատվությունը և միշտ էլ փառքով են կրել Հանրապետականի կոչումը` Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը…