Զորավարժություններ ԼՂՀ Պաշտպանության Բանակում
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ներկա գտնվեց Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 5-15-ը անցկացվող ԼՂՀ պաշտպանության բանակի միավորումներից մեկի պլանային վարժանքին: Հրամանատարաշտաբային զորավարժությունների մարտական հրաձգության փուլին ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ: Միքայել Հարությունյանը վարժանքների ավարտին հայտարարեց, որ երկու խնդիրներին էլ, որ ունի յուրաքանչյուր զորավարժություն` ուսումնական և փորձնական, հաջողվել է հասնել: «Մենք զորավարժության արդյունավետ և մարտականին մոտեցված պայմանների ականատեսը եղանք, որտեղ ողջ կազմով մասնակցեց Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամիավորումներից մեկը` ուժեղացված ավիացիայով և այլ միջոցներով» ,- ասաց նա: Նախարարի խոսքերով` զորավարժության թեման զորամիավորումը լիակատար մարտական պատրաստվածության բերելն է, պաշտպանական և հարձակողական մարտեր վարելը: «Զորավարժության ընթացքում ստեղծվեց ժամանակակից մարտին հատուկ բարդ իրավիճակ, որտեղ իրենց տեղը գտան հրամանատարներից ինքնուրույն և համարձակ որոշում ներ պահանջող արդարացված ռիսկի տարրեր: Զորավարժությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Պաշտպանության Բանակը պատրաստ է կատարել Արցախի պաշտպանության ուղղությամբ իր առջև դրված խնդիրները:» ,-ընգծեց ՀՀ պաշտպանության նախարարը: Նա նշեց նաև, որ սեպտեմբերի 5-15-ը անցկացված 10-օրյա զորավարժության ընթացքում, չնայած, որ մասնակցում էին հազարավոր զինծառայողներ և ռազմական տեխնիկայի հարյուրավոր միավորներ, չի գրանցվել ոչ մի դժբախտ պատահար, ինչը վկայում է հրամկազմի կողմից զորավարժության լավ կազմակերպման մասին: