ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ


Չնայած արդեն սեպտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է սկսվում, այդուհանդերձ, քաղաքական կյանքը դեռևս առանձնակի աշխուժության նշաններ ցույց չի տալիս: Ուստիև դժվար չէ կռահել, որ հնչած հավաստիացումների մեծ մասն ուղղակի մեռելածին են: Ավելին, չնայած համապատասխան շրջանակների հետևողական «սպառնալիքներին»` նույն «հաջողությամբ» օդից կախված է շարունակում մնալ նաև առաջին Նախագահի առաջադրման հարցը: Իսկ հանրապետության այս կամ այն քաղաքում չափազանց նեղ շրջանակների հետ նախկինների հանդիպումների մասին հաղորդումներն արդեն իսկ ձանձրալի են դարձել… Փոխվում է միայն հանդիպման հասցեն: Առաջին նախագահն ամենևին էլ նախանձելի վիճակում չէ, և Լևոն Տեր-Պետրոսյանի հապաղման պատճառներն ինչ-որ կերպ կարելի է հասկանալ: Վերջինիս անձի հանդեպ հասարակության ավանդական վերաբերմունքը չի փոխվել, իսկ նրանով տարվածների փոքրաքանակ բանակում առավելապես այնպիսի մարդիկ են հավաքված, որոնց սիրո հրապարակային ու թարմացված բռնկման ամենահաջող դրսևորումներն անգամ միայն ու միայն կհիմնավորեն նրան չընդունելու պատճառները: Իսկ նոր թիմ ձևավորելը մեկ-երկու շաբաթվա գործ չէ, մանավանդ, որ այդ դեպքում էլ սակավաթիվ, բայց վստահելի համախոհների աջակցությունից զրկվելու հեռանկարն է առաջին պլան մղվում: Վերջին շրջանում նոր որակումներ են հնչում քաղաքական դաշտի մասին` աղակալած, մամռակալած կամ, եթե կուզեք, ճահճացած… Սակայն տվյալ պարագայում համրընթաց զարգացումներին նոր շունչ հաղորդելու, թարմացնելու ու ակտիվացնելու տարբերակն անգամ չկա: Որքան էլ այս ուղղությամբ տարվող քարոզչությունը կոնկրետ ու նպատակային լինի, առաջին հերթին չպետք է անտեսել, որ Լ. Տ.-Պ.-ն ի վերջո երկրորդ անգամ է փորձելու նույն գետը մտնել: Առավել ևս, որ լռության տասնամյակը ոչ թե նոր քաղաքական մոտեցումների մշակմանն է ծառայել, այլ ինչ-որ թեմաներով գիտական ստեղծագործություններ աշխարհ բերելուն, որոնք քաղաքականության համար, բնականաբար, գրոշի արժեք էլ չունեն: Նման իրավիճակում ամենագերադասելին թերևս լռությունն է, որն այդպես էլ հավանաբար չի խախտվի: Բայց Լ. Տ.-Պ.-ի շրջապատի անոմալ պահվածքը, որից առաջին Նախագահը մեկ անգամ արդեն անդառնալիորեն տուժել է, ստիպում է նոր խոսք ավելացնել բազմիցս չարչրկված այս թեմային: Առավել ևս, երբ համապատասխան քարոզչական շրջանակների վերջին շաբաթների ամենասիրելի գործը նախկին և ներկա ժամանակների միջև համեմատականներ անցկացնելն է դարձել: Ցավոք, այդպես էլ չի նշվում, որ քաղդասերն ուղղված են միայն նրանց, ովքեր վերջին քսան տարիներին բացակայել են երկրից, ոչնչից տեղյակ չեն և գտնվելիս են եղել մոտավորապես Ռոբինզոն Կրուզոյի կարգավիճակում: Հավատացե°ք, միայն նման մարդկանց գտնելու դեպքում կարելի կլինի զուգահեռներ հորինել կամ տարբերություններ որոնել ներկա և նախորդ տասնամյակների մեր կյանքի լավ ու վատ կողմերի վերաբերյալ: Մի շատ հասարակ պատճառ այդ գործին խանգարում է. տարբերությունն այնքան է, որ համեմատելու ոչինչ էլ չկա: Փրկիչ ներկայանալու փորձված տարբերակը նույնպես չի կարող գործի դրվել, որովհետև այս դեպքում էլ անհրաժեշտություն է ծագելու առնվազն դիմակավորված ներկայանալ հանրությանը: Կարճ ասած, նախկինների գործերը դարձյալ լավ չեն, թեև համեմատվելու փորձերից, միևնույն է, վնաս չկա… Մեկ էլ տեսար հավատացողներ գտնվեցին: