Հայաստանը շարունակաբար վարկավորվում է
Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ռոլֆ Բալդուսի կողմից վերջերս վավերացված պայմանագրի համաձայն գերմանական կողմն արտոնյալ պայմաններով Հայաստանին կհատկացնի 79,5 մլն եվրո, որից 74 մլն եվրոն տրվելու է ֆինանսական, իսկ 5,5 մլն եվրոն` տեխնիկական համագործակցության ծրագրերի համար: Ֆինանսավորումը նպատակաուղղված է բնակարանային կայուն շուկայի զարգացման, «Որոտան» հիդրոէլեկտրակայանների կասկադի վերանորոգման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, Գյումրիում երկրորդ ենթակայանի վերականգնման և այլ խնդիրների լուծմանը: Ի դեպ, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի կառուցման համար տրամադրվելու է 20 մլն 400 հազար եվրո: Բայց չէ՞ որ Վրաստանը դադարել է էլեկտրաէ ներգիա ստանալ Հայաստանից: Այս տարակուսելի հարցը փորձում է պարզաբանել Ռոլֆ Բալդուսը: - Այս հատկացումը «Հարավային Կովկաս. նախաձեռնություն» ծրագրի շրջանակում է, որը 2001 թվականին նախարար Ցոյլը հայտարարեց: Հայաստանի կառավարությունն առաջինն էր, որ պաշտպանեց այս նախաձեռնությունը: Եվ էներգետիկ ոլորտի ողջ ծրագիրն, ըստ էության, ներկայացված է եղել Հայաստանի կողմից` ընդգրկելով նաև Վրաստանը: Ադրբեջանն ավելի պասիվ է մասնակցում այս նախաձեռնությանը: Բացի այդ, Հայաստանի ստանալիք 20 մլն եվրոյի շրջանակներում նաև Վրաստանն իր մասով շարունակելու է այս ծրագրի իրականացումը: Սա միայն առքուվաճառքի համար չէ, այլ նաև` ընդհանուր էլեկտրացանցի, այդ թվում Թուրքիա, Ռուսաստան և այլ ցանցերի վերանորոգման խնդիրների լուծման: Մեզ համար կարևորագույն խնդիր է էլեկտրաէներգիայի անվտանգությունը: Սա ԳԴՀ ռազմավարական ծրագրից է բխում` ուժեղացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու հնարավորությունները: Պարզվում է` 1993-ից սկսած, ԳԴՀ-ն Հայաստանին պարբերաբար տրամադրել է շուրջ 200 մլն եվրո: Ռոլֆ Բալդուսի հավաստմամբ, ԳԴՀ-ի կողմից հատկացված օգնության շրջանակներում մեր երկիրը այն քիչ երջանիկներից է, որտեղ մեկ շնչին տրամադրված օգնությունն ամենաբարձրն է: Այս խոշորագույն հատկացումները տրամադրվել են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման-ջրահեռացման, առողջապահության, բնապահպանության ոլորտներին, ինչպես նաև «Ուսումնասիրությունների մասնագետների հիմնադրամին»: Վերոհիշյալ ոլորտներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 150 մլն եվրո, իսկ միայն 50 մլն եվրոն հատկացվել է դրամաշնորհների տեսքով: Եվ սա դեռ միայն ԳԴՀ-ի կողմից: Եվ որքան էլ գերմանացի պաշտոնյան պնդի, թե մեր երկրում մեկ շնչին տրամադրված օգնությունն ամենաբարձրն է` շարքային հայաստանաբնակը դեռ չի հասցրել «շոշափել» այդ վարկավորման բարերար ազդեցությունը: Առավել ևս` առողջապահության ոլորտում, որի «բարձրակարգ» ծառայությունները շարունակում են լուրջ սպառնալիք մնալ թե° նրա գրպանին և թե° նյարդերին: Վերջում հավելենք, որ բանակցությունների ժամանակ գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց նաև 2009 թ. սկսել «Զարգացմանն ուղղված համայնքային կառավարում» նոր ծրագիրը: Հետո էլ դժգոհում ենք, թե միջազգային հանրության ուշադրությունից դուրս ենք մնացել: