Գովազդին տուրիզմ է պետք, տուրիզմին` գովազդ
Որ երկրի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցությունը մեծ է, անվիճելի է: Այլ խնդիր, որ առայժմ բարդ է այդ ազդեցության չափերը հաշվարկելը: Ամեն մի ծառայություն, սկսած օդանավակայանից, զբոսաշրջիկին քաղաք տեղափոխող տաքսի ծառայությունից, համարվում է զբոսաշրջիկին մատուցվող ծառայություն, սակայն նման ծառայությունները հաշվարկելու մեխանիզմներ չկան: Տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը փորձել է միջազգային մեթոդաբանությամբ նման մոտավոր հաշվարկ կատարել: Ըստ այդմ, մեր ՀՆԱ-ում զբոսաշրջությունից ստացված եկամուտը 4,5-5,5 տոկոսի սահմաններում է: Դարձյալ կոշտ հաշվարկներով մեկ զբոսաշրջիկի շաբաթական միջին ծախսը կազմում է 1400 դոլար: Զբոսաշրջության ոլորտը երկրի տնտեսության զարգացման համար նպաստաբեր դարձնելուն ուղղված ծրագրերը իրականություն դառնալու նշաններ են ցույց տալիս: Փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայացմամբ տարվա այս առաջին կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ է գրանցվել` 36 տոկոս: Նշված ժամանակամիջոցում զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան է ժամանել 181 հազար մարդ: Մինչև տարեվերջ զբոսաշրջիկների թիվը կհասնի 480 հազարի: Այդպիսի վստահության համար իրատեսական հիմք է աճի միտումը և զբոսաշրջության զարգացման կայունության տեմպերի պահպանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որ օրերս հաստատել է կառավարությունը: Զբոսաշրջության զարգացման համար խիստ կարևոր է սպասարկման որակը: Հյուրանոցի կենցաղային պայմաններից, մատուցվող ծառայությունների (ներառյալ սպասարկող անձնակազմի վերաբերմունքը) որակից դժգոհ զբոսաշրջիկը հաջորդ անգամ չի ցանկանա և չի որոշի Հայաստան գալ: Այս հարցում մենք անցնելիք ճանապարհ ունենք: Ունենք վարվեցողության ամենատարրական վարքականոնները սովորելու խնդիր: Ավելին, մենք դեռ ժպտա¯լ չգիտենք, չգիտենք բարեկիրթ ու քաղաքավարի բարևել ու հարց ուղղել: Փոխնախարարը մի փոքր ավելի լավատես է, ասում է` ժպիտն ու բարեկիրթ խոսքը մեկ-երկու հյուրանոց արդեն «մուտք են գործել»: Ի՞նչ արած, շարունակելու ենք աշխատել վերաբերվել սովորեցնել: Պարզվում է, Երևանում հայ-հունական ուսումնական հաստատություն է գործում, որտեղ մերոնք հենց դա էլ սովորում են` սպասարկման կուլտուրա: Իսկ ինչո՞ւ հենց հույներից: «Նրանք հյուրանոցային սպասարկման մեծ փորձ ունեն»,- հիմնավորում է փոխնախարարը: Առայժմ ունենք այն, ինչ ունենք: Ինչպես ասում է Ա. Պետրոսյանը, եթե այսօր չենք կարող ասել` լավ է, գոնե կարող ենք ասել` ավելի լավ է, քան երեկ: