ՎԱՅ ՄԵԶ Ահա այսպիսի բժիշկ և գլխավոր մասնագետ
Լավ բժիշկ, հեղինակություն վայելող, վստահություն ներշնչող մասնագետ փնտրելը, երբ դա անհրաժեշտ է, յուրաքանչյուրի բնական ցանկությունն է ու նաև` իրավունքը: Ռուսաստանից հյուր եկած մանուկն առողջական խնդիր ուներ, և մայրը խնդրեց օգնել` լավ մասնագետ գտնելու: Որոշեցինք խորհուրդ հարցնել քաղաքապետարանի առողջապահության վարչությունից: Վարչության մանկական բաժնի մասնագետի պատասխանն ավելին էր, քան անկեղծ ասած, սպասում էինք: Էլեոնորա Մնացականյանը մեզ լսեց ամենայն համբերատարությամբ և պատրաստակամությամբ խորհուրդ տվեց դիմել քաղաքի գլխավոր մանկական էնդոկրինոլոգին` միաժամանակ չմոռանալով տեղեկացնել մեր իրավունքների և դիմելու կարգի մասին: Ու թեև բժշկի ծառայությունից օգտվելու էինք այս կարգից դուրս, քանի որ երեխան Հայաստանի քաղաքացի չէր, և ծնողն էլ պատրաստ էր վճարել: Ահա այստեղ էլ ավարտվում է մեր ասելիքի հաճելի մասը: Ի՞նչ իմանար վատառողջ երեխայի մայրը, որ գոհունակությունն ու ոգևորությունը շատ շուտով պիտի փոխվեին վիրավորանքի և հիասթափության: Գլխավոր մասնագետ կոչվածը հենց հեռախոսազրույցի սկզբից ևեթ մեջտեղ բերեց վճարի հարցը: Սակայն բավական անմեղ մի բան էր այն` ընդունելության և վերաբերմունքի համեմատ, որ սպասվում էր մեզ: Պայմանավորված օրը, պայմանավորված ժամին բաժանմունքում էինք: Պարզվեց` մենք չունեինք իրավունք` բաժանմունքի միջանցքում սպասել: «Դրսում սպասեք»,- կարգադրեց քարտուղարուհին: Մենք չէինք պատրաստվում կատարել նրա պահանջը մի շարք շատ պարզ պատճառներով, որոնք զարմանալիորեն պարզ չէին իրենց: Նախ` մենք ոչնչի և ոչ մեկին չէինք խանգարում: Երկրորդ ` մենք գնացել էինք բաժանմունք և ոչ թե հիվանդանոցի միջանցք: Եվ երրորդ` էլ ո՞ւմ, եթե ոչ բժշկին պիտի հասկանալի լինի, որ երեխայի հետ, հազարումի գնացող-եկողի աչքի առջև ու ոտքի տակ սպասել չի կամենա և ոչ մի ծնող: Ի վերջո ծնողի համար կարող է ցանկալի չլինել, որ ծանոթ-անծանոթին հայտնի դառնա, թե իր երեխան առողջական խնդիր ունի: Մենք ուրախ կլինեինք, եթե մեզ միջանցք քշելու միտքը ընդամենը քարտուղարուհու սևեռումը լիներ: Դա թերևս կլիներ չարյաց փոքրագույնը: Ցնցվելու առիթը դեռ առջևում էր: Ուրիշ կերպ չես կոչի այն հոգեվիճակը, որի մեջ հայտնվեցինք: Կաբինետից դուրս եկավ նա ինքը` գլխավոր մանկական էնդոկրինոլոգը, ոտքից գլուխ չափեց մեզ` «արժանացնելով» առնվազն արհամարհական հայացքի և էլ ավելի խիստ ու անհարգալից տոնով նետեց. «Միջանցքում սպասեք»: Անհասկանալի, անբացատրելի, անընդունելի վերաբերմունք, որից շփոթահար` առաջին պահ չիմացանք մեր անելիքը: Ի՞նչ էր մեզ մնում անել: Իհարկե, հեռանալ: Այսպիսի բիրտ պահվածքով տիկնոջը կվստահե՞ս երեխայիդ առողջությունը: Ինչպե՞ս վստահեինք թեկուզ գլխավոր մասնագետի տիտղոսը կրող բժիշկ կոչեցյալին, ով հիվանդ էր ընդունում առանց խալաթի, այսինքն ուղղակի այն հագուստով, որով նա փողոց է դուրս գալիս, գուցե նաև` խոհանոց մտնում… Ով ընդունակ է հոխորտալ այցելուների վրա և այսպես նվաստացնել նրանց: Առարկություն չի կարող լինել մեր այն համոզմանը, թե այս ամենն իրեն թույլ տվող բժշկի մասնագիտական կարողությունները (որոնց կասկածելու տեղ նույնպես ունենք. մենք նաև գիտենք, թե ովքեր և ինչպես են դառնում գլխավոր մասնագետ) առ ոչինչ են: Չենք կարծում, որ այս դեպքը մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Էլմիրա Փաշինյանի պրակտիկայում առաջինն է ու միակը: Ուրեմն, ի՞նչ են մտածում առողջապահության ոլորտի պատասխանատուները` նման գլխավորներից մեզ ազատելու և նրանց պատանդը չդարձնելու մասին: Պե°տք է, որ մտածեն: