Կեսգիշերից անց զվարճանա՞լ, թե՞ չզվարճանալ
Գիշերային ակումբների, սրճարանների, այլ օբյեկտների գործունեության թույլտվության ժամկետները թարմացնելու ժամանակն է: Ով թարմացրել է, ով` ոչ: Ով կթարմացնի, ով` ոչ: Վերջին մասին` «ոչ»-ին պատկանողները, այսինքն` կարգը խախտողները, թերևս, ավելի շատ են: Բազմաբնակարան շենքերում կեսգիշերից անց նշված օբյեկտների գործունեությունն արգելված էր: Քաղաքապետարանը պատրաստվում է դրան կրկին անդրադառնալ` սկսելով օղակի առաջին շղթայից` Տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունից, որի միջոցով էլ հարցը կհասցվի կառավարություն` գիշերային զվարճանքի օբյեկտների գործունեությունը բազմաբնակարան շենքերում արգելելու կարգը կրկին ներառելու խնդրանքով: Իսկ մինչ այդ, այդ շենքերի բնակիչները թող պատրաստ լինեն` զրկվելու գիշերային անդորրից և մտածեն քնաբեր դեղամիջոցներ ձեռք բերելու մասին: Չմոռանանք, որ մենք ոչ միայն երաժշտասեր ժողովուրդ ենք, այլև սիրում ենք լսել միայն վերջին նոտային հասցված, ամենաբարձր երաժշտություն: Այ, էս նոր կարգը որ հաստատվի, քաղաքապետարանը բոլորին կարգի է հրավիրելու: Կարեն Գևորգյանն է այսպես ասողը: «Օմեգայի՞ն էլ»,- հարցնում է լրագրողը: «Օմեգա» չէ, ով ուզում է լինի»,- պատասխանում է նա: Իսկ «Փարվանայի» հախից գալ ստացվո՞ւմ է» հարցը տողերիս հեղինակինն է: Նկատի ունեմ, որ «Փարվանայում» երբեք չհաջողվեց երաժշտությունը կարգավորել: Կարեն Գևորգյանն, ի պատասխան հարցի, ծիծաղում է: Չի ժպտում, է¯, ծիծաղում: Ինքը մեր ակնարկը հասկացավ, մենք` իրենը: Այսքանից հետո դե արի ու հավատա բոլորին կարգի հրավիրելու նրա հավաստիացումներին: