ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
(Սկիզբ` «Ավանգարդի» թիվ 34-ում) - Ի՞նչ ես ուզում դրանով ասել,-լսվեց մոր ձայնը: - Այն, որ չնայած իմ բոլոր ջանքերին, ուսմանը, որ ստացավ քաղաքակիրթ Եվրոպայում, այս ամենին, ինչով շրջապատել ենք նրան, Լենան դարձավ բռի ասիացի` իր հոր նման, նրա մեջ գլուխ բարձրացրեց այդ..., այդ կեղտոտ հայկական արյունը, ու¯հ, ինչպես եմ ատում դրանց, կեղտոտ մանրավաճառների ցեղ, որ ո°չ խիղճ ունեն, ո°չ պատիվ: Տառականների նման տարածվել են ողջ աշխարհում ու ապականում են ամեն ինչ… - Իգո°ր,-լսվեց զսպված զայրույթով լեցուն մոր ձայնը: - Ի՞նչ Իգոր, ես արդեն հիսուն տարի է Իգոր եմ, ա¯խ, ոնց կհասցնեի դրա մռութին, կեղտոտ հայ...չեմ հասկանում, թե ինչպե՞ս ես կարողացել պառկել էդ վիժվածքի հետ, որը երեխա է սարքել ու բախտի քմահաճույքին թողել քեզ… Լսվեց շառաչուն ապտակի ձայն, դրան հաջորդեց մոր ճիչը. - Սրիկա°, դու ցանկանում էիր նրան վիրավորել, բայց վիրավորեցիր ինձ, դու երևում է, ամեն ինչ մոռացե՞լ ես, դե ինչ, ես քեզ կհիշեցնեմ: Ոչ թե նա է լքել ինձ, այլ ես եմ լքել նրան` տեղի տալով քո թախանձանքներին, մոռացե՞լ ես, թե ինչպես էիր ոտքերս ընկած աղերսում, որ չհայտնեմ նրան երեխայի մասին, երդվում էիր երեխային ընդունել հարազատի նման, այսպե՞ս ես խոստումդ կատարում, թե՞ մոռացել ես, որ այն տարիներին, երբ հանդիպեցինք, այդ դու էիր մանր սպեկուլյանտ, իսկ նա գիտնական էր, մոռացե՞լ ես, թե ինչքան եմ քեզ օգնել, կարծում ես` առանց ինձ, առանց իմ օգնության կկարողանայի՞ր այս ամենին հասնել… Լենան հետ քաշվեց, երերուն քայլերով քաշվեց իր հարկաբաժինը, բարից հանեց վիսկու շիշը, մոտեցավ զարդասեղանին, նստեց, շիշը բացեց, հետո բաժակ վերցրեց, պռնկեպռունկ լցրեց այն ու մի ումպով դատարկեց: Թունդ հեղուկը այրեց կոկորդը, բայց սպասված հանգստությունը չբերեց: Զարդասեղանի դարակից սիգարետի տուփը հանելով` մի սիգարետ կպցրեց ու նայեց հայելու մեջ իր արտացոլանքին. - Այսպե¯ս..,-շրթունքները կծոտելով արտաբերեց նա: Հետո բաժակը էլի վիսկիով լցրեց, մի կում արեց ու, հայացքը չկտրելով իր արտացոլանքից, շարունակեց. - Ահա° թե որտեղից քեզ սև աչքերը, որով բոլորն այդպես հիանում են… Բջջայինի զանգի ձայնը այնքան անսպասելի հնչեց, որ Լենան ցնցվեց: Ջղային շարժումով հեռախոսը վերցնելով, առանց նայելու զանգողի համարը, ասաց. - Ալո°... - Լենա°, որտե՞ղ ես… - Իմ սենյակում, մայրի°կ… - Ե°կ, խնդրում եմ, ինձ մոտ… - Կներես մայրիկ, գլուխս սոսկալի ցավում է, հետո կզրուցենք, լա՞վ, հիմա բոլորովին խոսելու տրամադրություն չունեմ… - Լավ, ես հիմա կգամ…,-հեռախոսը անջատվեց: Բջջայինը զարդասեղանին դնելով, մի կում էլ անելով, Լենան ասաց. - Ուրեմն իմ երակներում կեղտոտ հայկական արյուն է հոսում: Դե ինչ, մայրիկ, հիմա ստիպված… Սենյակի դուռը բացվեց, ու թափով սենյակ մտավ մայրը: Այտերը զայրույթից շիկնած էին, աչքերում բոցկլտում էին բարկության կայծերը. - Ելե°նա,-խիստ տոնով սկսեց մայրը,- նոր հայրդ էր մոտս, նրան Անդրեյն էր զանգահարել, դու այդ ի՞նչ ես անում, դու արածներիդ հետևանքների մասին չե՞ս մտածում, դու ցանկանում ես ձախողե՞լ ձեր ամուսնությունը: - Մայրի°կ, ես դրա մասին հիմա չեմ ուզում խոսել, ավելի լավ է ինձ ասա… - Ո°չ, այդ մասին հիմա կխոսենք, պատասխանի°ր ինձ, դու հասկանու՞մ ես` ինչ ես անում: - Մայրի°կ, ես ոչինչ էլ չեմ արել, ոչ թե ես, այլ Անդրեյն է ձախողում մեր ամուսնությունը` ամեն շրջազգեստի հետևից ընկնելով: Ես ընդամենը… - Դու դա անվանում ես ոչինչ չանե՞լ, դու աշխատանքային ժամին ներխուժել ես նրա գրասենյակ, աղմուկ բարձրացրել, կոպտել քարտուղարուհիներին… - Ավելի ճիշտ է ասել լրբերին, որոնց հետ Անդրեյը դավաճանում է ինձ աջ ու ձախ… - Այ հենց դա, դու նրան գոնե մի անգամ բռնացրե՞լ ես ինչ-որ մեկի հետ … - Ինձ այդ մասին հայտնել են… - Նրան հայտնել են, ասացեք խնդրեմ, ո՞վ, եթե գաղտնիք չէ: - Գաղտնիք է… - Այ ապրես, շրջապատել ես նրան քո լրտեսներով, հոտոտում ես, բամբասանքներին հագուրդ տալիս… - Մայրի°կ…,-բողոքեց Լենան: - Էլ ոչ մի մայրիկ,- ձայնը բարձրացրեց մայրը,- Լենա°, դու արդեն վաղուց փոքր աղջիկ չես, այլ հասուն կին և ժամանակն է հասկանաս, որ տղամարդուն այդպես հնարավոր չէ կողքդ պահել, տղամարդուն կորցնելու ամենակարճ ճանապարհը հենց այն է, ինչ դու ես անում: Լենան ըմբոստ մի շարժում արեց, ցանկանալով հակաճառել, բայց մայրը կանխեց նրան. - Սպասի°ր, մի° ընդհատիր: Լենա°, աղջի°կս, հասկացի°ր վերջապես, Անդրեյը մեր երկրի ամենաբաղձալի փեսացուն է, նրա ընտանիքը ամենահարուստներից է, նրանք առաջատար են թե° բիզնեսում, թե° քաղաքականության մեջ: Մի տասը տարի հետո նա շատ հանգիստ կարող է դառնալ մեր երկրի նախագահը: Այդպիսի փեսացուին իրենց ճանկը գցելու համար կաշվից դուրս էին գալիս հազարավոր հարսնացուներ: Եվ այդ բոլորի մեջ Անդրեյը ընտրեց հենց քեզ, և դու կարծում էիր` դա քեզ կներե՞ն: (Շարունակելի)