Փոխվում է, փոխվում և ոչինչ չի փոխվում
Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Կարեն Գևորգյանն այս անգամ ավելի շատ ընդհանուր բովանդակության մտքեր արտահայտեց, քան կոնկրետ-իրավիճակային: «Չեմ կարծում, որ լիարժեք արդյունքի հասանք, բայց բավական հաղթահարվել է», «Աշխատում ենք, որ պայքարենք», «Ամենօրյա հսկողություն պետք է սահմանել», «Շուտ-շուտ շրջայցեր ենք կազմակերպում»: Խոսքը վերաբերում է ինչպես փողոցային առևտրին, այնպես էլ սպասարկումների ոլորտին: Վերոնշյալ արտահայտությունները եթե որևէ իմաստ էլ պարունակում են, ապա դա մոտավորապես այն է, թե անում ենք այնքան, որքան ստացվում է: Թե որքան է ստացվում, և ինչպիսին է իրական պատկերը, մենք տեսնում ենք ամեն քայլափոխի: Իսկ տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք: Քաբաբը, խորովածն ու շաուրման իրենց հոտով «բուրում են» փողոցներում, լցնովի պաղպաղակը աջուձախ վաճառվում է կասկածելի որակով, հացն այդպես էլ փոշեխառն արկղերի վրայից է գնորդին մատուցվում… Մի խոսքով, փողոցային առևտուրը շարունակում է մնալ փողոցների, թվում է, անփոխարինելի բաղադրիչը: Եվ այսպես, փոխվում է, փոխվում, ավելի ճիշտ` գոչյուններ են հնչում, թե փոխվում է, բայց… ոչինչ չի փոխվում: Ոչ էլ մենք ենք փոխվում` գնորդներս: Աֆրիկյան ժանտախտը անգամ մեզ չի վախեցնում, միս ու մսամթերքը վաճառքում չեն պակասել: Մինչդեռ հարկ էր, որ գոնե փողոցային առևտրից մի փոքր ավելի զգուշավոր լինեինք: